Հաղթանակի և վերհուշի ճամփաներով

Հայրենիքի հարցում ոչ մի զիջում չի կարելի:

Գ.Դալիբալթայան

Այս խորագիրը կրում է մի գիրք` Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի հեղինակությամբ, որի հերոսը ՀՀ ԶՈՒ առաջին գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանն է: Մարդ, քաղաքացի, զինվոր ու զորավար, որի թիկունքում փորձանքներով ու փորձություններով լի մարտական փառահեղ ուղին է, տեսադաշտում` անկախ Հայաստանի ու Արցախ աշխարհի ապահով գոյության երաշխավորը` հայոց բանակը, հորիզոնում` կայացած, ուժեղ, միասնական երկրի տեսլականը:

Արմատներով կարնեցի, ծնունդով Ջավախքից Գ.Դալիբալթայանը 1944 թվից զինված ուժերում է և շարքային զինվորից հասել է գեներալ-գնդապետի կոչման:

«Լավ է, որ ինձ բախտ վիճակվեց մեր նորանկախ երկրի առաջին գեներալ-գնդապետը լինել: Բայց իմ արդեն ավելի քան 60 տարվա զինվորական ծառայության ընթացքում ինձ միշտ զինվոր եմ զգացել, կատարել եմ զինվորի իմ պարտականությունը, իսկ մնացածը ստացվել է ինքնիրեն», — փաստում է մեր հերոսը:

Գեներալ-մայոր դարձել է Խորհրդային բանակում, բայց առավել թանկ է գնահատում Հայաստանում շնորհված գեներալ-լեյտենանտի կոչումը Արցախյան ազատամարտի առաջին փուլի ավարտին: Լինելով հայոց բանակի ստեղծման ակունքում` ղեկավարել է Արցախյան հերոսամարտի բոլոր մարտական պլանների մշակման աշխատանքն ու դրանցից մի քանիսի իրականացման անմիջական մասնակիցը եղել: Եկել է Հայաստան սեփական նախաձեռնությամբ, առանց հրավերի, որովհետև ուշք ու մտքով վաղուց այստեղ էր ու անհանգիստ. մարտի մեկնողին պետք էր սովորեցնել զենքին:

Այսօր էլ զինվորի նման շարքում է Գուրգեն Դալիբալթայանը և պատվավոր առաքելությամբ հյուրն էր Երևանի Պեյո Յավորովի անվան հ. 131 դպրոցի: Իսկ այստեղ մշակութային ավանդական տոնակատարությունն էր, և ավանդույթի ուժ ստացած սկզբունքի համաձայն` բացվում էր կրթօջախի պատմությունը հարստացնող ևս մի անկյուն: Գեներալ-գնդապետ Գ.Դալիբալթայանը սիրով բացեց իր անունը կրող ռազմական փառքի սրահը, որն այսուհետ այցելուներին կներկայացնի մեր ժողովրդի անցած դժվարին ու հաղթաշատ ուղին` վաղնջական ժամանակներից մինչև մեր նորօրյա հաղթանակը: Վահանակներն ու ցուցափեղկերը խոսում են նահապետ արքաների, անվանի զորավարների, հայրենանվեր հերոսների ու հերոսուհիների, հայ ժողովրդի սրտակից բարեկամների մասին: Սրահի անկյուններից մեկում լռում են դպրոցի զոհված սաները` Սեմյոն Հարությունյանը, Արմեն Կոթոլյանն ու Գագիկ Տեր-Ղուկասյանը: Մի խոսքով, գրեթե ամեն ինչ մեր ժողովրդի ռազմական փառքի մասին, որի նպատակը ճանաչողական լինելուց բացի հայրենասիրության ոգին ու դաստիարակությունը  վառ ու բարձր պահելն է:

Մշակութային տոնը շարունակվեց հանդիսությունների դահլիճում տոնական համերգային ծրագրով, որին մասնակցում էին դպրոցի գեղարվեստական խմբերն ու աշակերտ կատարողները: Համերգը եզրափակեց «Կարին» պարախումբը` մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ:

«Կրթօջախի պատվավոր անդամ» հուշամեդալի արժանացան գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը, հետմահու` դպրոցի զոհված ազատամարտիկ սաները, և վաստակած հանգստի անցած չորս ուսուցիչներ:

Հաղթանակի ու վերհուշի ճամփաներով դեռ շատ կքայլի հայ ժողովուրդը: Այդ հավերժ երթը ապահովողներից է նաև հայոց դպրոցը:

 

(Նաիրա Զաքարյան, «Կրթություն»)