Ճանապարհ

Հնի կայուն հիմքի վրա կառուցվում էր նոր դպրոցը՝ նոր ժամանակների շնչով, նոր ժամանակների թելադրանքով, նորին համաքայլ, բայց հին ու բարի ավանդույթների ազնիվ ընկալումով, ճիշտը, հաջողվածը, լավը տեսնելու ու փայփայելու ազնիվ մղումով:

Դպրոցը հավատի տաճարի պես խորան է լուսո: Պատահական չէ, որ այս կրթօջախի կենսագրությանը նվիրված գրքույկներից մեկը հենց «Խորան լուսո» խորագիրն է կրում:

Հավատի տունը իր առաքելությունն ունի պահել-պահպանելու մարդու կյանքը բարոյական աղտ ու աղարտից, հավատի ու հույսի ուժով նրան դարձի բերելու խոտոր ճանապարհից: Մտքի տունը՝ դպրոցը, կիրթ, գրագետ, մտածող ու զգայուն, ստեղծագործող ու երազող անհատի կայացման բացառիկ հնարավորություն ունի:

Ազգային դպրոցը, պետական դպրոցը նաև կոչված է ազգային նկարագրով, ազգային ինքնագիտակցությամբ ու ծրագրերով, պետական մտածողությամբ ու քաղաքացիական դիրքորոշմամբ հասարակություն ձևավորելու: Չէ՞ որ երկրի ապագան ներկա դպրոցում է, և լավ դպրոցը կարող է լավ երկրի հեռանկար ապահովել:

Սիրելի՛ ընթերցող, կյանքը առաջ չի գնա, եթե անցյալի ժառանգությունը որդեգրվի անփոփոխ, և չավելացվի ոչինչ: Ժամանակը թելադրում է կենսակերպ, ժամանակը, ցավոք, ունի նաև մարտահրավերներ, որոնց պետք է դիմակայել:

Երևանի թիվ 131 դպրոցը իր վերածննդի ռազմավարությունը կառուցեց մշակութային հենքի վրա: «Կուլտուրայի հոգին հոգու կուլտուրան է» նշանաբանով՝ յավորովցու ձևավորման, կրթության ավանդական եղանակներին միացավ մշակութային դաստիարակությունը, որն իրականացվում էր ամենատարբեր մեթոդներով՝ սկսած շենքի ներքին հարդարումից մինչև բազմաբովանդակ միջոցառումները, մինչև «Հայ մշակույթի տոն» ամենամյա հանդիսությունը, որը կայանում է դպրոցի ստեղծագործական խմբակների ակտիվ մասնակցությամբ:

Սա, իհարկե, առանձին խոսակցության նյութ է:

Դպրոցը եկեղեցու պես նախևառաջ ճարտարապետական կառույց է: Եվ ինչպես եկեղեցին է ամբողջանում որմնանկարներով, խնկահոտով, բովանդակային ու բացատրելի մանրամասներով, այնպես էլ կրթօջախը իր ձևավորմամբ հուշում է կարևորը, էականը, մեկնելին:

Իսկ հիմա, սիրելի՛ բարեկամ, դարձի՛ր դպրոցով անցնող ճանապարհի աչալուրջ ուղեկիցը, զինվի՛ր համբերությամբ. ուղին երկար է ու հագեցած:

Դպրոցը սկսվում է բարեկարգ բակով: Արդեն պատկառելի տարիք ունեցող եղևնիները ասես կանաչ պահապաններ լինեն, որոնց տեսադաշտում է նաև Պեյո Յավորովի կիսանդրին:

Գլխավոր մուտքն առաջնորդում է նախասրահ, որը երկշերտ է: Սրահի առաջին հատվածում հայատառ առաջին նախադասությունն է. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Մեսրոպատառ առաջին պատգամը մեր ժողովրդի իմաստության վկայագիրն է ու դիմումը դարերին:

Դիմացի պատից մեզ է ժպտում Յավորովի խճանկարը, և նրա հանրահայտ «Հայերը» բանաստեղծության առաջին քառատողը խոսում է հայի սրտի հետ:

Մի քանի աստիճան, և սյունազարդ սրահի որմնանկարը ամբողջացնում է հայոց դպրոցի առաքելությունը: «Պատմության քառուղիներով» պաննոն ներկայացնում է պատառիկներ հայ ժողովրդի կենսագրությունից. գրքի պաշտամունք, թատրոն, ճարտարապետություն, քանդակագործություն, գիտություն, հուր և սուր, գաղթ ու պայքար, պայքար ու հաղթանակ՝ պետություն, եկեղեցի:

Այնուհետև Հայաստանի պետական խորհրդանիշներն են՝ դրոշը, օրհներգը (նաև նոտագրված), զինանշանը՝ Կառավարական շենքի և Սասունցի Դավթի արձանի ընկերակցությամբ, տերունական աղոթքը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.ՏՏ Գարեգին Բ-ի լուսանկարները: Այս ամենի համար վերնագիրը վերջում. «Ի՛մ քաղցրանուն, իմ բարձրանուն, իմ տառապած, իմ փառապանծ»:

Հաղթանակը լուրջ ձեռքբերում է ու տքնաջան աշխատանք: Այն ձեռք է բերվում միասնության, բռունցքվելու դեպքում, երբ տրոփում է մեկ հավաքական սիրտ, խոկում է մեկ հավաքական միտք:

«Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» չարենցյան պատգամը ևս յավորովցու ենթագիտակցության մեջ հիմնավորելու նպատակներից է: