Կոմիտասյան սրահ

Արվեստագետը պետք է ներկա լինի իր ստեղծագործություններում, ինչպես Աստված` տիեզերքում. լինել ամենահասու եւ անտեսանելի:
                                                                                                 Ֆլոբեր

Ընդունիր դո՜ւ, դո՜ւ մեր երգի
Մշտահնչուն նվագարան.
Ընդունիր դու՝ մեր ցաքուցիր
Մասունքների հավաքարա՜ր.
Դու՝ խազերի մեր քերական,
Դու՝ հոգևոր մեր շարական,
Դու՝ սրբազան մի ավազան,
Որ մեր հոգին ախտահանեց.
Դու՝ բիբլիական մի գավազան,
Ուր որ դիպավ, աղբյուր հանեց.
Դու մեր կարոտ ու մեր մորմոք,
Մեր տաղի քուրմ, մեր խաղի մոգ,
Մեր մշտահունչ ու մշտարթուն,
Անլռելի զանգակատո՜ւն…

Ճարտարապետական մտահղացմամբ դպրոցի տարբեր մասնաշենքեր ձգվող ճանապարհները հատվում են ապակեպատ սրահում՝ բարձր առաստաղով ու առատ լույսով, զվարթ, տաք ու տրամադրող լույսով: Դրսից բաժանող թափանցիկ պատն ասես վարագույր է երկու աշխարհների միջև, զարմանալի զգայուն, բայց և զարմանալի ամուր, որովհետև այդ պատից ներս փոխվում է տրամադրությունը, հոգիդ երգում է:

Մենք դեռ խոսում ենք ճարտարապետական լուծման մասին. ընդամենը մի սպասասրահ, խաչվող ուղիների հանգույց:

— 1996թ. «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի կազմում գտնվում էի Թեհրանում: Համերգը կայացավ «Արարատ» միության դահլիճներից մեկում, որ կրում էր Կոմիտասի անունը, — պատմում է դպրոցի տնօրեն Գ.Սաֆարյանը: — Այդտեղ էլ ծնվեց համանուն սրահի գաղափարը, որ անպայման կունենար համապատասխան ասելիք և առաքելություն:

  

Ինչպես Պ.Սևակն է ասել իր «Անլռելի զանգակատուն» պոեմի առիթով. «Միգամածությունը վաղուց պատրաստ էր, բայց ուղեծիր չկար, որով պիտի պտտվեր այդ մոլորակը»:

«Կան մեծություններ, — շարունակում է բանաստեղծը,- որոնց դիմանկարի կերտումը վեր է ամեն մի թեկուզև հանճարեղ նկարչի հնարավորություններից. մի պատկեր կամ մի քանդակ չի պարփակում նրանց որքանությունը: Դրանց փոքրիշատե լրիվ պատկերելու համար հարկավոր է պատկերների ու քանդակների մի ամբողջ շարք:

Մեզ համար այդպիսի մեծություն է Կոմիտասը»:

Ուրեմն` Կոմիտաս և պատկերաշար, որ, լրացնելով իրար, կստեղծեր անսամբլային մտածողություն և հարմոնիա:

Փոքրիկ աստիճանաշարի վերևում մեծ երգահանի մեծադիր նկարն է գարնանային արևոտ ֆոնի վրա: Քառագագաթ Արագածի, Մայր տաճարի, չվող կռունկի և հորովելի պատառիկներով դիմանկարը դառնում է կենսագրություն ու կենսափիլիսոփայություն:

  

Տեսաշարի էֆեկտով հաջորդ որմնանկարը պատմում է երգահան ու խմբավար Կոմիտասի մասին, որ վերացած իր զգայուն ձեռքերի իշխանությանն է ենթարկում բազմաձայն երգեցողությունը:

Նորից երգում, մորմոքում է
Աստվածային Կոմիտասը,
Կախարդում է ու մոգում է
Աստվածային Կոմիտասը…

Հաջորդ պաննոյում որոնող, տեսնող ու փրկող Կոմիտասն է. նա հավաքում, տուն է բերում տարագիր հայ երգը, մաքրում ժամանակի ժանգ ու փոշուց, օտարահունչ ազդեցություններից ու վերադարձնում տիրոջը` ժողովրդին:

Նորից դիմենք Սևակին. «Ժողովուրդն է ստեղծում նրանց` ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց, ինքը` ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստ ներքին ճառագումից: Այս վերառումով էլ` ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում:

Այսպիսի ծնունդ էր ամենից առաջ Մեսրոպ Մաշտոցը:

Այսպիսի ծնունդ էր Նաև Կոմիտասը»:

Սրահի ամենամեծ որմնանկարում հայոց մեծերի հրավառություն է: Րաֆֆի, Ռ.Պատկանյան, Ստ.Նազարյանց, Խ.Աբովյան. միայն անվանացանկը բավարար է, որ իրեն հարգող մարդը արժանապատիվ հարգանքով գնահատի իր անցյալը և լավատեսորեն նայի ապագային:

Հայոց մեծերի այս պայմանական հանդիպումը նաև աշխարհագրական ու պատմական խճանկար է, հոգևոր ու մշակութային կենտրոնների փունջ. Երևան, Էջմիածին, Թիֆլիս, Վենետիկ, Մոսկվա, Նոր Նախիջևան, Պոլիս…

Կոմիտասյան սրահը իր անվանը հատուկ տրամաբանությամբ վերածվել է ինքնատիպ դահլիճի, որտեղ ավանդաբար մեկնարկում է «Հայ մշակույթի տոն» ամենամյա հանդիսությունը: Սրան նպաստում է նաև բացառիկ հնչողությունը, որի շնորհիվ դպրոցական երգչախմբերի կատարումները դառնում են առավել տպավորիչ:

Սրահի որմնանկարների հեղինակը դպրոցի նկարչության վաստակաշատ ուսուցիչ Լավրենտի Ղարիբյանն է, ում դեռ կհիշենք, որովհետև նրա ձեռագիրը կա գրեթե բոլոր անկյուններում:

Դեպի լյառն Մասիս

 Դեմը — դաշտն էր անծայր, իսկ հեռվում Մասիսը,
Լյառն այն վսեմ, որի ճանապարհով մի օր
Բարձրացել էր ինքը և սառցանիստ
Գեղեցկությամբ գերվել: — Եվ այժմ, մենավոր
Նա գնում էր կրկին դեպի հեռուն այն լուրթ,
Դեպի լյառը անհաս ու վեհանիստ,-
Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը
Համարել է հավետ իր գոյության խորհուրդը,-
Որ ճաշակե այնտեղ հավերժական հանգիստ…

                                                                                                                   Եղիշե Չարենց

Լուսավոր, երկար միջանցքը ձգվում է դեպի փոքրերի աշխարհ` տարրական դպրոց:

Լուսավոր, երկար միջանցքը ամեն առավոտ փոքրիկ յավորովցիներին ուղեկցում է դասարաններ հայ մեծ լուսավորիչ ու մանկավարժ Խաչատուր Աբովյանի լուսե հայացքի ներքո:

Պատահական չէ պաննոյի ընտրության տեղը (ընդհանրապես, այս դպրոցում ոչինչ հենց այնպես չի արվում). երեխաների ամենօրյա հանդիպումը մեծ հայի հետ, թեկուզ հպանցիկ հայացքների փախանակումը նրանց մատաղ հոգիներում բարու, գեղեցիկի առողջ սերմեր է ցանում, որ անպայման արմատ է գցելու և պտուղ է տալու: