Ռազմական փառքի ճամփաներով

Մեռնում են հերոսները՝ Մանուելները, Մուշեղները, Վարդանները. մնում է, սակայն, նրանց ոգին, որը, իր մարմնավորումը գտնելով այլ հայերի մեջ, շարունակում է ապրել ու ներգործել:

 

                                                                                      Գարեգին Նժդեհ

Հայոց դպրոցն իրականացնում է նաև պատմական առաքելություն: Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ո՞ւր ենք գնում… Այս հարցադրումները ուրվագծել են մեր ժողովրդի անցնելիք ուղին, և երբ դրանցից որևէ մեկը դուրս է մնացել շղթայից, խախտվել է հավասարակշռությունը՝ վտանգելով մեր գոյությունը: Ահա թե ինչու անընդմեջ, որպես պահանջ ու հավատամք, պետք է վերհիշել, վերականգնել, վերահաստատել «Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ո՞ւր ենք գնում» հարցախույզը:
Այս մտահոգությամբ էլ Գարեգին Նժդեհի անվան ռազմագիտության կաբինետին կից ստեղծվում է Գուրգեն Դալիբալթայանի անվան ռազմական փառքի սրահը:

Աշակերտների ռազմահայրենասիրական կրթության ու դաստիարակության փորձաքարը ռազմագիտություն առարկան է, որի ուսուցիչներն ընտրվել են բացառիկ բծախնդրությամբ:

Եթե խորհրդային շրջանում հմուտ զինվորական, փոխգնդապետ Իվան Միրոշնիչենկոն շեշտը դնում էր ռազմական հմտություններ սովորեցնելու վրա (աշխատանք զենքի հետ, հրաձգություն, արտակարգ իրավիճակներ և այլն: Ի դեպ, “Зарница” ռազմամարզական խաղերում դպրոցը միշտ արժանացել է պատվավոր առաջին մրցանակի), այսօր հայոց անկախ պետության դպրոցում օրվա հրամայական է դարձել նաև ազգային հայրենասիրական ոգու սերմանումը: Պարտադրված ու չավարտված պատերազմը, Եռաբլուրում հանգչող շիրիմները ստիպում են լինել աչալուրջ, թերթել պատմության դասերը, ճշտել մեր ինքնագնահատականը ու պատրաստ լինել ամեն անակնկալի: Ռազմագիտության ուսուցումը շարունակեցին Սեյրան Հարությունյանը, Վլադիմիր Աղասարյանը, Գագիկ Գինոսյանը:

Այս ասպարեզում ուրույն ասելիք ուներ Արցախյան ազատամարտի մասնակից, մահապարտների ջոկատի անդամ, «Կարին» ազգագրական անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նրա օրոք ժամանակակից ռազմարվեստն ու պատմությունը առավել համոզիչ ու հավաստի էին հնչում, որովհետև պատմում էր ականատեսը: Եթե այս ամենին ավելացնենք նաև պարը՝ որպես հոգու թռիչք, որպես մեր տեսակը պահելու անվիճելի կռվան, ապա բացատրելի կլինի այն մթնոլորտը, որում անցնում էին ռազմարվեստի դասերը: Իսկ նրա «Ողջույն, տղե՛րք» գիրքը Արցախյան հերոսամարտի կենդանի մատյան է, կյանքի դաս ու դասագիրք: Սրան հավելենք նաև ուսանելի հանդիպումները մեր հաղթարշավը կերտողների հետ, որից անմոռաց էր Արկադի Տեր-Թադևոսյանի այցը:

Այսօր ռազմագիտության դասավանդումը վստահված է պատմության հմուտ գիտակ Ռաֆիկ Բդոյանին, որը պատմությունը քննելու, պատմությամբ առաջնորդվելու, պատմությունից դասեր առնելու դասեր է տալիս:

Կաբինետը շնչում է մեծ զորավարի՝ Գարեգին Նժդեհի ոգեղեն ներկայությամբ, հագեցած է ռազմական գործին առնչվող պարագաներով ու վահանակներով:

Դասը՝ դաս, բայց նյութն ամբողջացնելու համար դեռ անելիք կար: Ստեղծվեց պատմության յուրօրինակ թանգարան, որ ներկայացնում է մեր ժողովրդի կենսագրության առանցքային էջերը, պատմական անցքերը, մարդկանց, որոնք կերտել ու կերտում են այդ պատմությունը:

Իմիջիայլոց, դպրոցի որդեգրած սկզբունքներից մեկն էլ ապրող լեգենդներին մեծարելն է, նրանց կենդանի ներկայությամբ սեփական պատմությունը հարստացնելը:

Այսպես 2012թ. գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը հանդիսավոր բացեց իր անունը կրող ռազմական փառքի սրահը:

«Լինելով մեծ ռազմական գործիչ,- գրում է գրող Մկրտիչ Սարգսյանը,- Գ.Դալիբալթայանը համեստ է, ինչպես բոլոր մեծերը, և թեև երբևէ չի խոսել իր գործերից, սակայն նրան ճանաչողները լավ, շատ լավ գիտեն նրա ներդրումը Քարավաճառի, Շուշիի, Լաչինի ռազմաբեմերում և Արցախյան ճակատամարտի բոլոր հատվածներում. որտեղ էլ նա եղել է, հաղթանակը թևեր առած վազել է ընդառաջ՝ նրան նվիրելով այն դափնիները, որ ավելի շատ սիմվոլիկ են ու բարոյական, իսկ նրա հավերժական հովանավորը ժողովուրդն է, այսինքն՝ անմահությունը, որին զինվորագրվեց Դալիբալթայանը, երբ կամավոր Ռուսաստանի զինված ուժերից վայրէջք կատարեց և կանգնեց նորաստեղծ հայկական բանակի օրորոցի մոտ՝ որպես նրա սրբազան ծնողներից մեկը»:

«Այդպիսին է գեներալ-գնդապետ Դալիբալթայանը՝ Պաշտպան Հայրենյաց, ով անաղմուկ, լուռ ու մունջ միշտ իր գործին է՝ չմոռանալով նաև իր արմատները և նախնյաց բույնը:

Տիպար և օրինակ բազում հայորդիների համար, մարդ, ում հիշելով՝ ժպիտ ու ջերմություն է իջնում հոգուդ վրա ու բարի վստահություն պատում քեզ»,- շարունակում է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Իսկ հիմա համառոտ սրահի բովանդակության մասին:

Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս… Նահապետ թագավորների շքահանդեսով է սկսվում հիշողությունը: Հայկ, Արամանյակ, Արամայիս… Ո՞վ կարող է հերքել մեր վաղնջականությունը: Վահանակները հաջորդում են մեկը մյուսին. Կիլիկյան Հայաստանը՝ պետական կարգով, սպարապետությամբ, բանակով, հայդուկային շարժումը, 1905-1906թթ. հայ-թաթարական ընդհարումները, 1918թ. առաջին հայկական կորպուսը: Այնուհետև մայիսյան հաղթական համանվագն է՝ Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա:

Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում: Արդար հատուցումը ևս մեր ժողովրդի կամքի և տոկունության առհավատչյան է: Այս են վկայում հայկական «Նեմեսիս» խմբակցության անդամները՝ Միսաք Թորլաքյան, Արամ Երկանյան, Սողոմոն Թեյլերյան, Արշավիր Շիրակյան, Ստեփան Ծաղիկյան, Արմեն Գարո, Հակոբ Մելքումյան, Շահան Նաթալի:

Մենք պատերազմ փնտրող ազգ չենք, բայց հարկ եղած դեպքում գիտենք լավագույնս դրսևորվել: Վահանակներից մեկը պատմում է մայիսյան հերոսամարտերի մասին, մյուսից նայում են Խորհրդային Միության հայ և հայաստանցի այլազգի հերոսները, Հայրենականում հայկական ազգային դիվիզիաների մարտական փառավոր ուղին հաջորդ պաստառի նյութն է:

Պատմության քառուղիները ձգվում են առ այսօր: Ցավոք, այստեղ ևս արյուն կա ու պայքար, դատ կա ու հատուցում: Արցախյան ազատամարտ, որի հաղթական ելքը մեր հավաքական նպատակի, սիրո, կամքի ու ջանքի մեջ էր:

Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան, Մովսես Գորգիսյան, Թաթուլ Կրպեյան, Լեոնիդ Ազգալդյան… Այս շարքը, թվում է, վերջ չունի: Որովհետև հայրենասիրության այդ հզոր հոսանքին խառնվում էին շատերը, վարարում էր պատվի ու պատվախնդրության գետը, դառնում սարսափ թշնամու համար:

«Ես մի զարկն եմ քո բազկի» խորագրի տակ լռում են յավորովցի զոհված ազատամարտիկները՝ Արմեն Կոթոլյան, Գագիկ Տեր-Ղուկասյան, Սեմյոն Հարությունյան, Հովհաննես Մարտիրոսյան:

Արցախյան հերոսամարտի դասերն ու հիշողությունը մեզ են փոխանցում նաև ռազմագիտության և պատմության ուսուցիչներ Գագիկ Գինոսյանն ու Արմեն Հարությունյանը:

Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք ևս զինվորագրվել են այդ սրբազան պատերազմին՝ մեկ անգամ ևս փաստելով, որ հայ կինը՝ ի բնե խոնարհ ու հեզ, կարող է առյուծ դառնալ, եթե այդպես է թելադրում հայրենյաց շահը:

Հայուհիների ընկերակցությամբ մեծարվում է նաև լեգենդար Ցվետանա Պասկալևան, որն, ի դեպ, դպրոցի սրտակից բարեկամներից է: Նա իր կինոխցիկով անցավ ու վավերացրեց հայոց գոյամարտը, երկրորդ հայրենիք համարեց Հայաստանը և Արցախը, պաշտպանեց հայ դատը օտար ափերում:

Շարունակենք պատմական էքսկուրսը, որ Արտաշես Առաջինից հասնում է Դավիթ Բեկ, Լազար Սերեբրյակովից՝ Գարեգին Նժդեհ, Մեծն Վարդանից մինչև մերօրյա հերոսներ:

«ՀՀ ազգային հերոսներ» բաժինը մեկտեղել է երկրի բարձրագույն պարգևին արժանացած մարդկանց, որոնք անմնացորդ նվիրումով ծառայել ու ծառայում են ժողովրդին: Այդ անվանացանկը պատկառելի է ու ուշարժան. Վազգեն I, Վիկտոր Համբարձումյան, Կարեն Դեմիրճյան, Ալեք Մանուկյան, Քըրք Քըրքորյան, Շառլ Ազնավուր, Նիկոլայ Ռիժկով, Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան, Մովսես Գորգիսյան, Թաթուլ Կրպեյան, Գեղազնիկ Միքայելյան, Յուրա Պողոսյան, Ջիվան Աբրահամյան, Վիտյա Այվազյան:

Իհարկե, թանգարանի պատվավոր տեղում են Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանները՝ եռագույնը, զինանշանը, օրհներգը, ՀՀ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի լուսանկարները:

Ռազմական փառքի սրահում հայոց պատմությունը հավաքվում է ռազմական փառքի ասպետ Գուրգեն Դալիբալթայանի խոհուն տեսադաշտում: Գեներալ-գնդապետի մեծադիր նկարը, նրա կենսագրությանն ու մարտական ուղուն նվիրված վահանակները, թեմատիկ գրականությունը, հուշալբոմներն ու տեսաֆիլմերը, դիդակտիկ բազմաթիվ նյութերը ամբողջացնում, ամփոփում են ասելիքը, հիմնավորում թանգարանի խորհուրդը: