Ոգեկոչում

Ոհ, այն ատեն ես կը մեռնիմ:

Պետրոս Դուրյան

 

Ազգի հիշողության խարույկը բորբոք պահողները սերունդներն են: Մարդիկ, որոնք իրենց հիշողության տաքությամբ վանում են մարմրող օջախի տագնապը: Իհարկե, ժամանակը թելադրում է իր ընտրանին, բայց անանց արժեքներ կան, որ երբևէ և երբեք չեն խամրում, հևում են ժամանակների շունչը, մի խոսքով` դառնում դասական:

Մեծերին մեծարելով են ինքնահաստատվում սերունդները, ապահով պատի նման ամրացնում թիկունքն ու վստահ, հավատով շարունակում հարատև երթը:

Սիրելի՛ ընթերցող, մենք էլ ժառանգ ենք և հիշողության այս բանաձևում ոչինչ չենք ուզում փոխել:

Իսկ այժմ` ի բնե®

Դպրոց, նպատակ, աշխատանք®

Ամենամյա տոն հայ մշակույթի, որ ավանդույթից վերաճել է սովորույթի: Սովորույթ հիշելու, մի հարկի տակ ժողովելու, ոգեկոչելու մեծերին: Եթե բարեբախտություն է լինում հանդիպելու ու շփվելու այդ մեծի հետ, նաև երջանկանալու այդ պատեհությամբ: Եթե` ոչ, ուրեմն երախտագիտության ազնիվ հուզումով վերապրելու ու վերագնահատելու անցածը:

Այսպիսով այսպիսի արդեն սովորական մի ավանդույթ Երևանի Պեյո Յավորովի անվան №131 դպրոցում մշակութային կամուրջ էր ձգել հայազգի երկու մեծերի` «աշխարհի առաջ մեր ազնվության վկայականի»` հավերժ երիտասարդ Պետրոս Դուրյանի և հայագիտության պատկառելի դեմքերից մեկի` Գալուստ Տեր-Մկրտչյանի անվան ու վաստակի միջև:

Դուրյանը գրականություն է մտել որպես դրամատուրգ, և նրա ինը թատերգություններից ոչ բոլորն են անխաթար հասել մեզ: Բանաստեղծ Դուրյանին մեր հոգու մեջ փայփայելով` որոշեցինք «Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան» թատերախաղը բեմադրել, որովհետև կար ասելիք, կար պատմության դասերը վերանայելու անհրաժեշտություն:

Այս համարձակ նախաձեռնությամբ դպրոցի IXգ և VIIբ դասարանների աշակերտներին ոգևորել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Սարուխանյանը:

Դպրոցական բեմից հնչում էր երգեցիկ արևմտահայերենը, սաները հայրենասիրության ու զգոնության դասեր էին տալիս փոքրիկ դերասանների վարպետությամբ:

Մշակութային հաջորդ հանգրվանը անվանի հայագետ Գալուստ Տեր-Մկրտչյանի անվան հայագիտության լսարանի հանդիսավոր բացումն էր: Ի դեպ, ամենամյա տոնի տրամաբանության անքակտելի բաղկացուցիչն է նաև այն, որ ամեն տարի կրթօջախը համալրվում է մի նոր ու հետաքրքիր անկյունով` թանգարան, սրահ, լսարան, կաբինետ:

Ականավոր հայագետի, պատմաբանի, բնագրագետ-աղբյուրագետի, թարգմանչի ու խմբագրի խոհուն տեսադաշտում լուռ զրուցում են հայոց մտքի ու հոգու հանճարները (ըստ Հրաչյա Ռուխկյանի «Բույլ հանճարաց» նկարաշարի), Խաչատուր Ազիզյանի «Լույս իջնի վրադ, Հայաստա՛ն» և Վիկտոր Հովհաննիսյանի «Հայոց գիրը» պաննոները, հայոց հավատի ու կրթության կենտրոն վանքերն ու եկեղեցիները, հայագիտության կարկառուն դեմքերն ու նշանավոր կենտրոնները, բազմաբովանդակ վահանակները: Մի անկյուն, որ այսուհետ հայ երեխայի գիտակցության և բնազդի մեջ արթուն կպահի հինավուրց ու ինքնատիպ ազգի արժանապատվությունը:

Հանդիսության հանդիսավորությունն ինչպես միշտ ապահովել էին դպրոցի ստեղծագործական խմբերն ու խմբակները, շնորհալի սաները:

Երկու գագաթ, հոգևոր անձեռակերտ կամուրջ, որ այս անգամ ևս կցրի Դուրյանի տագնապը. մահ չկա. անմահությունը վաղուց դարձել է հայոց մեծերի ճակատագիրը:

Հիշենք և ոգեկոչենք®

(Նաիրա Զաքարյան, «Կրթություն»)