Հայ մշակույթի տոն Յավորովի դպրոցում

Մեր այցելությունը Պեյո Յավորովի անվան համար 131 դպրոց համընկավ գողտրիկ մի միջոցառման հետ, որ կրում էր «Մշակույթի տոն» խորագիրը և կարող է սկիզբ դառնալ գեղեցիկ ավանդույթի: Բուլղար նշանավոր բանաստեղծի անունը կրող դպրոցն այդ օրը իր դռներն էր բացել հյուրերի առաջ, որոնց թվում էին բանաստեղծուհի, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանը, Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Իվանչևը, ՀՀ գիտության և կրթության փոխնարարար Աիդա Թոփուզյանը, դերասաններ Իշխան Ղարիբյանը, Էվելինա Շահիրյանը, բանասիրության դոկտոր Դավիթ Գասպարյանը, դպրոցների տնօրեններ, մանկավարժներ և ուրիշներ: Հավատարիմ իր խորագրին՝ տոնը ներառել էր մշակույթի մի քանի ճյուղեր: Կոմիտասի անվան սրահում ներկաները ունկնդիր եղան դպրոցի աշակերտական «Կոմիտաս» քառաձայն ու ուսուցչական երգչախմբերի, դպրոցի տնօրեն Գրիգոր Սաֆարյանի երգեցողական արվեստին: Կոմիտասին պատկերող նկարներից զատ ցուցադրված էին իքեբանայի՝ ծաղկային արվեստի գեղեցիկ նմուշներ: «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի պատասխանատու քարտուղար Լուիզա Կիրակոսյանի հոբին է իքեբանան: Գրողների և ժուռնալիստների միության անդամը, ով մի քանի ցուցահանդեսների հեղինակ է, անցյալ տարվանից ղեկավարում է ծաղկարվեստի խմբակը, որին աջակցում է նաև գրականության ուսուցչուհի Նաիրա Զաքարյանը:

Դպրոցի ուսուցչական երգչախմբի գոյությունը զարմանալիորեն հաճելի է և պատճառաբանված, քանզի տնօրեն Գրիգոր Սաֆարյանը նույնպես հեռու չէ երգարվեստից: Նա «Սայաթ-Նովա» աշուղական համույթում հանդես է գալիս որպես մենակատար: Եվ, ընդհանրապես, հայ մարդուց երգն անբաժան է: Այդ երգը պրոֆեսիոնալ որակ է ստանում աշակերտական և ուսուցչական երգչախմբերի ղեկավար Սուսաննա Խաչատրյանի շնորհիվ:

Հայ մշակույթի օրվա միջոցառումը շարունակվում էր թատերական-գրական միահյուսվածքի ներկայացմամբ, որը բեմադրել էին փոխտնօրեն Մարիամ Ոսկանյանը և Վիկտոր Իսրայելյանը: Ավագ դպրոցի աշակերտների շուրթերով խոսում էին XIX դարավերջի և XX դարասկզբի հայ դասական հեղինակները, ասմունքում իրենց գործերը, պատգամներ հղում ապագա սերունդներին: «Երևակայական հանդիպումներ» խորագրով թատերականացված խաղի սցենարի հեղինակը Գրիգոր Սաֆարյանն է: Աշակերտները սիրով կերպավորել էին մեծ սիրերգակ Տերյանին, իմաստուն Թումանյանին, անկրկնելի Իսահակյանին, բազմագիտակ Դեմիրճյանին և այլոց:

Փոքրիկների երգչախմբի, որի գողտրիկ երգով ավարտվեց «Երևակայական հանդիպումները», ղեկավարն է Հերմինե Մեջլումյանը, պարերի բեմադրությունը պատկանում է Էդուարդ Խաչատրյանին: Միջոցառման ավարտին նախկին շրջանավարտ մեդալակիրներին հանձնվեցին ոսկե մեդալներ:

Բուլղարիայի դեսպան պրն Իվանչևը շեշտեց, որ այս դպրոցը հատուկ նշանակություն ունի իրենց համար, ճիշտ այնպես, ինչպես Յավորովը՝ հայերի համար: Բուլղարիայի նախագահը իր՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է նաև համար 131 դպրոց: Դեսպանը նշեց, որ այս տարվա գարնանը համաձայնագիր է կնքվել Պլովդիվի Յավորովի անվան դպրոցի և այս դպրոցի միջև, որի աշակերտները մասնակցել են Պլովդիվի դպրոցի 90-ամյակին նվիրված հանդիսություններին:

Իսկապես, դպրոցն ունի պարծենալու, հպարտանալու իրավունք, քանզի լինելով Աջափնյակ համայնքի լավագույն դպրոցը՝ այն տեղ է գտել նաև Հայաստանի դպրոցների լավագույն տասնյակում, որը ներկայացված է ինտերնետ ցանցում:

(Ն.Թ., «Հայաստան»)