25 տարի անց

ԵՐԿՐՈՐԴ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ
կամ
25 ՏԱՐԻ ԱՆՑ

Ծանր ու լարված ժամանակաշրջան: «Հոգեվարքի ու հույսի ջահեր» էին վառվում: Խորհրդային հզոր երկիրը ճաք էր տվել, և ուրվագծվում էր կործանման տխուր հեռանկարը: Խորհրդային ինտերնացիոնալ համակարգը ցնցվում էր ազգամիջյան սրված հարաբերությունների փոթորկից, պատմության սպիտակ էջերը գրվում էին արյամբ ու արցունքով: Արցախյան համաժողովրդական շարժում, ավերիչ ու աղետաբեր երկրաշարժ, պատերազմող երկրի գոյակռիվ: Ահա այսպիսին էր ժամանակը, և ժամանակի մեջ դպրոց, որ զգայուն արձագանքում էր պատմական անցուդարձին, փորձում ապրել ու ապրեցնել: Նման բարդ ժամանակաշրջանում կրթօջախի տնօրեն է ընտրվում Գրիգոր Սաֆարյանը, որ դպրոցի ուսուցիչ էր, նրա լավ ու փառավոր օրերի վկան, բարեկամն ու ջատագովը:

Safaryan1

Գրիգոր Սաֆարյան

Կար լավ դպրոց, որ ապրում էր իր կենսագրության անբարենպաստ շրջանը, որին օգնել էր պետք և հաղորդել երկրորդ շնչառություն: Դպրոցի ղեկավարությունը վստահվեց գործի հմուտ գիտակ ու սրտացավ մարդու: Բարեբախտաբար, ընտրությունը ճիշտ էր: Կյանքի ճանապարհը` ոլոր-մոլոր, վեր ու վար, անթիվ-անհամար կանգառներ ունի, որտեղ հարահոս ընթացքի քննություն է կատարվում, վերանայվում արածն ու չարածը, ծնվում նոր նպատակներ, ծրագրվում նոր անելիքներ: Գրիգոր Ռուբենի Սաֆարյանը ծնվել է 1952 թվականին Ախալցխայի Ծուղրութ գյուղում, որտեղ և ստացել է սկզբնական կրթությունը:  1966 թվականին մասնակցել է Թբիլիսիում կայացած դպրոցականների գեղարվեստական օլիմպիադային, կատարել ջավախքցի աշուղ Սամսոն Ֆարմանյանի «Մասիս ջան» երգը և արժանացել արծաթե մեդալի: Այնուհետև դպրոցական արձակուրդներին Ախալցխայի աշուղական անսամբլի կազմում որպես երգիչ հանդես է եկել Ջավախքի հայկական գյուղերում, ձեռք բերել որոշակի ճանաչում: Ախալցխայի Ծուղրութ գյուղից ճամփա ընկած ճանապարհը բարձրագույն ուսումնառության ակնկալիքով Գրիգոր Սաֆարյանին բերեց հայրենիք` Հայաստան` Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետ: Հետո զինվորի երդում ու ծառայություն խորհրդային բանակում: Մանկավարժական մկրտությունը ստացել է Երևանի Պ.Յավորովի անվան Nօ 131 դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Այնուհետև Մաշտոցի շրջժողկրթբաժնում` որպես դպրոցների տեսուչ: Մանկավարժական արգասավոր ուղու տրամաբանական զարգացում էր նաև 1988թ. նույն դպրոցի տնօրեն առաջադրվելն ու ընտրվելը, որը պատվով ու բծախնդիր պատասխանատվությամբ կատարում է առ այսօր: Դպրոցական կենսուղուն զուգահեռվում է նաև մշակութային բեղուն գործունեությունը: Դեռևս ուսանող, 1971 թվականին նա մասնակցում է հայ երգի մեծ երախտավոր Վաղարշակ Սահակյանի ղեկավարած Սայաթ-Նովայի անվան գուսանական երգի վաստակավոր անսամբլի մրցույթին և ընդունվում որպես մեներգիչ: Կարճ ժամանակ անց հրավիրվում է Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլ, ուր երգում է մինչև 1975 թվականը:  1975 թվից մինչև 1994 թվականը Գրիգոր Սաֆարյանը որպես մեներգիչ հանդես է եկել պրոֆտեխկրթության պետական կոմիտեի Երվանդ Սահառունու անվան երգի-պարի անսամբլում: 1979-86թթ. եղել է հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի հայ երգի կամերային երգչախմբի մեներգիչ: 1992-2007թթ. երգել է «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլում: Մշակութային ոգեղեն ուղուն զուգահեռ հասարակական ակտիվ ու պրպտուն աշխատանքն է` ԱՕԿՍ-ի «Հայաստան-Բուլղարիա» ընկերության նախագահ, «Մաթեմատիկան դպրոցում» գիտամեթոդական ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ: Խաչվող ուղիների հանգույցներում վաստակի ու տքնանքի արժանի ու արժանավայել գնահատանքը նոր վերթևումների է մղում: 1999թ.` Բուլղարիայի Հանրապետության նախագահի հուշամեդալ, 2000 և  2004 թթ. «Մայրաքաղաքի լավագույն տնօրեն» պատվավոր կոչում, «Ստեղծագործական աշխատանքի համար» մեդալ, դիպլոմներ, պատվոգրեր:

2008թ. արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի:

medal

2012թ. մշակութային ակտիվ գործունեության և ծննդյան 60-ամյակի առթիվ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

4

Տնօրեն Գ.Սաֆարյանի համար դպրոցը կենսական ուղու հարազատ հանգրվան է: Իր օջախի տերն է ու ծառան, անխոնջ մշակն ու անաչառ ղեկավարը: Իր ապրած բազմաբովանդակ կյանքի բոլոր ուղղությունները երկրորդ կյանք են ստացել կրթօջախում` նրան տալով ինքնատիպ ձեռագիր ու աշխատաոճ: Այս շատ սովորական հանրակրթական դպրոցն ապրում է մշակութային հագեցած առօրյայով: Սաներից շատերը ուսումնառությունը համատեղում են ստեղծագործական խմբակներում` հմտանալով երգի, պարի, ծաղկահարդարման, գեղանկարչության, հուլունքագործության բնագավառներում: Դպրոցում գործում է հանրապետությունում միակ ուսուցչական երգչախումբը: Մշակույթի մեծ օջախում միս ու արյուն են ստանում ստեղծագործական բազմաթիվ նախագծեր` դառնալով սրահ, թանգարան, կաբինետ ու լսարան: Վերջին տարիներին Գ.Սաֆարյանի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվել են «Հայ-բուլղարական բարեկամության», «Վարդուհի Վարդերեսյան» թանգարանները, Վարդգես Սուրենյանցի անվան գեղեցիկ արվեստների կենտրոնը, Գուրգեն Դալիբալթայանի անվան ռազմական փառքի սրահը… Տնօրենի աննինջ միտքն ու անսպառ երևակայությունը կհամալրեն այս ցանկը: Հայոց դպրոցը հավերժի ճամփորդ է նաև նրա մարդկային նկարագրի շնորհիվ: Հ.Գ.  Այս պատկառելի կենսագրության ուշարժան օրերից էր նաև 2013թ. հունիսի 11-ը: Գրիգոր Սաֆարյանի ծննդյան 60 և բեմական գործունեության 40-ամյա հոբելյանը հանդիսավորությամբ նշվեց «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում երգչի մենահամերգով, ուր հավաքված հրավիրյալները (ի դեպ, հանդիսատեսն իրոք հրավիրված էր) վայելքի անանց պահեր ապրեցին՝ հաղորդակցվելով հայ երգի բարձրարվեստ կատարումներին:

Ստորև ներկայացնում ենք մի քանի արձագանք համերգից:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի
շնորհավորական խոսքը

galust

 

Հարգելի՛ Գրիգոր Սաֆարյան

Մեծարմամբ շնորհավորում եմ Ձեր ծննդյան հոբելյանը: Արարումների առաքելությամբ է անցել Ձեր իմաստնացած կյանքը իբրև մանկավարժ, իբրև հայ երգարվեստի ջատագով և կատարող: Թող տարիները իմաստության նոր ճանապարհներ հարթեն ձեր անբասիր գործունեության համար: 

 

ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը հայ մշակույթի և կրթության անվանի գործիչ Գրիգոր Սաֆարյանին՝ ծննդյան 60 և բեմական գործունեության 40-ամյա հոբելյանի կապակցությամբ

Hranush Hakobyan

Շնորհավորում եմ մի հայորդու, ով, անցնելով այսքան պատկառելի կյանքի ուղի, ստեղծելով հարուստ, ազգօգուտ աշխատանքային կենսագրություն, շարունակելով նվիրական կրթական գործ ղեկավարել, միաժամանակ մնում է արվեստի իր աշխարհին, իր ունկնդրին հավատարիմ երգիչ: Մարդ, որի ձայնը հայ ունկնդրին հիացնում, գերում է երկար տարիներ՝ բեմ բարձրացնելով և սփռելով հայոց հոգիներում հայրենյաց Ջավախքի աշուղական շնչով և հայրենի եզերքից սնուցված իր տաղանդաշատ երգն ու երաժշտությունը: Մենք այս մշակութային մեծ հոգու տեր մարդու արվեստի արարումների շարունակությունն ենք տեսնում նրա դպրոցաշինական գործերում: Նրա ղեկավարած հաստատությունը, հիրավի, Երևանի լավագույն դպրոցներից է, ուր հայեցի կրթություն և դաստիարակություն են ստանում մեծաթիվ հայ երեխաներ, ուր պատվախնդրորեն հայ մշակույթն ու հազարամյակների պատմությունն է ուսուցանվում նվիրյալ մանկավարժների կողմից, ուր գործում են ուսուցիչների և աշակերտների երգչախմբեր, պարախմբեր, ուր նրանց իսկ ուժերով ստեղծվել են հայ մեծերին, հայոց պատմության տարբեր դրվագներին նվիրված հարուստ թանգարաններ. կրթամշակութային մի գողտրիկ օջախ, հայ մանկան, հայ պատանու մտքի և հոգու կրթման, ստեղծագործական ունակությունների զարգացման կայուն և հուսալի պատվար, ուրույն մշակութային կենտրոն, ուր կան բոլոր պայմանները ազգային հոգևոր-մշակութային արժեքների հաղորդման և սերնդահաջորդականության ապահովման համար: Գրիգոր Սաֆարյանի ղեկավարած դպրոցն այսօր երախտագիտություն է հայ ժողովրդի մեծ բարեկամ բուլղար Պեյո Յավորովին, որով մանկավարժների և աշակերտների մեծ կոլեկտիվն իր նշանակալի ներդրումն է կատարում հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործում: Դպրոցի առաքելական ազգանպաստ քայլարշավն իրոք յուրատեսակ կոչ է և օրինակ՝ կրթօջախները մշակութային կենտրոններ դարձնելու, իսկ դա առավել քան կենսունակ է Սփյուռքի համար, ուր հայապահպանության գլխավոր գործոններն ու լծակներն են ազգային մշակույթի ու լեզվի պահպանումը: Կրթամշակութային այս օջախի գործունեությունը հուսադրող է հայրենիքի ապագայի հորիզոններում: Շնորհավորում եմ Գրիգոր Սաֆարյանին հոբելյանական տոների առթիվ, ցանկանում քաջառողջություն, ընտանեկան բարեկեցություն, ստեղծագործական նոր արարումներ:

Իր հոգով սրբագրելով բեմը

TPoghosyan

Ժողովրդական և գուսանական երգի երկրպագուները, ընկերները, բարեկամները, մտերիմները «Արամ Խաչատրյան» համերգասրահում սիրով ունկնդրեցին հանրապետության երաժշտարվեստի անվանիներին, ովքեր եկել էին մասնակցելու վաստակաշատ երգիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Գրիգոր Սաֆարյանի ծննդյան 60 և բեմական գործունեության 40-ամյակներին նվիրված հանդիսությանը: Արտիստին իրենց կատարումները նվիրեցին Տատյանա Մինասյանի ղեկավարած «Դուդուկներ» անսամբլը, հայտնի մենակատարներ, որոնց մի մասը երկար տարիներ նրան «թիմակից» է եղել տարբեր խմբերում՝ վաստակավոր արտիստուհի Արուս Գուլանյան, Մարգարիտ Շահինյան, Սիրանուշ Գալստյան, Մուշեղ Հարությունյան, Սամվել Գալստյան, այլք:

5

Ամբողջ երեկոյի ընթացքում բեմահարթակում էին ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի ղեկավարած Հայաստանի ազգային նվագարանների պետական անսամբլը և ինքը՝ հոբելյարը, ով ունկնդրի սիրուն, ծափերին և ծաղկեփնջերին արժանացավ Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի, Խաչատուր Ներսիսյանի, այլ հեղինակների, ժողովրդական երգերի կատարումներով: Գրիգոր Սաֆարյանի մասին խոսք ասաց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը. «42 տարի առաջ ես և Գրիգորը միասին մրցույթով ընդունվեցինք Վաղարշակ Սահակյանի ղեկավարած անսամբլ որպես երիտասարդ երգիչներ: Ուրախ եմ, որ իմ ընկերոջ հետ մեր ճանապարհները նորից խաչվեցին 1992 թվականին, և Գրիգորի հետ նորից երգեցինք «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլում»: Ապա հոբելյարին ընծայեց Սայաթ-Նովայի մի արձանիկ:

Gagik Ginosyan

Մեկ նվեր էլ՝ ձիավորի արձանիկ, հոբելյարն ստացավ «Կարին» ազգագրական անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանից, ում գնահատմամբ՝ իր ավագ ընկերոջ համար «բեմը խորան է, ուր նա բարձրանում է ոչ թե ավելորդ անգամ ժամ սպանելու, այլ բեմն իր հոգով սրբագրելու: Այն պղծումները, որ այսօր նկատվում են բեմերում, Սաֆարյանի նման մարդկանցով պիտի մաքրվեն»: