«Պեյո Յավորով» թանգարան

Երբ Արևելքում տապալվեն բռնակալության վերջին գահերը՝ սև և կարմիր, երբ վաղն ազատության հրեշտակն այցի կգա Արարատի սգավոր դաշտերին, անկախ Հայաստանի մայրաքաղաքում, սրի, գրչի ու խաչի հերոսների խորհրդանշական մարմարների կողքին կհառնի նաև Յավորովի հուշարձանը, և Արարատյան վսեմափայլ արևը ծագելիս ու մայր մտնելիս կհամբուրի և կոսկեզօծի մարդկայնության մեռոնով օծված նրա ճակատը:

                                                                                         Գարեգին Նժդեհ

Պեյո Յավորովի անընդհատ ներկայությունը յուրահատուկ յավորովյան մթնոլորտ է ստեղծում, որ հատուկ է միայն №131 դպրոցին: Այն սկսվում է բակում տեղադրված կիսանդրիից և ուղեկցում անընդմեջ: Հայերի սրտակից բարեկամն իր մեծ տանը՝ կրթօջախում, ունի իր անձնական անկյունը՝ «Պեյո Յավորով» թանգարանը: Այստեղ ամեն փաստ ու ցուցանմուշ առնչվում է պոետի կյանքին, ստեղծագործությանը, արձագանքում նրա հայացքներին ու խոհերին:

Թանգարանի կենտրոնում Յավորովի գեղանկարն է (հեղինակ` Հ.Ոսկանյան): Հայկական լեռնաշխարհն ու բուլղարական բնաշխարհը ներկայացնող կտավները (հեղինակ` Լ.Ղարիբյան) հարազատ շրջանակ են դառնում բանաստեղծի համար:

Յավորովը զգացել և արձագանքել է հայերի ցավին, «Հայերը» (“Арменци”) բանաստեղծությամբ ծառացել ոճիրի դեմ և արժանի պատիժ ակնկալել:

Երախտագետ հայերը զգայուն արձագանքել են բանաստեղծական այս խիզախումին, ու ծայր է առել ազնիվ ու անկաշառ մի բարեկամություն, որ հարազատ ու մտերիմ է դարձնում երկու ժողովուրդների:

Երախտագիտության վառ ապացույց է նաև հայոց դպրոցի անվանակոչությունը՝ Պեյո Յավորով, և դպրոցի որդեգրած կենսաձևը՝ ընդգծել այդ անունը կրելու բացառիկ պատիվն ու առաքելությունը՝ խորապես ըմբռնելով, որ այս վարքագծով ու վարկանիշով ներկայացնում է մի ողջ ժողովուրդ ու պետություն:

Ի դեպ, բանաստեղծի կյանքի դրամատիկ պատմությունը դարձել է լիամետրաժ կինոնկար՝ «Գործ 205/1913թ., Պ.Յավորով» վերնագրով, որի թարգմանությունն ու ցուցադրումը հանրային հեռուստատեսությամբ նախաձեռնել է Պ.Յավորովի անվան դպրոցը: Թարգմանիչ՝ Մարգարիտ Թերզյան:

Հայ-բուլղարական բարեկամության կամուրջը, շնորհիվ դպրոցի, այսօր դարձել է բանուկ, բացել համագործակցության նոր հորիզոններ: Հայաստան այցելած բոլոր պատվիրակությունները հյուրընկալվում են դպրոցում, տեսնում ու հուզվում իրենց ժողովրդի, մշակույթի ու պատմության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքից:

Մեր երկիր պաշտոնական այցի շրջանակներում դպրոցը պատվել են ԲՀ նախագահներ Պ.Ստոյանովը, Գ.Փըրվանովը, ԺԺ նախագահ Գ.Պիրինսկին, կրթության, մշակույթի նախարարները և այլք: Սերտ կապեր են հաստատվել Պլովդիվի Յավորովի անվան, Թութունջյանների հայոց և Սոֆիայի Վ.Սարոյանի անվան դպրոցների հետ: Իսկ 2000թ. Պլովդիվի համանուն դպրոցի 90-ամյա հոբելյանին մասնակցելու հրավերով Բուլղարիա այցելեց մեր պատվիրակությունը տնօրեն Գ.Սաֆարյանի գլխավորությամբ:

Դպրոցի ջերմ բարեկամներն են Հայաստանում ԲՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը, նախկին դեսպաններ Իվան Իվանչևը, Ստեֆան Դիմիտրովը, Թեոդոր Ստայկովը, հրապարակախոս և կինոռեժիսոր Ցվետանա Պասկալևան, ԱՕԿՍ-ի «Հայաստան-Բուլղարիա» ընկերության ներկայացուցիչները: Ջերմ ու հարազատ բարեկամություն էր հաստատվել նաև անվանի գրող, ԲՀ-ում ՀՀ նախկին դեսպան, երջանկահիշատակ Սևդա Սևանի հետ:

Դպրոցի ավանդական միջոցառումներից է նաև «Կիրիլիցա» սլավոնական գրի տոնը, որը կատարվում է մայիսի վերջին բուլղարական պատվիրակության ներկայությամբ:

Այցելուներին թանգարանը ներկայանում է Բուլղարիան, բուլղարական գրականությունն ու արվեստը ներկայացնող գրքերով, ալբոմներով, հուշալբոմներով, բուլղարական ազգային հուշանվերներով:

Թանգարանի ցուցանմուշներից առանձնանում է Պ.Յավորովի դիմաքանդակը, որը ԲՀ ԺԺ նախագահ Գեորգի Պիրինսկու նվերն է դպրոցին: Դիմաքանդակին զուգահեռ լռում է մի ուրիշ սրբություն՝ հայոց խաչքարը՝ թիկունքին ձյունափառ Արարատը:

Պատմությունը կրկնվում է, պատմության դասերը միշտ չէ, որ սերտվում են ըստ արժանվույն: «Հայերը» բանաստեղծությունը գրվել է համիդյան ջարդերի առիթով: Ժամանակ է անցել, ու Թուրքիայի հայահալած քաղաքականությունը նոր, առավել անգութ դրսևորումներ է ստացել: «Թուրքերը շարունակում էին իրենց նախկին քաղաքականությունը՝ կանգ չառնելով այնպիսի վիթխարի ջարդերի առջև, որպիսիք չէր հանդգնում անգամ Լենկթեմուրը»,- գրում է Վ.Բրյուսովը:

Իսկ Ֆ.Նանսենը շարունակում է. «1915թ. սկիզբ առան այս կոտորածները, որոնք իրենց հավասարը չունեն պատմության մեջ: Աբդուլ Համիդի ջարդերը դատարկ բան են թվում ժամանակակից թուրքերի իրականացրած կոտորածների համեմատությամբ»:

Պատմության արյունոտ էջերը թերթել ու զարհուրել են, պատմական անարդարության դեմ ընդվզել են աշխարհի առաջադեմ մարդիկ:

«Տեղահանության իսկական նպատակը թալանն ու ոչնչացումն էր: Իրականում դա բնաջնջման մի նոր եղանակ էր. երբ թուրքական իշխանություններն այդ տեղահանությունների հրաման էին տալիս, փաստորեն նրանք մի ազգի մահավճիռ էին արձակում»:

 

                                                                                   Հենրի Մորգենթաու

«Հայությունը վերջին շունչն էր փչում, բայց նա կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է, թանկագին արյուն է, որից ծնվելու է հերոսական սերունդ: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնում»:

                                                                                          Անատոլ Ֆրանս

«…Կայսրության բոլոր մասերում ցրված մեկ ու կես միլիոն բնակիչների տեղահանությունները ոչ մի կերպ չի կարելի արդարացնել ռազմական նկատառումներով: …Խոսքը մի ծրագրի մասին էր, որը նպատակ ուներ նախապես մտածված ու սառնասրտորեն հաշվարկված եղանակով բնաջնջել հայ էթնիկական տարրը»:

 

                                                                                   Յոհաննես Լեփսիուս

Մեծ եղեռնի սահմռկեցնող տեսարաններին զուգահեռ հնչում են այս խոսքերը՝ արյունաքամ արդարությանը շունչ տալու հույսով, հնչում են քառալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն՝ յուրատեսակ պատմական միջավայր ստեղծելով թանգարանում:

Ժամանակ է անցել: Ժամանակակից Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ շարունակում է բարձրանալ բողոքի ու ցասման ալիքը: Ավա՜ղ, նորից անմեղ զոհեր. Հրանտ Դինք:

«Պեյո Յավորով» թանգարանի մթնոլորտը առավել խորհրդավոր է դառնում սրբապատկերների, առավել հանդիսավոր՝ դպրոցի դրոշի շնորհիվ:

Այս հարազատ ու բազմաբովանդակ սրահի մի համեստ անկյունում կա մի ցուցանակ՝ հետևյալ մակագրությամբ.

«Թանգարանը կազմակերպել, ձևավորվել և բացվել է 2006-ի հոկտեմբերի 31-ին՝ ի շնորհ հետևյալ անձանց բարեգործական աջակցության. Աշոտ Գևորգյան, Վազգեն Պողոսյան, Գրիգոր Սաֆարյան, Մանվել Բադեյան, Պետր Սեկուլսկի, Ստեֆան Դիմիտրով՝ ՀՀ-ում ԲՀ արտակարգ և լիազոր դեսպան»:

 

Շնորհակալություն: