«Վարդուհի Վարդերեսյան» արտիստական թանգարան

2008 թվական: «Հայ մշակույթի տոն» ավանդական հանդիսությունն է դպրոցում, և համաձայն ավանդույթի՝ կրթօջախը հարստանում է ևս մեկ հետաքրքիր անկյունով: Դարձյալ ըստ ավանդույթի՝ մեծարվում, գնահատվում է ապրող արվեստագետը:

«Վարդուհի Վարդերեսյան» արտիստական թանգարանը բացում է ինքը՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը:

Թանգարանը բաղկացած է երկու սրահից և գերհագեցած է թեմատիկ նյութերով: Գրեթե ամեն ինչ, ինչ առնչվում է արտիստ տարողունակ երևույթին, այստեղ կա:

Իհարկե, գլխավոր վահանակը ներկայացնում է Վարդուհի Վարդերեսյանին՝ այդ հմայիչ կնոջը՝ նրա կերտած կերպարների պատկերասրահով, անցած ուղու ամփոփ մեկնաբանությամբ:

Այնուհետև ծավալվում է խոսակցությունը հայ կինոյից՝ նշանավոր ֆիլմերից քաղված ուշարժան կադրերով: Սիրելի կինոնկարների ծանոթ ու հարազատ տեսարանները ասես զրուցում են հանդիսատեսի սրտի հետ, հիշեցնում հայ կինոյին այնքա՜ն բնորոշ թևավոր խոսքերը:

 Մի քանի վահանակներով ներկայացված է օպերային արվեստի աստղաբույլը. Հայկանուշ Դանիելյան, Շարա Տալյան, Տաթևիկ Սազանդարյան, Տիգրան Լևոնյան, Գոհար Գասպարյան, Նառ Հովհաննիսյան, Միհրան Երկաթ, Պավել Լիսիցյան, Գեղամ Գրիգորյան, Ավագ Պետրոսյան և այլք:

 

Առանձին բաժին է կազմում հայ կոմպոզիտորական դպրոցը. Կոմիտաս, Տիգրան Չուխաջյան, Արամ Խաչատրյան, Կարա Մուրզա, Մակար Եկմալյան, Արմեն Տիգրանյան, Առնո Բաբաջանյան, Էդգար Հովհաննիսյան, Տիգրան Մանսուրյան, Ռոբերտ Ամիրխանյան, Մարտին Վարդազարյան… Այս շարքը, իհարկե, շարունակելի է:

Նախորդին շարունակում է հայ կատարողական մշակույթը՝ երգարվեստ, պարարվեստ, դիրիժորական դպրոց, դուդուկի վարպետներ… Շառլ Ազնավուր, Լուսինե Զաքարյան, Վաղարշակ Սահակյան, Լուսիկ Քոշյան, Օֆելյա Համբարձումյան, Հովհաննես Բադալյան, Ռուբեն Մաթևոսյան, Լևոն Մադոյան, Վաչե Հովսեփյան, Ջիվան Գասպարյան, Արամ Տեր-Հովհաննիսյան, Թաթուլ Ալթունյան, Հովհաննես Չեքիջյան, Ազատ Ղարիբյան, Վանուշ Խանամիրյան…

Ժողովրդական և աշուղական երգարվեստի բաժինը պատմում է Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլների, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի մասին:

Թանգարանում ըստ արժանվույն ու հնարավորինս բազմակողմանիորեն ներկայացված է հայոց թատրոնը, որ սնվում է վաղնջական քաղաքակրթության ակունքներից, որի անցած ուղին, օջախներն ու դեմքերը վկայում են, որ այս երթը հարատև է, ասելիքը՝ անսպառ:

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական կամ մայր թատրոնի շուրջ հավաքվել, նրան լրացնում, բայց և սեփական ձեռագրով առանձնանում են Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան դրամատիկական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական, Թբիլիսիի պատանի հանդիսատեսի հայկական թատրոնները: Իսկ պատկառելի անվանացանկը, կարծում ենք, բավական է, որ հասկանանք, հպարտանանք, տեր կանգնենք մեր ունեցած անսպառ հարստությանը, հավատարիմ մնանք մեր լավ տեսակին: Սիրանույշ, Հովհաննես Աբելյան, Պետրոս Ադամյան, Հասմիկ, Օլգա Գուլազյան, Վահրամ Փափազյան, Համո Բեկնազարյան, Արուս Ոսկանյան, Լևոն Քալանթար, Արման Կոթիկյան, Մհեր Մկրտչյան, Արմեն Ջիգարխանյան, Արմեն Գուլակյան, Վարդան Աճեմյան, Հրաչյա Ներսիսյան, Վաղարշ Վաղարշյան, Ավետ Ավետիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Խորեն Աբրահամյան, Դավիթ Մալյան, Բաբկեն Ներսիսյան, Մետաքսյա Սիմոնյան, Սոս Սարգսյան, Շահում Ղազարյան, Երվանդ Ղազանչյան, Կարպ Խաչվանքյան, Սվետլանա Գրիգորյան, Իշխան Ղարիբյան, Վլադիմիր Մսրյան, Էվելինա Շահիրյան, Յուրի Ամիրյան, Ժենյա Ավետիսյան, Արթուր Ութմազյան, Արմեն Խանդիկյան, Գուժ Մանուկյան…

Ասմունքի հայկական դպրոցի սյուներն էլ ունեն իրենց գույնը այս շքեղ ներկապնակում. Սուրեն Քոչարյան, Ժան Էլոյան, Վլադիմիր Աբաջյան…

Ի՞նչ թատրոն առանց գրողի, դրամատուրգի, քննադատի, վերլուծաբանի… Հովհաննես Թումանյանի, Հակոբ Պարոնյանի, Երվանդ Օտյանի, Գաբրիել Սունդուկյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Պերճ Զեյթունցյանի, Ռուբեն Զարյանի, Լուիզա Սամվելյանի, Լևոն Հախվերդյանի ներկայությունը պատասխանում է այս հարցին:

Ի՞նչ ներկայացում առանց նկարչական ձևավորման: Այստեղ էլ՝ Մարտիրոս Սարյան, Վարդգես Սուրենյանց, Մինաս Ավետիսյան…

Երախտագետ դպրոցը առանձին հուզմունքով է ձևավորել իր մեծ բարեկամ, կրթօջախի պատվավոր անդամ Իշխան Ղարիբյանին նվիրված բաժինը: Դպրոցի հուշերում թարմ ու տպավորիչ է մեծ արտիստի գործուն աջակցությունը «Հավատի ղողանջներ» դպրոցական ներկայացման աշխատանքներին և, ինչ խոսք, նաև նրա կերտած պապի անզուգական կերպարը նույն ներկայացման մեջ:

Եվ վերջապես վերջին վահանակը՝ արդեն աշակերտ արտիստներով ամենատարբեր միջոցառումներից քաղված տեսարաններում:

Թանգարանային հարուստ բովանդակության անհրաժեշտ լրացումն է թեմատիկ ալբոմների, գեղարվեստական գրքերի, հուշալբոմների առկայությունը, որոնք լռում են ցուցափեղկերում և պատրաստ են աջակցելու պատեհ առիթի:

Սիրելի՛ հանդիսատես, սիրելի՛ այցելու, անշուշտ, պատմության, հիշողության, ժառանգության այս առողջ հեղեղը խիստ կարևոր է մեր ազգային նկարագիրը, ազգային կեցվածքն ու ինքնագնահատականը արժանապատվորեն պահելու, հոգի կրթելու, ճաշակ ու գեղագիտություն ձևավորելու համար: Այս ամենը հույժ կարևոր է նաև ժամանակի վտանգավոր քամիներից խուսափելու, անցողիկ ու անարժեք նորաձևությամբ մեր զարգացման ընթացքը չկասեցնելու համար: