Հավատի ղողանջներ

Ազգի գոյության անառարկելի պահապաններն են լեզուն, դպրոցն ու մշակույթը: Իսկ եթե այս երեքն առաջ են գնում համաքայլ, այդ դաշինքից են ծնվում այն լույսն ու հավատը, որն անհրաժեշտ է ապրելու և ապագային նայելու համար:

Նյութի մուտքն արդարացնելու համար կխոսենք մի դպրոցի մասին, որտեղ ամենամյա և ավանդական է դարձել հայ մշակույթի տոնը: Այն այս անգամ նվիրված էր Քրիստոնյա Հայաստանի 1700-ամյակին:

Նոյեմբերի 15-ին մարդաշատ էր Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցը, որն իր հարկի տակ հյուրընկալել էր կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակի թաղապետարանի, Կրթական բարեփոխումների կենտրոնի ներկայացուցիչներին, դպրոցների տնօրեններին, ծնողներին: Այստեղ էին նաև Հայաստանում Բուլղարիայի դեսպան Իվան Իվանչևը, բուլղարացի հյուրեր և այլք:

Միջոցառումը մեկնարկեց Կոմիտասյան սրահից: Դպրոցի տնօրեն Գ.Սաֆարյանի բացման խոսքից հետո սրահում թևածեց հայոց ոգեղեն երգը: Ուսուցչական և աշակերտական միացյալ երգչախմբերի ինքնատիպ կատարմամբ հնչեցին մեր խնկաբույր հոգևոր երգերը, Կոմիտաս, Էդ.Հովհաննիսյան, հանրահայտ «Կիլիկիան»:

Այնուհետև ներկաները իրենց՝ երաժշտության պարգևած վայելքին ավելացրին նաև իքեբանայի խմբակի սաների «Ծաղկած եկեղեցիներ» խորագիրը կրող ցուցահանդեսի ծաղկային ու երփնագեղ համանվագը: Պատերից նուրբ ու խաղաղ գույներով, անկրկնելի լուծումներով նայում էին հայոց եկեղեցիներն ու վանքերը, անձեռակերտ խաչքարերը, իսկ աշնանային ծաղիկներից պատրաստված կոմպոզիցիաները սրահը լցրել էին լույսով, գույնով ու ջերմությամբ:

Տոնը շարունակվում է. երկրորդ հարկում գտնվող համակարգչային դասարանի հանդիսավոր բացումը (արդյունքը դպրոցների բարելավման ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի) ժամանակի հրամայականի շունչը հաղորդեց մասնակիցներին:

Երրորդ հարկը ներկայացավ «Քրիստոսի հայտնությունը» պաննոյով՝ համահունչ տրամադրությամբ վարակելով բոլորին:

Չորրորդ և վերջին հարկում հանդիսատեսի դատին էր սպասում մեկ այլ ցուցհանդես. նկարչական խմբակի սաների աշխատանքները զարմացնում էին կատարման վարպետությամբ և նրբաճաշակությամբ:

Տոնի տրամաբանական շարունակությունն ու միաժամանակ ամփոփումը եղավ դահլիճում ցուցադրվող «Հավատի ղողանջներ» ներկայացումը, որի ընթացքում հանդիսատեսը մտովի քայլեց ներկան ու անցյալը կապող երևակայական կամրջով, եղավ քրիստոնեության ընդունման ակունքներում, վերապրեց հայ գրերի գյուտի ազգապահպան ուժը, թևավորվեց Զվարթնոց արարող ժողովրդի մտքի և հոգու թռիչքով, հետո խաղաղ ու հպարտորեն շրջեց հայոց պանթեոնում՝ վայելելով մեր մեծերի ձայնն ու խնկելի ներկայությունը: Հաճելի անակնկալ էր հանրապետության ժողովրդական արտիստ Իշխան Ղարիբյանի մարմնավորած կերպարը դպրոցի շնորհալի սաների հետ:

Շռնդալից ծափողջույններով ավարտվեց մշակույթի տոնը: Շռայլ էին բարեմաղթանքներն ու տպավորությունները: Իսկ նախարարության գլխավոր մասնագետ Ռ.Մաժինյանի խոսքը հուզմունքի ալիք բարձրացրեց. նա մանկավարժական մկրտություն էր ստացել այս կրթօջախում և հարազատի ջերմությամբ ու ոգևորությամբ էր կիսում իր խանդավառությունը:

Վերջում ներկաների ողջույնի ուղեկցությամբ «Կրթօջախի պատվավոր անդամ» հուշամեդալին արժանացան ՀՀ ժողովրդական արտիստ Իշխան Ղարիբյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպան Իվան Իվանչևը:

(Նաիրա Զաքարյան, «Կրթություն»)