«Հայ մշակույթի տոն»

Դպրոցի մշակութային զարկերակն անընդհատ ակտիվ ռիթմի մեջ է: Բայց այն պարբերաբար և շատ ուժգին բաբախում է «Հայ մշակույթի տոն» ամենամյա հանդիսության ժամանակ, որը յուրահատուկ և ոգեղեն մթնոլորտ է ստեղծում ոչ մեկ օր:

Օրվա խորհուրդը տարվա արժանահիշատակ հոբելյարներին հիշելն ու հավաքելն է, ժամանակներն ու դեպքերը կամրջելը, որ մեկ անգամ ևս փաստվի, որ մեր երթը անխոտոր է, հետագիծը՝ բեղուն ու պատկառելի:

Ճանաչողություն, երախտագիտություն, արժանապատվություն, հավատ ու լավատեսություն… Սա նպատակ է և նպատակամետ ճանապարհ:

«Հայ մշակույթի տոն»-ի ավանդական մասը նաև ստեղծագործական խմբերի ու խմբակների հաշվետու ելույթներն են ու ցուցահանդեսները, ուր ներկայանում և արժևորվում է տարվա վաստակը:

Տոնը դպրոցինն է, տոնական հանդերձանքի մեջ է ողջ համալիրը, ամեն հարկում ծավալվում են օրվա տրամաբանությանը հարիր զրույց ու գործողություն:

Տոնը նաև դպրոցի բարեկամինն է ու հյուրինը, որովհետև այդ օրը կրթօջախը բաց է բոլորի համար:

Հանդիսության բարի ավանդույթներից է նաև «Կրթօջախի պատվավոր անդամ» հուշամեդալի հանձնումը դպրոցի սրտակից բարեկամներին:

Մշակութային օրերի արձագանքը չի ուշանում նաև մամուլում, որից առանձին հոդվածներ ներկայացնում ենք գրեթե անփոփոխ: