Ֆիզկուլտուրա ենթախումբ

Մարմնակրթության դասերը կազմակերպվում են  փոքր և Ալբերտ Ազարյանի անվան մեծ մարզասրահներում՝ լուսավոր ու հարմարավետ, հագեցած անհրաժեշտ գույքով ու պարագաներով: Դասերը վարում են հմուտ ու փորձառու ուսուցիչ-մարզիչները՝ Հասմիկ Ալբերտի Աբրահամյանը, Արմենուհի Նորայրի Բաղդասարյանը, Մարիամ Աշոտի Ասելեսյանը, Զորայր Աշոտի Մեքինյանը, Հայկանուշ Ռուբենի Գալստյանը: Առողջ ապրելակերպի վաստակաշատ ջատագովներն են եղել Ջեմմա Գևորգյանը, Սամվել Գասպարյանը, Անուշավան Շտայանը, Արտյուշա Կալիվանջյանը, Կարպիս Դավթյանը, Անահիտ Առաքելյանը, Կարո Հարությունյանը, Սամվել Ղազարյանը, Սիլվա Հունանյանը:

Մասնախմբի ակտիվ ու արդյունավետ աշխատանքը ակնհայտ է միջդասարանային, միջդպրոցական մրցումների ժամանակ, երբ յավորովցիները արժանի մրցապայքարում բարձր են պահում հարազատ կրթօջախի վարկանիշը:

Ընդամենը մի փունջ հաջողություններից, որոնք կհաստատեն ասվածը:

2002 թվականին քաղաքային սպարտակիադայի համայնքային փուլում դպրոցը գրավեց մրցանակային առաջին տեղը և՛ տղաների, և՛ աղջիկների մրցապայքարում: Սեղանի թենիսից տղաներն արժանացան առաջին, իսկ աղջիկները երկրորդ տեղերի, բասկետբոլից՝ աղջիկները գրավեցին առաջին պատվավոր տեղը: 2002թ. քաղաքային սպարտակիադայում դպրոցը գրավել է մրցանակային երկրորդ տեղը և արժանացել դրամական խոշոր պարգևի:

2011թ. Անկախության 21-րդ տարելիցին նվիրված մարզական խաղերի համայնքային փուլում բասկետբոլի աղջիկների թիմը արժանացել է առաջին, տղաներինը՝ երրորդ տեղին:

2012թ. ՀՀ անկախությանը նվիրված 22-րդ մարզական խաղերի համայնքային փուլում տղաների բասկետբոլի թիմը արժանացել է երկրորդ, իսկ աղջիկներինը՝ հաղթական առաջին մրցանակի:

Դպրոցն ակտիվորեն մասնակցել է Նավասարդյան խաղերին և գրավել առաջին պատվավոր հորիզոնականը:

Դպրոցի սաներից մարզական բարձունքի են հասել Խորեն Հովհաննիսյանը, Հենրի Մեջլումյանը, Ալեքսանդրի Աբրահամյանը, Միքայել Զաքարյանը և այլք:

Աշակերտները հաճույքով ներգրավված են նաև մարզական խմբակներում և լրացուցիչ պարապմունքների միջոցով անընդհատ կատարելագործում են իրենց ֆիզիկական հնարավորությունները:

Ֆիզիկական կուլտուրայի անբաժան մասն է նաև «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որի նպատակը մարմնի խնամքի, հիգիենայի գրագետ դաստիարակությունն է:

Մեր երկրի կրթական համակարգի նվաճումներից է համարվում իմաստուն խաղի՝ շախմատի ներդրումը դպրոց: Երեխաների մտքի, նաև բնավորության վարժանքի հետևողական հսկիչները դասընթացն անցկացնում են շախմատի հատուկ ու հարմարավետ դասարանում:

Հավելենք նաև մարզական խմբակների (արևելյան մարզաձևեր, բասկետբոլ) եռանդուն ու արդյունավետ աշխատանքը, որի շնորհիվ սաները մշտապես գտնվում են լավ մարզավիճակում և լավագույնս ներկայանում ամենատարբեր ստուգատեսներում: