Հարուստ է դպրոցի առօրյան

Երբ մտանք դասասենյակ, փոքրիկներն արդեն նախապատրաստել էին դիտողական անհրաժեշտ պարագաները՝ տիկնիկները, կենդանիների ռետինե ֆիգուրներն ու նկարները: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Լենա Աղաջանյանի համար դրանք նորություն չէին, ոչ էլ հյուրերի համար պատրաստված անակնկալ:

3

Պարզապես տարրականում ռուսաց լեզվից կիսվող խմբերն ունեն երկու հարուստ կաբինետներ, որոնցում երեխաներն իրենք են նախապատրաստում հաջորդ դասի անհրաժեշտ պարագաները: Ստուգվեց տնային հանձնարարությունը: Արսենը տառադարանի վրա կազմեց ընկերոջ առաջադրած բառերը, իսկ մյուսները, միմյանց հարցեր առաջադրելով, պատմեցին թե հատկապես ինչով են զբաղվել տանը նախորդ օրը:

4

Կարդացին օրվա դասը, պատասխանեցին ուսուցչի և ընկերների հարցերին: Պատասխանում էին ճիշտ, նաև սխալներով, բայց բոլորը ռուսերենով: Իսկ երբ երեխան դժվարանում էր գտնել առարկայի անվանումը, նրան օգնում էին ընկերները. բառը գրում էին գրատախտակին, խոսքը կրկնում արդեն ճշտված: Մեծ տեղ տրվեց կենդանի խոսքին, քերականության ուսուցմանը: Հնչեց զանգը, և նրանք բարձր տրամադրությամբ դուրս եկան միջանցք: Բոլորն էլ մասնակցել էին դասին, լրացրել ընկերոջը կամ պատասխանել, իսկ սխալների համար ոչ մի բարձր խոսք չեղավ ուսուցչուհու կողմից: Տակտն արդեն մտերմացրել էր երկրորդ դասարանցիներին նրա հետ, դարձրել անկաշկանդ և խելոք:

5

Մտածում ես, որ տարիներ անց այս փոքրիկները դպրոցը կավարտեն երկրորդ մայրենիից ստացած հարուստ գիտելիքներով: Չէ՞ որ նրանք հոգատար ձեռքերում են: Ապացույցը չուշացավ: 8-րդ «բ»-ում, երբ Հասմիկ Վարդանյանն ամփոփում էր նախորդ ժամին անցած նյութը, ձեռքերի անտառը դարձյալ խիտ էր, բայց ավելի հանգիստ ու հաստատ:

Օնեգինի կերպարը Ռուզանի համար վերլուծելը դժվար չէր: Նա արտասանեց հատվածներ, ավելի ճիշտ ասմունքեց: Նրա ընկերը հատվածներ էր «ջոկում»՝ բնութագրելու Օնեգինի ժամանակաշրջանը, իսկ Գեղեցիկը ներկայացրեց Տատյանային: Նյութի յուրացումը հաստատուն է, աշակերտների խոսքը՝ պարզ ու հստակ, գրեթե անսխալ:

6

Ուրույն ձեռագիր ունի Թերեզա Հովհաննիսյանը, սակայն նույն նպատակին՝ ուսուցանելուն, նա հասնում է քիմիայի լեզվով: Պարբերական սիստեմի յուրաքանչյուր վանդակ 9-րդ «բ»-ի աշակերտներն անգիր գիտեն, գիտեն նրանցում պարփակված էլեմենտի ուժն  ու արժեքը: Դրանք հեշտությամբ միացնում են իրար ու անջատում, կազմում հավասարումներ և լուծում խնդիրներ, մտովի տեղափոխվում մեր երկրի քիմիական գործարանները, էքսկուրսիա կատարում:

Դպրոցականների գաղափարական և աշխատանքային դաստիարակությունն այսօր առավել առաջնահերթ խնդիրներ են մայրաքաղաքի Յավորովի անվան դպրոցում: Դրանք լուծվում են տարրական դասարաններից սկսած: 3-րդ «գ»-ում ուսուցչուհի Ալիսա Վարդանյանը հայրենի բնությունից հարցնում էր «Աղստևի ափերով» դասը: Չափազանցություն չի լինի ասել, որ փոքրիկներն անգիր գիտեն Հայաստանի աշխարհագրական քարտեզը: Դասերից հետո Ա.Վարդանյանը երեխաների հետ կահավորել է դպրոցի կենսաբանության երկրորդ կաբինետը, որը չի զիջում հիմնականին:

9

Դպրոցական շենքը բաղկացած է իրարից անջատ երկու շենքերից: Նրանցից մեկում հիմնականում տեղավորված են 1-5-րդ դասարանները: Դասերն արդյունավետ կազմակերպելու համար պահանջվում էր տեղում ստեղծել ուսումնանյութական անհրաժեշտ բազա: Այդ միտքը խանդավառություն առաջ բերեց բոլորի մոտ և շուտով մասնաշենքում ստեղծվեցին կենսաբանության, ռուսաց լեզվի, երաժշտության և հայոց լեզվի կաբինետներ, որոնք իրենց կահավորմամբ չեն զիջում մայր կաբինետներին: Տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Սոնյա Բեժանովան հմտորեն ղեկավարեց գործը, և այժմ մասնաշենքում այդ հարցերը հիմնականում լուծված են:

10

Ծանոթացանք հայոց լեզվի և գրականության երիտասարդ ուսուցչուհի Հասմիկ Կորկոտյանի աշխատանքներին: Ահա նրա դասալսումների գրառումները. անցել է Չարենց, իսկ մինչ այդ դաս է լսել ռուս գրականության ուսուցչուհու մոտ, երբ վերջինս անցնում էր Մայակովսկի: Սկսնակ ուսուցչուհին ձգտել է սովորել բոլորից: Եվ դա օգնել է նրան: Դասալսումները ցույց տվեցին, որ աշխատանքում նոր ոտք դրած ուսուցչուհին արդեն հասցրել է շատ բան սովորել իր գործընկերներից՝ չզլանալով առաջավոր փորձն ավելացնել իր գիտելիքներին:

 

11

Դպրոցում գործող արտադասարանական-առարկայական 15 խմբակներն այսօր դարձել են աշակերտության մասնագիտական կողմնորոշման հիմնական խթանը: Որպես դրա ապացույց նրանք ներկայացնում են Ս.Հովսեփյանին, Ա.Պամաքզյանին, Ս.Հակոբյանին, Մ.Գրիգորյանին, Ա.Ղուկասյանին, որոնք դպրոցն ավարտելուց հետո անմիջապես ընդունվել են երաժշտական ուսումնական հաստատություններ: Դպրոցի երգչախումբը անցյալ տարի Մոսկվայում մասնակցեց ԺՏՆՑ-ի համամիութենական դպրոցական երգի փառատոնին: Սա եզակի երևույթ չէ:

Վերջին տարիներին դպրոցի պատանի մաթեմատիկոսները, քիմիկոսները և ֆիզիկոսները հանրապետական օլիմպիադաներում մրցանակային մի շարք տեղեր են գրավել: Արտադասարանական խմբակները դպրոցում ծառայում են ոչ միայն սովորողների հակումները խորացնելուն, այլև դաստիարակության յուրօրինակ գործոններ են: Դրանցում ընդգրկված երեխաները դառնում են կարգապահ և ուսման առաջավորներ: Նման շատ անուններ թվեցին արտադպրոցական-արտադասարանական աշխատանքների կազմակերպիչ Պ.Քեչյանը և ավագ ջոկատավար Պ.Հովսեփյանը: Նրանք կարևոր տեղ են տալիս պատանիների և աղջիկների գաղափարական և մշակութային զարգացմանը: Դրա մասն է կազմում աշակերտ-միջավայր թեման, որտեղ ուշադրություն է դարձվում հասարակական միջավայրում երեխաների վարքագծի մշակմանը: Այս նպատակով ուսուցիչները հաճախ են կազմակերպել թատերական կոլեկտիվ դիտումներ, էքսկուրսիաներ, որոնցից հետո հրավիրվել են դասղեկների խորհրդակցություններ և քննարկվել անցկացրած միջոցառումների արդյունքները:

19

15

 

 

 

 

 

 

 

 

Մայրաքաղաքի №131 դպրոցի մասին մեր նյութը թերի կստացվի, եթե չանդրադառնանք ինտերնացիոնալ բարեկամության ակումբի գործունեությանը: Դրա կիզակետը Բուլղարական Ժողովրդական Հանրապետության դպրոցականների հետ բարեկամական կապն է: Այդ բարեկամությունը վաղուց է հաստատվել: Տարեկան Բուլղարիայից մի քանի պատվիրակություններ են հյուրընկալվում այստեղ, ծանոթանում դպրոցի աշխատանքներին, կատարում փորձի փոխանակում:

Հյուրերը չեն մոռանում իրենց բարեկամ դպրոցը հարստացնել բուլղար ժողովրդի կյանքը պատկերող նյութերով:  Նրանց ուղարկած ցուցանմուշներով է կազմված դպրոցում սովետա-բուլղարական բարեկամության մշտապես գործող ցուցահանդեսը, որի երկրորդ սրահում ներկայացված են ալբոմներ, հուշամեդալներ, լուսանկարներ: Դպրոցի դիրեկտոր Մերուժան Իսպիրյանը մեզ պատմեց մի հուզիչ դեպքի մասին: ԲԺՀ-ի 30-ամյակի կապակցությամբ բուլղար բարեկամները ջերմ հանդիպում են ունեցել դպրոցում, երգել են, պարել: Պ.Յավորովի «Հայեր» բանաստեղծությունը բուլղարերեն արտասանել է 5-րդ դասարանցի Ծաղիկ Թեքելյանը: Դա շատ է հուզել հյուրերին:

 (Մ.Թոխաթյան, «Սովետական դպրոց», 1974թ.)

 Բարձր արդյունքներ

 Երևանի Յավորովի անվան դպրոցի 8-րդ «ա» դասարանում երկրաչափության քննություն է, որն անցկացվում է մաթեմատիկայի կաբինետում: Քննական սեղաններին դրված են երկրաչափական մարմինների մոդելներ, չափիչ գործիքներ: Ուսուցչուհի Սեդա Քոսյանը դասարանը բաժանել է երկու մասի: Ահա սկզբում քննություն հանձնողները հանգիստ ու վստահ տեղեր են գրավում կաբինետում: Երեք աշակերտներ, հարցատոմս վերցնելով, նստում են մտածելու: Սակայն դա շատ կարճ է տևում: Նրանք շուտով պատասխանելու ցանկություն են հայտնում:

16

Հետաքրքիր, ուսանելի, ընդօրինակման արժանի է ուսուցչուհու՝ քննություն անցկացնելու եղանակը: Պարզ երևում է, որ այն դասարանում կատարված ամենօրյա լարված աշխատանքի, հարցման և գիտելիքների յուրացման ակտիվ մթնոլորտ ստեղծելու տրամաբանական շարունակությունն է:

«5» են ստանում այս դասարանի 28 աշակերտներից 14-ը: Եղան նաև «3»-ներ, սակայն դրանք այն «3»-ները չէին, որոնք մի կերպ են նշանակվում ու նաև մտահոգող են: Սրանք աշակերտի աշխատանքով ձեռք բերված, նրա հետագա աճը հավաստող խոստումնալից գնահատականներ էին և խոսում էին այն մասին, որ ուսուցչուհու համար չեն եղել մաթեմատիկան չըմբռնող երեխաներ: Նա բոլորին է աշխատեցրել: Այդ արել է թե՛ ուսուցման ընթացքում, թե՛ կոնսուլտացիաների ու կրկնության ժամանակ:

30

Երկրաչափության քննությունները լավ արդյունք տվեցին նաև Նորա Չախոյանի, Գրիգոր Սաֆարյանի դասարաններում: Երիտասարդ ուսուցիչ Գրիգոր Սաֆարյանը իր ավագ ընկերների օրինակով ամեն ինչ անում է, որպեսզի երեխաները սիրեն մաթեմատիկան: Այդ նպատակով նա հաճախ է անցկացնում առարկայական ցերեկույթներ, մրցույթներ, որոնք միշտ էլ բարձր մակարդակով են անցնում:

—  Մեզ մոտ, — ասում է դպրոցի տնօրեն Մ.Իսպիրյանը, — մաթեմատիկայի բոլոր ուսուցիչներն են լավ աշխատում: Մի՞թե դրա ապացույցը չէ այն փաստը, որ մեր շրջանավարտների զգալի մասը տեխնիկական մասնագիտություններ է ընտրում, իսկ բուհական ընդունելության քննություններին հաջողություն է ունենում:

 (Ա.Մնացականյան, «Սովետական դպրոց», 1979թ.)

 Ցերեկույթ մաթեմատիկայից

 Երևանի Պ.Յավորովի անվան № 131 դպրոցի մաթեմատիկայի հաշվետու ցերեկույթում քննարկվեց «Հասարակական կյանքում մաթեմատիկայի տեղն ու դերը» հարցը:

Հնչում է հոգեզմայլ մեղեդի: Լսվում են ճարտարապետ Թ.Թորամանյանի խոսքերը. «…հայ մարդը 0.80 մետր տրամագիծ ունեցող քարեր չորս սյուներու և 0.60 մետր տրամագծով երկու սյուներ իրար միացնող չորս աղեղներու վրա կախել է հազարներով տոննա ծանրություն, տարողությանց նրբին հաշիվներու մասին իր ունեցած կատարյալ հմտությանը վրա վստահ»: Բացվում է վարագույրը: Բեմի մի կողմում Անանիա Շիրակացու մեծադիր դիմանկարն է, մյուսում` Զվարթնոցի: Այս գործերի հեղինակը իններորդ դասարանի գերազանցիկ աշակերտ Աշոտ Զաքարյանն է: Հանդիսատեսին է ներկայացվում Շիրակացու և մեր օրերի աշակերտի երևակայական հանդիպում-պատկերը: Դա ոչ թե Շիրակացու մասին սոսկ պատմական տեղեկությունների հաղորդում է, այլ ունկնդիրներին ճանաչման պրոցես ներգրավելու մի գեղեցիկ մտահղացում: Առաջադրված մաթեմատիկական խաղերը և վիկտորինայի սրամիտ խնդիրները աշխուժություն են առաջացնում դահլիճում:

Ուշադրություն է գրավում «Երկրաչափության դաս 7-րդ դասարանում» մտահղացումը: Այն կառուցված է  Հովհ. Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հանրահայտ հեքիաթի հենքի վրա. ամեն ինչ այնքան լավ էր արված, որ «հեքիաթ-երկրաչափությունը» մշտական որոնման մեջ է պահում հանդիսատեսին:

«Հեքիաթ-երկրաչափության» գլխավոր հերոսը Սեղանն է, որը, Բազմանկյուն թագավորի` ամեն տեսակ շարժում արգելող հրամաններին հակառակ, միշտ գտնում է շարժման հնարավոր ելքը: Աշակերտները լարված սպասում էին, որոնում, թե Բազմանկյուն թագավորի յուրաքանչյուր հրամանից հետո Սեղանն ինչպե՞ս պետք է դուրս գա անելանելի վիճակից:

Այս հետաքրքիր միջոցառման կազմակերպիչը մեթոդմիավորման նախագահ Գ.Սաֆարյանն էր:

(Սանասար Ուստյան, ՀՍՍՀ մանկավարժական ընկերության ավագ հրահանգիչ,
«Սովետական դպրոց», 1980թ.)

 Փոքրիկ Արարատի մեծ հաղթանակը

Ավարտվեցին «Կաշվե գնդակ» ակումբի համամիութենական եզրափակիչ մրցումները` նվիրված Մեծ հաղթանակի 30-ամյակին:

33

Վորոնեժ քաղաքում իրենց վարպետությունը ցուցադրեցին կրտսեր տարիքի (11-12) ֆուտբոլիստները: Այդ մրցումներում Հայաստանը ներկայացնում էին Երևանի Շահումյանի շրջանի «Արարատ» բակային թիմը: «Արարատը» հարազատ մնաց իր բարձր կոչմանը: Թիմի տղաները այդ մրցումներում իրենց դրսևորեցին լավագույն կողմերով: Ընտրական խաղերի ժամանակ նրանք միևնույն 5:0 հաշվով հաղթեցին մոսկվացիներին ու մոլդովացիներին, 3:0 հաշվով` սվերդլովցիներին, 1:0 հաշվով` Կալինինգրադի թիմին և 0:0 հաշվով ավարտեցին միայն վերջին հանդիպումը ուզբեկ ֆուտբոլիստների հետ: Կիսաեզրափակիչում «Արարատը» երկու անպատասխան գնդակ խփեց Կրասնովոդսկի «Վոլնայի» դարպասը և իրավունք նվաճեց հանդես գալու եզրափակիչում:

20

«Արարատը» վճռական խաղում իրեն արժանի մրցակից ուներ` հանձին Կիրովաբադի «Քյափազ» թիմի: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց անարդյունք, բայց լրացուցիչ 20 րոպեում մրցումներում այնքան եռանդ ու նվիրվածություն ցուցաբերած արարատցիները ասպարեզ հանեցին իրենց ամբողջ կարողությունները: Լրացուցիչ ժամանակի 6-րդ րոպեին Ավետիք Դեմիրճյանին հաջողվեց խոցել կիրովաբադցիների դարպասն ու այնքան ցանկալի հաղթանակ բերել իր թիմին:

Դա մեծ նվաճում էր: Ոսկե մեդալներով պարգևատրվեցին Յուրիկ Հովհաննիսյանը, Միսակ Էջուրյանը, Ավետիք Դեմիրճյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը, Արսեն Խաչիկյանը, Արտակ Հովհաննիսյանը, Արմեն Ասլանյանը, Պողոս Գալստյանը, Հմայակ Զիրոյանը, Գուրգեն Հակոբյանը, Արթուր Ռշտունյանը, Միհրան և Մաթևոս Ջելեբյանները, Սեդրակ Ստեփանյանը: Բացի այդ, մրցաշարի լավագույն հարձակվող ճանաչվեց թիմի ռմբարկու (8 գոլի հեղինակ) Պ.Գալստյանը, լավագույն կիսապաշտպան` Ա.Ասլանյանը, լավագույն դարպասապահ` Յու.Հովհաննիսյանը, միակ դարպասապահն այս մրցաշարում, որ ոչ մի անգամ գնդակը դուրս չբերեց սեփական դարպասից: Այս մրցումներին թիմը նախապատրաստել էին մարզիչ Սամվել Գասպարյանը (Պեյո Յավորովի անվան հ. 131 դպրոցի ուսուցիչ), թիմի ղեկավար Սեդա Հովհաննիսյանը և հասարակական կարգով օգնական, սպորտի վարպետ Անատոլի Զիրոյանը:21

 

 

Պատանի ֆուտբոլիստների գերակշռող մասը սովորում է Երևանի Պ.Յավորովի անվան 131-րդ դպրոցում (դիրեկտոր` Մ.Իսպիրյան):

 Պիոներ կանչ»)

Առաջին ուսուցիչը

Դաս է… Յավորովի անվան դպրոցի 2-րդ «ա» դասարանում մայրենի լեզվի դաս է: Թեման փոքրիկ մի պատմվածք է պապի մասին. կյանքի շեմին նոր ոտք դրած պատանուն ուղղված մաղթանքներ, ցանկություններ:

Հետաքրքրական էին ուսուցչի հարցադրումները, որոնք օգնում էին բացահայտելու ծեր մարդու բազմախորհուրդ խրատների իմաստը: Դասարանն ակտիվ էր, գրեթե բոլորն ուզում էին պատասխանել, թե պապն ինչ ժառանգություն է թողնում թոռանը՝ լինել ազնիվ, աշխատասեր, մարդասեր…

Եվ այսպես, ժամ առ ժամ, օրեցօր ձևավորվում է անհատը, նրա աշխարհայացքը, վերաբերմունքը իր, ընկերոջ և շրջապատի հանդեպ: Տարրական դասարանում արդեն երեխան դառնում է գրաճանաչ, գրագետ: Լեզուն ժողովրդի արմատն է, և այդ արմատի հիմքերը գցվում են հենց տարրական դասարանում: Մեր ապագա սերնդի, գրագետ սերնդի դաստիարակության գործում անգնահատելի է տարրական դասարանների ուսուցիչների դերը: Այս այն ասպարեզն է, որտեղ պահանջվում է ամենօրյա լարված աշխատանք, արթուն աչք յուրաքանչյուրի նկատմամբ:

Իսկ նրանք 42-ն են ու իրարից այնքան տարբեր: Սակայն այսօր սիրելի ուսուցչի համբերատար, հոգատար և միաժամանակ խստապահանջ վերաբերմունքի շնորհիվ բոլորն էլ գրաճանաչ են, կարդում են վարժ ու սահուն, կարողանում են անսխալ լուծել խնդիրներ ու վարժություններ:

Հասմիկ Խաչիկյանը 30 տարվա մանկավարժ է, օտար լեզվի՝ գերմաներենի մասնագետ:

Արդեն 20 տարի է, ինչ Հասմիկ Խաչիկյանը №131 դպրոցի դասվարներից է և պատվով է կատարում իր դժվարին և կարևոր գործը: Նա տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահն է և արդեն 15 տարի ակտիվորեն մասնակցում է քաղաքային, շրջանային մանկավարժական ընթերցումներին: Հանրապետական ընթերցումներում գրավել է առաջին տեղը:

Հ.Խաչիկյանին հուզում է ոչ միայն երեխաներին գրաճանաչ դարձնելը, այլև նրանց հոգում աշխատասիրություն, պարտաճանաչություն սերմանելը: Նրա մանկավարժական սկզբունքներից է երեխաների մտաշխարհում զարգացնել երևակայությունը, օգնել նրանց ինքնուրույն մտածել, ունենալ սեփական լեզվամտածողություն, արդեն դպրոցական նստարանից նրանց մեջ սերմանել ներքին կարգապահության և պատասխանատվության սաղմեր: Ուսուցչուհու օրը բազմազբաղ է: Մանկավարժական հերթական նիստ, զեկուցում մանկավարժական ընթերցումներում կամ դպրոցի ծնողական համալսարանում, տարբեր միջոցառումներ դպրոցից դուրս: Եվ այս ամենին ուղեկցում է ինքնակրթության մշտատև ընթացքը: Որքան էլ տարիների փորձ,անձնական պարտաստվածություն ունենաս, այնուամենայնիվ, անհրաժեշտ է թարմացնել և՛ դասավանդման մեթոդները, և՛ հարստացնել մասնագիտական գիտելիքները:

Ուսուցչի արտադասարանական ակտիվ հասարակական գործունեությունը գնահատված է բազում շնորհակալագրերով և գովասանագրերով: Անձնվեր աշխատանքի համար նա արժանացել է նաև Վ.Ի.Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալին, ըստ արժանվույն կրում է և «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանը:

Ուսուցչուհու տանը հաճախ են հավաքվում և՛ այսօրվա, և՛ նախկին աշակերտները: Խորհրդակցում, զրուցում, ապագայի պլաններ են կազմում: Եվ այդ կապը շարունակվում է տարիներ…

  (Ա.Հովնանյան, «Երեկոյան Երևան», 1984թ.)

Դասը վարում էհեռուստացույցը

 №131 դպրոցի հեռուստակենտրոնում ենք: Չափազանցություն չկա, դա իսկական հեռուստակենտրոն է, մի տարբերությամբ միայն, որ նրանց հաղորդումները միմիայն դպրոցի համար են: Բոլոր կաբինետներն ունեն հեռուստացույցներ և կապ հեռուստակենտրոնի հետ: Ուսուցիչը պատվիրում է դասը կամ համապատասխան թեման, և անմիջապես կատարվում է նրանց պատվերը: Մենք դպրոցում եղանք այն պահին, երբ ռուսաց լեզվի գծով ուսմասվար Է.Խաչատրյանը ռուս մեծ գրող Ա.Չեխովի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ բարձր դասարանցիների համար ցանկացել էր լրացուցիչ թեմա՝ գրողի երկերի որևէ էկրանավորում: Ինժեներ, հեռուստակենտրոնի հիմնադիր Ա.Անդրոյանը և լաբորանտ Ն.Բադալյանը պատրաստվում են կատարելու ուսուցչուհու ցանկությունը: Աշխատանքներ են տարվում գունավոր հաղորդումներ անցկացնելու ուղղությամբ:

Երեկոյան Երևան», 1985թ.)

 Երբ ուսուցումն աշխույժ է անցնում

Երևանի №131 դպրոցի 3-րդ դասարանում ռուսաց լեզվի հերթական դաս է: Ուսուցչուհի Ե.Արզումանյանը, որն արդեն 15 տարվա մանկավարժական փորձ ունի, անում է ամեն ինչ դասը բովանդակալից և աշխույժ դարձնելու համար: Այժմ նրան օգնության են եկել ուսուցման տեխնիկական միջոցները: Հերթական դասը ուսուցչուհին անց է կացնում լինգոֆոնային միջոցներով: Սկզբում երեխաներին ականջակալները խաղալիք էին հիշեցնում, իսկ այժմ նրանք ազատորեն օգտվում են դրանցից:

31

Ե.Արզումանյանի ջանքերով բազմաթիվ կաբինետներ հարստացվել են դիդակտիկ անհրաժեշտ նյութերով ու պարագաներով: Քիչ անց կհնչի դասամիջոցն ազդարարող զանգը, և աշակերտները աշխույժով ու ծիծաղով կլցնեն դպրոցի միջանցնքները, իսկ ուսուցչուհին կպատրաստվի հաջորդ դասին՝ անընդհատ որոնելով նորը, առաջավորը, հետաքրքիրը:

Իսկ երբ դասն անցնում է աշխույժ ու հետաքրքիր, ուսուցումը անպայման դառնում է ցանկալի, հեշտ:

  («Երեկոյան Երևան», 1985թ.)

Պ.Յավորովի անվան դպրոցը 20 տարեկան է

 Յուրօրինակ հոբելյան նշեց Երևանի №131 միջնակարգ դպրոցը: Լրացավ ուսումնական հաստատությունը բուլղարացի ականավոր բանաստեղծ Պեյո Յավորովի անունով կոչելու 20 տարին:32

Այդ ընթացքում դպրոցը նշանակալի հաջողություններ է ձեռք բերել աճող սերնդի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով: Դպրոցի շրջանավարտներից ավելի քան 1000 սաներ դարձել են ինժեներներ, բժիշկներ, պարզապես լավ մասնագետներ:

 Ավանգարդ»)