Սիլվա Կապուտիկյանի անվան գրադարան

Այստեղ սպասում են գրքերը…

Առաջին հարկի կարևոր հանգրվաններից է Սիլվա Կապուտիկյանի անունը կրող գրադարանը՝ գեղարվեստական ու մասնագիտական հարուստ գրականությամբ:
     
Բանաստեղծուհու խաղաղ ժպիտի շողերում ծավալվում են Վեհափառի՝ Վազգեն Ա-ի խոհերը.

Սիլվա Կապուտիկեան՝
նորոգ վերածաղկում Վանա ծովու ոգու,
Սիլվա Կապուտիկեան՝
երգիչը արդար խօսքի մեսրոպեան լեզւով,
Սիլվա Կապուտիկեան՝
պատիւը մեր տան, առնական շնչով.
Սիլվա Կապուտիկեան՝
Սօսեաց անտառը լուսոյ
Հայկազեան ցեղի, ռազմի երգերով
Սիլվա Կապուտիկեան,
Քեզ գովք ու օրհնանք
Սուրբ Էջմիածնի Լուսոյ խորանից:

Ի դեպ, դպրոցի ջերմ բարեկամներից է եղել Ամենայն հայոց բանաստեղծուհին, բազմաթիվ միջոցառումների պատվավոր հյուրը, կրթօջախի պատվավոր անդամը, որ մեծարում էր դպրոցը և՜ իր պատկառելի ներկայությամբ, և՜ անկեղծ հիացմունքով ու ոգևորությամբ:

 
«Երջանիկ է Գ.Սաֆարյանը,- իր տպավորություններն է կիսում բանաստեղծուհին,- որ իր մեջ եղած զգացումները, երգը, հոգեկան սլացումները հնարավորություն ունի ռեալականացնելու, կոնկրետացնելու իր դպրոցում: Տնօրենի ներաշխարհի և դպրոցի դաշինքը տվել է հրաշալի պտուղներ, որոնցից էր այս հանդեսը: Իքեբանայի խմբակի գողտրիկ աշխատանքները և ուսուցչական երգչախումբը ուղղակի զարմացնում և հիացնում են: Ձեր այս երեկոն ապացույցն է այն բանի, որ չնայած այս պատերից դուրս տիրող նյութապաշտ աշխարհին՝ դպրոցի ներսում տրոփում է Տերյանի «հոգևոր հայրենիքը»:

Շնորհակալ եմ, որ առանձնակի հույս եք ներշնչում, որ մեր ժողովուրդը կենդանի է: Ամեն մի այսպիսի հանդիպում մեր մեջ հավատի ու հույսի կանթեղ է վառում: Դուք երգում եք բազմաձայն, բայց միաձայն եք ապրում: Սա, թերևս, ձեր հաջողության գաղտնիքն է, բայց ուզում եմ, որ գաղտնիք չմնա, այլ տարածվի ամենուր»:
 

Բանաստեղծուհուն նվիրված անկյունում նորից տեսնում ենք Պ.Յավորովի «Հայերը» իր իսկ թարգմանությամբ (այս ստեղծագործությունը թարգմանել են նաև Հ.Սահյանը, Գ.Էմինը և Լ.Միրիջանյանը) և «Խոսք իմ որդուն» պատգամ-բանաստեղծությունը, որն ասես մայրենիի օրհներգ լինի:
Գրապահոցը համալրվել է նաև Ս.Կապուտիկյանի անձնական նվիրատվությամբ:

Լուսավոր ընթերցասրահում տաք ու տրամադրող է մթնոլորտը: Այն ապահովում են փորձառու գրադարանավարուհիներ Մարգարիտա Հովհաննիսյանն ու Կարինե Մկրտչյանը:

Նրանք սիրով ու պատասխանատվությամբ են շարունակում հանրապետության վաստակավոր գրադարանավար Ջուլիետա Հովհաննիսյանի գործը, մարդ, որ կանգնած է դպրոցի ակունքներում և գրադարանի ստեղծման ու կայացման անմիջական մասնակիցն է:

Գրադարանային շատ միջոցառումներ անց են կացվել Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում: Կազմակերպվել են հանդիպումներ նշանավոր մարդկանց հետ: Մեծերի հետ մեծանալու չխամրող տպավորություններ են թողել կենդանի շփումները Խաչիկ Նազարեթյանի, Հովհաննես Շիրազի, Մկրտիչ Սարգսյանի, Արուս Ասրյանի, Արմեն Խոստիկյանի, Բաբկեն Ներսիսյանի, Վլադիմիր Աբաջյանի, Սուսաննա Գաբրիելյանի, Մայիս Կարագյոզյանի, Էդգար Էլբակյանի հետ:
Այս ավանդույթի արձագանքները հասնում են մեր օրեր՝ լրացնելով և թարմացնելով շարքը՝ Սուրեն Մուրադյան, Մարտին Վարդազարյան, Շահեն Խաչատրյան և այլն: