«Վարդգես Սուրենյանց» գեղեցիկ արվեստների կենտրոն

Գեղեցիկի, գեղագիտականի, գեղարվեստի մասին անսպառ զրույցը մեզ տանում է մշակութային հաջորդ հանգրվանը՝ գեղեցիկ արվեստների կենտրոն, որ կրում է հայ անվանի նկարիչ, ազգային պատմանկարչության հիմնադիր, թարգմանիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցի անունը:

Սրահի կենտրոնում «Աստվածամայրը մանուկ Հիսուսի հետ» կտավի վերարտադրությունն է (հեղինակ՝ Վ.Հովհաննիսյան), որի գոյությունը մի տեսակ ապահով խաղաղություն է հաղորդում և այդ խաղաղության մեջ գեղեցիկին հաղորդակցվելու և գեղեցիկով հաղորդվելու տրամադրություն ստեղծում:

Ապա մեծ նկարչի՝ Սուրենյանցի կյանքի ուղին պատմող տեսաշարն է և ստեղծագործական ծնունդները՝ կտավները, ներկայացնող վահանակները:

Այս թանգարանն ասես ինչ-որ տեղ փորձում է ցրել նկարչի տագնապը. «Աշխարհիս ամեն կողմը ցրված են զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում անուն է հանել և հռչակվել հայրենիքից դուրս, զորօրինակ է Շահին, որ գտնվում է Փարիզում, Մախոխյան՝ Բեռլինում և շատ ուրիշներ: Եվ ամեն անգամ, երբ իրար պատահում էինք, միշտ լուրջ կերպով ցավակցում էինք, որ այդ կերպ անջատված ենք իրարուց և չենք կազմում մի ամփոփ ընկերություն. այդ գանգատը ես անձամբ հանգուցյալ Հովհաննես աղա Այվազովսկուց ևս լսել եմ»:

Նրա հետ նույն հարկի տակ են Թորոս Ռոսլինը, Հակոբ Հովնաթանյանը, Հովհաննես Այվազովսկին, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Խանջյանը, Սարգիս Մուրադյանը, Մինաս Ավետիսյանը… Բարեբախտաբար, այս շարքն էլ անավարտ է, անվերջ:

Այնուհետև վահանակները ճյուղավորվում են թեմատիկ ուղղվածությամբ՝ ներկայացնելով դիմանկարը, բնանկարը, նատյուրմորտը:

Գույնի և գծի կախարդներին շարունակում են քարե երաժշտության մշակները՝ ականավոր ճարտարապետներն ու քանդակագործները՝ Թորոս Թորամանյան, Ալեքսանդր Թամանյան, Կարո Հալաբյան, Մարկ Գրիգորյան, Գրիգոր Ահարոնյան, Երվանդ Քոչար, Լևոն Թոքմաջյան և այլք:

Հայկական գեղանկարչությունը, մանրանկարչությունը, ճարտարապետությունն ու քանդակագործությունը վաղուց դուրս են եկել համաշխարհային մշակույթի մայրուղի, խառնվել համամարդկային անանց արժեքների հոսանքին:

Հատուկ տեղ է հատկացված գեղանկարչության աշխարհահռչակ հսկաներին՝ Լեոնարդո դա Վինչի, Ալբրեխտ Դյուրեր, Միքելանջելո, Ռաֆայել, Ռուբենս, Վելասկես…

Գեղեցիկ արվեստների կենտրոնը տեսական հարուստ նյութի և գործնական աշխատանքի դաշինքը ներկայացնում է դպրոցի ստեղծագործական խմբակների ՝ նկարչության (ղեկավար՝ Ն.Անտոնյան), իքեբանայի (ղեկավար՝ Լ.Կիրակոսյան), հուլունքագործության (ղեկավար՝ Գ.Մկրտչյան) մշտական բարձրաճաշակ ցուցանմուշներով:

 *  *  *

Թանգարանների գոյությունը կրթօջախում պատահական չէ և ոչ էլ ավելորդ շռայլություն: Թանգարանների ստեղծման ջանք ու եռանդի հիմքում նպատակ կա. երեխային պետք է հոգևոր առողջ սնունդ, հետևողական ու սկզբունքային մոտեցում նրա աշխարհայացքի, ճաշակի ձևավորման, դաստիարակության պատասխանատու գործում:

Այս սրահները նախատեսված են թեմատիկ մի շարք էքսկուրսիաների համար, որ իրականացվում են դասղեկական ժամերի ընթացքում՝ այնուհետև դառնալով զրույց, զեկուցում, բանավեճ: