Հանդիսությունների մեծ դահլիճ

Երկար ճանապարհը, որ նաև վերելքի ուղի էր, մեզ բերեց մեծ դահլիճ, որտեղ կատարվում, կայանում են համադպրոցական մեծամասշտաբ միջոցառումները: Իսկ դրանք, հավատացե՛ք, քիչ չեն:

Միայն ավանդական հանդիսությունները բավական են պատկերացում կազմելու համար դահլիճի լիարժեք գործածության մասին: Հայ մշակույթի ամենամյա տոնը, Վարդատոնը, Կիրիլիցան, ավարտական հանդեսները, բազում ու բազմազան ցերեկույթները, ներկայացումներն ու համերգները միշտ ակտիվ են պահում սրահի աշխատանքային ռիթմը:

  

Հանդիսությունների մեծ դահլիճը հանդիսավոր հանդերձանքի մեջ է: Թավշե հատուկ վարագույրը, շքեղ ջահը, դաշնամուրը, հարուստ ու ներկայանալի բեմը, ետնաբեմը, հարմարավետ աթոռները մինչ միջոցառման մեկնարկը հաճելի ու լուրջ տրամադրվածություն են ստեղծում:

Բեմի թիկունքում հարազատ որմնանկար է (հեղինակ՝ Լ.Ղարիբյան)՝ բիբլիական վեհանիստ լեռով,  հայրենի բնաշխարհի տաք ներկայությամբ:

Սրահի ցուցապաստառների բովանդակությամբ այստեղ է նաև բուլղար մեծ բանաստեղծ, հայերի հոգեկից բարեկամ Պեյո Յավորովը: