Վարդատոն. ավանդական և ժամանակակից

Վալերի Բրյուսովը հայոց բանաստեղծությունը անվանել է հայ ազգի ազնվականության վկայական: Այդ առթիվ Հովհաննես Թումանյանը պատասխանում է. «Ստեղծագործող ու ազնվական ազգի արժանապատվության զգացումով ու ազնիվ հպարտությամբ կարող ենք ասել՝ մենք միշտ ունեցել ենք էդ բարձր վկայականը: Բայց էդ վկայականը էն վկայականներից չի, որոնց վրա դրված է մարդկային իշխանության կնիքը, էդ էն վկայականներից է, որոնց վրա բնությունն ու Աստված են դրել իրենց կնիքը, և, դրա համար էլ, ինչքան դժվար է դրա ունենալը, էնքան էլ դժվար է նրա կարդալը:

Սա էն գիրն է, որի մասին Սայաթ-Նովան ասում է.

Ամեն մարթ չի կանա կարթա,
իմ գիրն ուրիշ գրեն է…»:

 Ավանդական: Հովհաննես Թումանյանի և Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու հյուսիսային փոքր դռան առջև, ուր ամփոփված է Սայաթ-Նովայի աճյունը, 1914 թվականի մայիսի 15-ին տեղի ունեցավ նրա շիրմաքարի բացման արարողությունը: Այդ օրվանից, ամեն տարի՝ մայիսին, այստեղ են հավաքվում կովկասյան տարբեր ժողովուրդների բազում ներկայացուցիչներ և տոնում հանճարեղ բանաստեղծին ու անմահ երգչին նվիրված հանդեսը՝ Վարդատոնը, որ վերածվում է պոեզիայի իսկական, հավերժական տոնի:

Ժամանակակից: Վարդատոնի երևանյան կենսագրության հիշարժան մի էջ գրվեց մայիսի 29-ին: Վաղ առավոտյան մեծն Սայաթ-Նովայի արձանի մոտից մեկնարկած հանդիսությունը շարունակվեց Հայաստանի գրողների միությունում: Տոնի նախաձեռնողը Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցն էր, որն իր ստեղծագործական կոլեկտիվների ուժերով ներկայացրեց գեղարվեստական ամփոփ մի ծրագիր:

Դպրոցի նկարչական խմբակի սաների (ղեկավար՝ Նելսոն Անտոնյան) աշխատանքները հիացնում էին կատարողական վարպետությամբ ու նրբաճաշակությամբ:

Շենքի ներսում հանդիսականի դատին էր սպասում նաև ծաղկահարդարման խմբակի (ղեկավար՝ Լուիզա Կիրակոսյան) ներկայացրած ցուցահանդեսը, որի նյութն ու գույնը, կոմպոզիցիոն լուծումները սրահ էին բերել մի կտոր բնություն ու լցրել այն լույսով ու բույրով:

Վարդատոնի խորհուրդը մեկական կարմիր վարդով ընդգծում էին միջոցառման գրական-երաժշտական մասին մասնակցելու համար դահլիճ մտնող հրավիրյալները:

Բաբկեն Ներսիսյանի առինքնող ձայնով հանդիսատեսի հետ խոսեց Սայաթ-Նովան՝ կախարդ երգիչը, ականավոր նվագարարը, մեծաքանքար երգաստեղծ-կոմպոզիտորը և վերջապես սքանչելի բանաստեղծը, խոսեց մոռացության վճիռ արձակող ամենադաժան դատավորի՝ ժամանակի բոլոր վճիռները խափանած, խոսեց թարմ, ցողաթաց, թրթռալի…

Ապա բացման խոսքով ներկաներին դիմեց դպրոցի տնօրեն Գրիգոր Սաֆարյանը՝ ներկայացնելով ոչ միայն տոնի պատմությունը, այլև այն պարբերաբար ոգեկոչելու դպրոցի նպատակը: Շեշտվեց նաև, որ հանդիսությունն իրենց խնկելի ներկայությամբ կզարդարեն տարվա հոբելյարները՝ Ներսես Շնորհալի, Րաֆֆի, Դերենիկ Դեմիրճյան, Եղիշե Չարենց, Գեղամ Սարյան, Վահագն Դավթյան…

Այնուհետև ներկաներին ողջունեց գրող Համլետ Կարճիկյանը՝ ականատեսի իրավունքով կամրջելով թիֆլիսյան ավանդական Վարդատոնը երևանյան տոնակատարությանը:

Հոսում էր տոնահանդեսը, հոսում գետի պես՝ մերթ վարար ու շռնդալից, մերթ հանգիստ ու հանգստացող: Հաղորդավարներ Լուսինե Ղարիբյանն ու Միքայել Խաչատրյանը, պահպանելով միջոցառման ներքին ռիթմը, կապում էին ելույթներն իրար. երգչախմբային կատարումները, ասմունքն ու պարային ինքնատիպ բեմադրությունները, մեներգերն ու գործիքային մշակումները շրջապտույտի մեջ էին առել հանդիսատեսին: Վայելքի անանց պահեր պարգևեցին «Կոմիտաս» կամերային և ուսուցչական քառաձայն երգչախմբերը (գեղ. ղեկավար՝ Սուսաննա Խաչատրյան), փոքրիկների երգչախումբը (ղեկավար՝ Հերմինե Մեջլումյան), «Շարա Տալյան» փոքրիկ երգիչների անսամբլը (ղեկավար՝ Սամվել Ավետիսյան), պարախումբը (ղեկավար՝ էդուարդ Խաչատրյան), Մետաքսյա Խաչատրյանը, Գրիգոր Երկանյանը, Աննա Երկանյանը, Փեփրոնե Բադալյանը, Նորայր Նազեյանը, Արթուր Բուռնազյանը: Իսկ Գրիգոր Սաֆարյանի և Մարգարիտ Առաքելյանի կատարումը անվանի դուդուկահար Գեորգի Մինասյանի վարպետ նվագակցությամբ հաճելի անակնկալ էր:

Հանդիսության սցենարի հեղինակն էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Զաքարյանը:

Բազմաթիվ հրավիրյալների թվում էին ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պատասխանատու աշխատողներ, անվանի մտավորականներ: Իր տպավորություններն ու խանդավառությունը կիսեց Սիլվա Կապուտիկյանը:

Ավարտվեց Վարդատոնը, որը մեկ անգամ ևս հավաստեց, որ այն հոգու տոն է, վարդագույնի և վարդաբույրի հրավառություն՝ քնքուշ ու միաժամանակ հախուռն, եթերային ու իրական, ավանդական ու ժամանակակից:

 

(Նաիրա Զաքարյան, «Կրթություն»)

2 3 5