Սլավոնական այբուբենի տոնը՝ դպրոցում

Կիրիլ և Մեֆոդի սրբերի կողմից հիմնադրված սլավոնական այբուբենի տոնը՝ Կիրիլիցան, որը ամեն տարվա մայիսի 24-ին նշվում է Հայաստանում որպես հայ և բուլղար ժողովուրդների քրիստոնեական բարեկամության տոն, նշվեց Երևանի Պեյո Յավորովի անվան հ. 131 դպրոցում:

Արարողությունը սկսվեց դպրոցահասակ երեխաների համերգ-ներկայացմամբ. մի քանի տասնյակ պատանիներ և աղջիկներ ունկնդիրների (նրանց թվում էին նաև բուլղար հյուրեր, ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատան պատասխանատուներ) համար հայերեն, ռուսերեն և բուլղարերեն ներկայացրին երգեր, պարեր, հեքիաթների բեմադրություններ:

Ներկայացումից հետո հանդես եկավ դպրոցի տնօրեն Գրիգոր Սաֆարյանը, ըստ որի՝ «Հայաստանն ունեցել է շատ թշնամիներ և քիչ բարեկամներ: Այդ քիչ բարեկամների մեջ եղել են առանձնահատուկները, ովքեր մեր ժողովրդին սիրել են այնպես, ինչպես իրենց հարազատ ժողովրդին: Եվ այդ բացառիկներից է Պեյո Յավորովը՝ բուլղար մեծ գրողը, մարդ, որն իր ապրած կյանքով կարողացավ ապացուցել, որ չլինելով հայ ժողովրդի զավակը՝ նրան սիրեց այնպես, ինչպես իր հարազատ բուլղար ժողովրդին: Ես այսօր հպարտ եմ, որ մեր դպրոցը, սկսած 1966 թվականից, կրում է բուլղար մեծ բանաստեղծի անունը, և մեր դպրոցը իսկապես հայ-բուլղարական բարեկամության դպրոց է»:

Ներկաները ջերմորեն դիմավորեցին ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին, ով ասաց, որ ինքն ասես վաղուց է Հայաստանում և իր հայրենիքից շատ հեռու այսօր ներկա է բուլղարական լուսավորությանը նվիրված վառ հանդեսի:

«Մենք՝ երկու ժողովուրդներս էլ բարդ, ծանր ճակատագիր ենք ունեցել, բայց կարողացել ենք դարավոր աղետների և խավարի միջով տանել մեր լույսն ու լուսավորությունը, մեր գիրն ու գրականությունը: Դառնալով Եվրամիության անդամ՝ բուլղարերենը առաջ է մղվում երրոդ տեղը եվրոպական լեզուների մեջ, և մենք հպարտ ենք դրանով»:

Ներկաների թվում էր Հայաստան երկրի, Արցախ աշխարհի բուլղար փառապանծ դուստր Ցվետանա Պասկալևան, որն առաջին անգամ այս դպրոցում եղել է 1993 թվականին և այդ թվականի համեմատ դպրոցի ներկայիս վիճակը համարեց հայ-բուլղարական բարեկամության ծաղկուն օազիս:

«Այստեղ իշխում են սերը, եղբայրությունն ու փոխադարձ հարգանքը, մշակութասեր լինելու բարձր մակարդակը», — ասաց նա:

Հյուրերը հաճախեցին դպրոցում ստեղծված «Պեյո Յավորով» թանգարան, որը գրական-մշակութային կապերին վերաբերող ուշագրավ նյութեր ունի:

(Վանիկ Սանթրյան, «Հայաստանի Հանրապետություն)