Խոսքեր գնահատանքի

Ինձ թվում է` Հայրենիք-Սփյուռք համաժողովի սքանչելի լրացումն է Վարդատոնը: Մեկ անգամ ևս հավաստվեց, որ լիքն է մեր ժողովրդի հոգին, որովհետև ունի այսպիսի դպրոց, նման խանդավառ մարդիկ, ինչպիսիք են մեր սիրելի տնօրենը, խմբավարուհին, դպրոցական ողջ անձնակազմը: Այս նեղ օրերին նրանք կարողացան բարձրացնել մեր տրամադրությունը իրենց ոգեղեն ուժով, անսահման նվիրումով:

Փառք ձեզ, որ կարողանում եք այսպիսի խանդավառություն պահել մեր հոգիներում և հաղորդել մեր ժողովրդին, որովհետև միայն այս դահլիճը չէ, որ շնչում է այս մթնոլորտով. այս մթնոլորտը գերագույն մի հաղորդականությամբ լցնում է մեր շուրջը, Երևանը, Հայաստանը, բոլոր այն անկյունները, որտեղ ապրում է հայը:

Շնորհակալություն մեզ պարգևած այս գերագույն հաճույքի, հույսի, հավատի համար:

 Սիլվա Կապուտիկյան

Հուզումով մտա այս հիանալի դպրոցի սեմից ներս: Ուրախ եմ և հպարտ, որ այն կրում է բուլղար մեծ բանաստեղծ, հայ ժողովրդի անզուգական բարեկամ Պեյո Յավորովի անունը, մարդու, որ իր «Հայերը» բանաստեղծությամբ կիսեց հայերի ողբերգական ճակատագրի խորունկ ցավը:

Պետըր Ստոյանով
(Բուլղարիայի Հանրապետության նախագահ)

-Խորին հարգանքով ու հուզմունքով եմ մտել բարեկամ Հայաստանի այս բարձր մակարդակի ուսումնական հաստատությունը, որը կրում է ազատության մեծ երգիչ, բուլղար բանաստեղծ Պեյո Յավորովի անունը: «Հայերը» հռչակավոր բանաստեղծությունը այն հոգևոր կապերից է, որը միավորում է պատմական միևնույն ճակատագիրն ունեցող հայ և բուլղար ժողովուրդներին:

Ես և կինս դեռ երկար կհիշենք այն ջերմ ու անկեղծ հարգանքը, որին արժանացանք դպրոցի ուսուցչական և աշակերտական հիանալի կոլեկտիվների կողմից:

Աստված Ձեզ պահապան:

Գեորգի Փըրվանով
(Բուլղարիայի Հանրապետության նախագահ)

 Շնորհավորում եմ Երևանի Պ.Յավորովի անվան No131 միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվին և նրա տնօրեն Գ.Ռ.Սաֆարյանին աշակերտների կրթության և դաստիարակության գործում ծանրակշիռ ավանդի, ակնառու հաջողությունների և կրթօջախի հիմնադրման 40-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Երվանդ Զախարյան
(Երևանի քաղաքապետ)

Ջերմորեն շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ, խոնարհվում հին ու նոր ուսուցիչների անդուլ վաստակի առջև և հավատում երազանքներով ապրող այն աշակերտներին, որոնք ուսուցիչ են ուզում դառնալ:

Աղվան Հովսեփյան
(ՀՀ գլխ. դատախազ)

ՀՀ Կառավարության աշխատակազմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Երևանի Պ.Յավորովի անվան No131 դպրոցի 40-ամյա հոբելյանի առթիվ:

Չորս տասնամյակը հասունության տարիք է, և այդ առումով դպրոցն անցած ժամանակաշրջանում կարողացել է ինքնահաստատվել որպես մայրաքաղաքում արժանի ճանաչում գտած, սեփական դեմք ու ավանդույթներ ունեցող կրթօջախ, որ նաև շնորհակալ աշխատանք է կատարում հայ-բուլղարական մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ:

Մանուկ Թոփուզյան
(ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար)

Խորապես զգացված եմ այսօրվա տոնին մասնակցելու համար: Ստացա գերագույն հաճույք, ավելի շատ զգում էի, քան լսում: Հիացած եմ: Գիտեք, ինձ դժվար է գոհացնել: Առաջին անգամ ինքնամոռաց, հափշտակված դիտել եմ:

Ապրե՛ք, ո՛ղջ լինեք:

Իշխան Ղարիբյան
 (ՀՀ ժողովրդական արտիստ)

Դպրոցում պիտի փնտրել և տեսնել ազգի, պետության վաղվա օրը: Կրթության, գիտության, մշակույթի զուգակցումով է ապրում ժողովուրդը: Փառք Աստծու, մենք տեսնում ենք այսօր այս դպրոցում այդ վաղը:

Էվելինա Շահիրյան
(ՀՀ ժողովրդական արտիստուհի)

 Հուզված եմ, շատ եմ հուզված: Հանգիստ կարող եմ ասել, որ թոռնիկներս ապահով ու հուսալի ձեռքում են:

Շատ ուրախ եմ, որ դպրոցն ունի ընդգծված մշակութային կողմնորոշում: Այսօրվա տոնը հույս է ներշնչում, որ ամեն ինչ կորած չէ, որ մեր ժողովուրդը ոչ թե կգոյատևի, այլ կապրի, կծաղկի` ունենալով ձեզ նման տերեր, պարո՛ն Սաֆարյան:

Խորին շնորհակալություն այսպիսի գեղեցիկ, բովանդակալից դպրոց ունենալու և պահել-պահպանելու համար:

Վլադիմիր Մսրյան
(ՀՀ ժողովրդական արտիստ)

Ի սրտե շնորհակալ եմ այս հնարավորության առիթով, շատ-շատ զգացված եմ կրթօջախի անդամ լինելու բացառիկ պատվի համար:

Ամեն տեղ զգացինք խորունկ սեր մեր նկատմամբ, և համոզված եմ, որ երկու ժողովուրդների միջև շփումները առավել սերտանալու հեռանկարներ ունեն:

Ձեր դպրոցը թողնում եմ անանց տպավորություններով:

Գեորգի Պիրինսկի
(ԲՀ ԺԺ նախագահ)

Երևանի քաղաքապետի, քաղաքապետարանի աշխատակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ մանկավարժական կոլեկտիվին, աշակերտներին, ծնողներին դպրոցի 40-ամյա հոբելյանի առթիվ: Մի կրթօջախ, որ, անկեղծորեն պիտի ասեմ, իր կենսագրությամբ ու այսօրվա իր գոյությամբ զարդարում է մայրաքաղաքը, ողջ կրթական համակարգը, իսկապես առանձնանում է իր յուրօրինակ դեմքով: Եվ այն բացառիկներից է, որ յուրահատուկ վարքագծով է պահում դպրոցի անվանակոչությունը և բովանդակությունը զարմանալի դաշինքի մեջ:

Շատ տեղին է տերյանական բնաբանը. «Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ, և զոհաբերումն այնպես խնդագին»: Իհարկե, դպրոցում, այն էլ այսպիսի դպրոցում, իհարկե, մեսրոպատառ այբուբենով աղոթք, այն էլ այսպիսի մանկավարժների պարագայում և, իհարկե, ուսուցչի զոհաբերությամբ:

Խոնարհվում եմ կրթօջախի 40-ամյա տարեգրության անցած ու ներկա օրերի առջև: Խորին հարգանք, փառք ու պատիվ ձեզ երեկվա, այսօրվա և գալիք օրերի մանկավարժներ: Մի փոքրիկ վերապահում. չի կարող տունն այսպես ծառայել իր նպատակին, եթե տանտերը չի ծառայում կոչմանը: Մենք ունենք այստեղ տնօրեն, որն ուղղակի անմնացորդ նվիրյալն է իր գործի:

Կամո Արեյան
(Երևանի առաջին փոխքաղաքապետ)

Ունկնդրելով այս փառավոր միջոցառումը` մեկ անգամ ևս համոզվում ենք, որ, հիրավի, դպրոցն է կերտում մեր ապագան:

40 տարիների ընթացքում ստեղծագործական բուռն աշխատանքի շնորհիվ կատարվել է առողջ սերնդափոխություն` պահպանելով ավանդույթները:

Այս դպրոցը կարողանում է համատեղել մեզ համար ընդունելի Արևմուտքն ու ազգային ոգին:

Օնիկ Վաթյան
(Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ)

Այս գողտրիկ սրահում չափազանց հուզիչ պահեր եմ ապրում, որովհետև այն ամենը, ինչ տեղի է ունենում` կապված Էդգար Հովհաննիսյանի հետ, չի կարող անտարբեր թողնել մեծանուն կոմպոզիտորի հետ առնչված որևէ մեկին:

Գ.Սաֆարյանը նույնպես այն բախտավորներից է, որ շփվել է Էդ.Հովհաննիսյանի հետ, և երախտագիտության յուրօրինակ դրսևորում է այս գեղեցիկ տոնը` թաթախված  մեծ երգահանի ոգեղեն երաժշտությամբ, հարազատ ու համակիր մարդկանց ներկայությամբ:

Տիգրան Հեքեքյան
Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղ. ղեկավար)

Անկեղծորեն հուզված եմ և երախտապարտ իմ նկատմամբ ցուցաբերած պատվի համար: Մեր հանդիպումները գեղեցիկ ավանդույթ են դարձել. ես բոլորին սիրով պատմում եմ ձեր հրաշալի դպրոցի մասին: Ես խոնարհվում եմ այն ջերմ սիրո և համակրանքի առջև, որ դուք ցուցաբերում եք մեր երկրի և ժողովրդի նկատմամբ և հավաստիացնում, որ դա փոխադարձ է:

Ես թեև չեմ հասկանում հայերեն, բայց տոգորված եմ այն մթնոլորտով, որ մեզ համար ստեղծեցին փոքրիկ դերասանները: Ասես զգացի ձեր մեծերի շունչը: Ժողովուրդը, որը հիշում է իր լեզուն, մշակույթը, պատմությունը, երբեք չի մեռնում: Շնորհակալություն այս գողտրիկ տոնի համար:

Իվան Իվանչև
(ՀՀում Բուլղարիայի Հանրապետության I դեսպան)

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի և անձամբ իմ կողմից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` փետրվարի 20-ին Մայրենի լեզվի տոնին նվիրված ձեռնարկին Ձեր, Ձեր ուսուցիչների և սաների անկրկնելի մասնակցության համար, որոնք իրենց հաջող կատարումներով հանդիսատեսին գեղագիտական մեծ բավականություն պարգևեցին:

Հրանուշ Հակոբյան
(ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր)

Հայ-բուլղարական բարեկամությունը հավաստող տաք օջախ է ձեր դպրոցը, որտեղ ամեն անգամ մտնում եմ սրտի թրթիռով, որովհետև հիանում ու հուզվում եմ` լսելով բուլղարական երգերն ու խոսքը, դիտելով մեր կրակոտ պարը և առհասարակ վայելելով հարազատ միջավայրն ու մթնոլորտը:

Ստեֆան Դիմիտրով
(ՀՀում Բուլղարիայի Հանրապետաության արտակարգ և լիազոր դեսպան)

 

Նախարարության անունից սրտանց շնորհավորում եմ կրթօջախի 40-ամյա հոբելյանի առթիվ: Եթե բովանդակության առումով, ուսուցման որակի տեսանկյունից դպրոցը անառարկելի բարձր վարկանիշ ունի հանրապետության մեջ, վերջին տարիներին դրան գումարվեց մշակութային ընդգծված ուղղվածությունը, և դրա մեջ իր ուրույն տեղն ու դերն ունի դպրոցի տնօրեն բազմաշնորհ Գ.Սաֆարյանը:

Նուրիջան Մանուկյան
(ՀՀ ԿԳՆ հանրակրթության վերահսկողության բաժնի պետ)

«Աշխարհը վախենում է ժամանակից, ժամանակը` բուրգերից»: Ժամանակը, մեր այս հակասական, բարդ ժամանակը վախվորած անցավ նաև շատ կրթօջախների կողքով: Այսօր ազնիվ մի հուզմունքով եմ պարուրվել, որովհետև տեսնում եմ, որ այդ ժամանակը անզոր է եղել նաև իմ դպրոցի հանդեպ:

Տարիների հեռվից եմ եկել և տեսնում եմ, որ մենք նույնն ենք, կանք. ժամանակը միայն իր լավ դրոշմն է թողել մեր դպրոցի վրա, որովհետև արմատը խորն էր ու առողջ, սաղարթը` գեղեցիկ ու ամուր:

Սիրելինե՛րս, ձեր վարձքը շատ է և՛ այստեղ, և՛ Աստծու մոտ:

Խոնարհվում եմ, որ դուք դպրոց եք բերել մեր` Նաիրա Զաքարյանի նման աշակերտներին, որոնք այսօր հրաշքներ են գործում և շարունակում Ձեզ, մի քիչ էլ ինձ:

Ռայա Մաժինյան
(ՀՀ ԿԳՆ գլխավոր մասնագետ)

Չափազանց տպավորված եմ: Շնորհակալ եմ այս հրաշալի գործունեության, հրաշալի դպրոցի, մշակույթն իր ոտքով կրթօջախ բերելու այս հրաշալի առաքելության համար:

Հովհաննես Այվազյան
(Հայաստանի հանրագիտարանի գլխ. խմբագիր)

Երջանիկ է Գ.Սաֆարյանը, որ իր մեջ եղած զգացումները, երգը, հոգեկան սլացումները հնարավորություն ունի ռեալականացնելու, կոնկրետացնելու իր դպրոցում: Տնօրենի ներաշխարհի և դպրոցի դաշինքը տվել է հրաշալի պտուղներ, որոնցից էր այս հանդեսը:

Իքեբանայի խմբակի գողտրիկ աշխատանքները և ուսուցչական երգչախումբը ուղղակի զարմացնում և հիացնում են: Ձեր այս երեկոն ապացույցն է այն բանի, որ չնայած այս պատերից դուրս տիրող նյութապաշտ աշխարհին, դպրոցի ներսում տրոփում է Տերյանի «հոգևոր հայրենիքը»:

Շնորհակալ եմ, որ առանձնակի հույս եք ներշնչում, որ մեր ժողովուրդը կենդանի է: Ամեն մի այսպիսի հանդիպում մեր մեջ հավատի ու հույսի կանթեղ է վառում: Դուք երգում եք բազմաձայն, բայց միաձայն եք ապրում: Սա, թերևս, ձեր հաջողության գաղտնիքն է, բայց ուզում եմ, որ գաղտնիք չմնա, այլ տարածվի ամենուր:

Սիլվա Կապուտիկյան

Ամենադաժան բանը հավատի կորուստն է: Երբեմն թվում է` խարխափում ենք համատարած խավարի մեջ: Այս զգացողությունը ժխտվեց, երբ մտանք տաճար հիշեցնող այս շենքը, վայելեցինք կոմիտասյան համանվագը: Սրահը թրթռում է Լ.Ղարիբյանի նկարներով, երգի հզոր շունչը` թևածում տիկին Խաչատրյանի կամքով ու խմբավարությամբ:

Մենք` ներկաներս, այստեղից դուրս ենք գալիս շատ բան սովորած, դաս առած:

Սիլվա Աչոյան
(Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ)

 Այնպիսի զգացողություն եմ ապրում, թե ինքս մասնակիցն էի ներկայացմանը: Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել այն ազնվությունն ու նվիրումը, որ գոյություն ունի այս դպրոցում, և որը փոխանցվում է աշակերտներին և բոլորիս պարուրում այնպիսի լուսավոր հավատով, որի կարիքն ունենք:

Գարեգին Չուքասզյան

Այս դպրոցն ինձ համար չափազանց հարազատ է, որովհետև այստեղ կրթվել եմ ես, նաև` քույրերս, որդիներս, վստահ եմ` նաև թոռներս: Այս օջախն ինձ համար ընտանեկան է, ինչու՞ ոչ ընտանեկան դպրոց, չէ՞ որ կա ընտանեկան բժիշկ: Իմ կյանքի լավագույն օրերը կապված են այս կրթօջախի հետ: Շնորհակալ եմ, որ պահպանվում ու շարունակվում են բարի ավանդույթները:

Դերենիկ Դումանյան
(ՀՀ առողջապահության նախարար)

Միջոցառումը հագեցած էր գրական, մարդկային վսեմ շնչով: Ողջունելի ու հաճելի էր ներկա լինել, և կարծում եմ, որ սա սկիզբն է մի լավ ու մեծ գործի:

Դավիթ Գասպարյան
(Բանասիրության դոկտոր)

 Չափազանց հուզված եմ: Գտնվելով մեր դրկից հյուրընկալ դպրոցի կամարների ներքո` ականատեսն ենք այն գեղեցիկ գործերի, արարումների, որ արել է ձեր դպրոցի կոլեկտիվն իր հաճելի, բանիմաց տնօրենի հետ:

Վստահորեն ասում եմ, որ ինձ համար առաջին տեղում այս դպրոցն է:

Լարիսա Ազիզյան
(No 118 դպրոցի տնօրեն)

 Այսօր մենք վայելեցինք կոմիտասյան զուլալ երաժշտությունը, հաղորդակից եղանք Բակունցի չքնաղ խոսքին: Սա այն օջախն է, ուր կծնվեն նոր կոմիտասներ ու բակունցներ, և կշարունակվի մեր ժողովրդի հարատև երթը:

Վրեժ Նիկոլյան

 Կյանքի 40 ակնթարթ

«Յավորովը առանց Հայաստանը տեսնելու մեզ համար դարձավ այն, ինչ Բայրոնն էր Հելլադայի համար», — այսպես է գնահատել Գարեգին Նժդեհը բուլղար մեծ բանաստեղծին, որի անունը կրող դպրոցը 1966 թվականից ի վեր դարձավ երկու ազգ ու երկիր կապող բանուկ կամուրջ:

Իսկ կրթօջախն իր ծննդյան տարեթիվն է համարում 1963-ը: Ուրեմն՝ Պեյո Յավորովի անվան դպրոցը 40 տարեկան է:

Գլորվող տարիները դարձել են պատմություն, դարսվել իրար վրա, կազմել տարեգիրք: Կյանքի 40 ակնթարթ, 40-ամյա պատկառելի կենսագրություն:

Շենշող տրամադրություն էր դպրոցում. ժպիտ, ողջագուրում, շնորհավորանք, արցունք՝ կարոտի ու սպասման: Հարազատ հարկի տակ հավաքված մարդիկ եկել էին տեսնելու, վայելելու, ապրելու և վերապրելու: Հանդիսությունը մեկնարկեց կրթօջախի գողտրիկ անկյուններից մեկում՝ Կոմիտասյան սրահում: Երկրորդ հարկում բացվող պատմության կաբինետն այսուհետ նաև ուրիշ խորհուրդ կունենա. երկրի, ազգի, մարդկության պատմությանն ավելացավ դպրոցինը՝ հիմնադիր-տնօրեն Մերուժան Իսպիրյանի անվամբ ու կենսագրությամբ: Անցյալն ըստ արժանվույն գնահատելով՝ կարելի է անխոտոր առաջ գնալ: Երախտագետ դպրոցը գիտի գնահատել արժեքները:

Երկրորդը երախտիքի տուրք էր մեծն Ալ.Թամանյանի հիշատակին: Այսուհետ տեխնիկական գծագրության լուսավոր ու ընդարձակ կաբինետը կկրի մեծատաղանդ ճարտարապետի անունը, իսկ պաննոյից նայող Թամանյանն իր խորաթափանց հայացքով կհսկի դասը:

Հնչում է Լևոն Շանթի «Իջե՛ք, իջե՛ք, երազնե՛ր»-ը՝ Վահրամ Փափազյանի անզուգական կատարմամբ: Տնօրեն Գ.Սաֆարյանի բացման խոսքը զարգացնում է աշխարհընկալման շանթյան ձևակերպումը, ըստ որի՝ սրտիդ ուզածը տեսնելու համար փակ աչքերով պետք է նայես աշխարհին: Ուրեմն փակել աչքերը և հոգու տեսողությամբ վերապրել անցած-գնացած երազ օրերի շղթան:

Հուզմունքի անմեկնելի ալիք առաջացրեց վետերան ուսուցիչների մուտքը բեմ: Տարիների թիկունքում իրենց երիտասարդությունը թողած մարդիկ դարձան կրթօջախի պատվավոր անդամներ և պարգևատրվեցին հուշամեդալով:

Քաղաքապետարանի կրթության վարչության և ԿԳ աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի պատվոգրերի արժանացան դպրոցում ցայսօր աշխատող վաստակաշատ մանկավարժները: Ի դեպ, կրթօջախն արժանացավ նաև ԿԳ նախարարության ոսկե մեդալի:

Ուղերձներն ընդմիջվում էին գեղարվեստական ընտրանիով, որն ապահովել էին դպրոցի ստեղծագործական խմբերը, շնորհալի աշակերտները: Ելույթ ունեցան ասմունքող Ռ.Հախնազարյանը, աշակերտական «Կոմիտաս» կամերային երգչախումբը, արական երգչախումբը, պարախումբը, դուդուկահարների եռյակը, մենակատար Ա.Մորոզովան: Միջոցառումը եզրափակվեց ուսուցչական երգչախմբի նոր կատարումներով: Իսկ բարձրակետը եղավ Է.Հովհաննիսյանի և Պ.Սևակի «Էրեբունի-Երևան» հանրահայտ երգի ինքնատիպ մեկնաբանությունը՝ ուսուցչական և աշակերտական միացյալ երգչախմբերի ուժերով:

Հեռագիր-շնորհավորանքներից առանձնացվեց և ակնածանքով ընթերցվեց Սիլվա Կապուտիկյանի ուղերձ-մաղթանքը:

Տոնը մնաց հետևում, բայց տոնական տրամադրությունը դեռ երկար կուղեկցի մանկավարժական կոլետիվին ու աշակերտությանը:

Ամեն մի փայլի հետևում կա տքնանք ու վաստակ:

Թող Աստված եղածը պահի…

(Նաիրա Զաքարյան, «Կրթություն»)

 Տիեզերքն ափի մեջ

 Բարի ավանդույթ դարձած մշակույթի ամենամյա տոնը նորից իր տարերքի մեջ էր: Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցն իր հյուրընկալ դռներն էր բացել բազմաթիվ հյուրերի առջև, որոնք սիրով արձագանքել էին և եկել կիսելու կրթօջախի խանդավառությունը:

Իսկ օրն անսովոր էր, որովհետև արտասովոր հոբելյար-սյուներն էին կամարում մշակութային տոնի գմբեթը:

Եղիշե Չարենց… Մարդ, բանաստեղծ, դարաշրջան ու դպրոց:

Գրիգոր Գուրզադյան… Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, բազմաբովանդակ մարդ, գրող ու նկարիչ:

Առաջինը «մարմինը թողած երկրային փոսում, թափառում է տիեզերական լաբիրինթոսում», վաղուց արդեն հավերժի ճամփորդ է և իր կյանքով է սրբագործել անունն ու գործը:

Գրիգոր Գուրզադյանի հետ շփվելու, այդ իմաստուն այրի իմաստնությամբ հարստանալու բարեբախտությունն ունեցան մեր դպրոցականները, ուսուցիչներն ու հյուրերը: Մարդ — լեգենդ, քայլող հանրագիտարան, համաշխարհային մշակույթի հմուտ տեսաբան և, վերջապես, տիեզերական անպարագիծ մտածողության կրող:

Օրը շնչում էր Չարենցով և Գուրզադյանինն էր:

Կոմիտասյան սրահից մեկնարկած միջոցառումը իր զարգացող երթում ուներ հաճելի կանգառներ: Մեծ գիտնականին, գրողին ու նկարչին անակնկալ էր սպասվում. բացել իր անունը կրող աստղաֆիզիկայի կաբինետը, որն այսուհետև կդառնա դպրոցի ներկայանալի անկյուններից մեկը՝ ձևի և բովանդակության դաշինքով: Այցելուները հետաքրքրությամբ դիտում էին գիտնականի կյանքն ու գործը ներկայացնող նյութերը, զարմանում նրա բեղուն գրչով, հիանում կտավներով, որոնք աչք էին շոյում տաք ու հյութեղ գույներով: Տպավորությունն առավել ուժեղացավ, երբ 85-ամյա ծերունազարդ գիտնականը մտքի ու խոսքի զարմանալի պայծառությամբ կիսեց իր խոհերը:

Երթուղու հաջորդ կանգառը իքեբանայի խմբակի սաների ցուցահանդեսն էր, որը կարելի է կոչել գույնի ու բույրի հրավառություն՝ արված բացառիկ սիրով ու ճաշակով:

Հաջորդ հարկում հանդիսականի աչքը պիտի շոյվեր հուլունքագործ երեխաների՝ մանրանկարչություն հիշեցնող գործերով:

Շատ կարևոր կայարաններից էր «Պեյո Յավորով» հայ-բուլղարական բարեկամության թանգարանը. չէ՞ որ №131 դպրոցը արդեն ավելի քան 40 տարի հայ-բուլղարական ամուր շղթայի կարևոր ու կապող օղակներից է:

Դպրոցի չորրորդ հարկում օրվա տրամաբանությանը համահունչ բացվեց նաև Եղիշե Չարենցի անվան գրականության կաբինետը՝ բանաստեղծին ներկայացնող մեծ պաննոյով (նկարիչ՝ Ն.Անտոնյան) և համապատասխան նյութերով:

Միջոցառման կիզակետը հանդիսությունների դահլիճի միջոցառումն էր՝ «Տիեզերքն ափի մեջ…» խորագրով:

Այստեղ Գրիգոր Գուրզադյանը մեծ հուզմունքով ընդունեց «Կրթօջախի պատվավոր անդամ» հուշամեդալը: Պարգևների արժանացան նաև դպրոցի մի շարք բարեկամներն իրենց անսակարկ նվիրումի համար:

Համերգային ծրագիրը ներկայացրին ուսուցիչների և «Կոմիտաս» կամերային երգչախմբերը, փոքրիկների երգչախումբը, «Ժպիտներ» պարային անսամբլը, «Կարին» ազգագրական անսամբլը, Ռուզան Հախնազարյանը, Դիանա Կիրակոսյանը, Լարիսա Հակոբյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիդա Առաքելյանը: Համերգը վարեցին Կարինե Գևորգյանն ու Յուրի Միքայելյանը:

Տոնն ավարտվեց, բայց օրվա տիեզերական խորհուրդը դեռ երկար կուղեկցի մասնակիցներին. տիեզերքն իսկապես ափի մեջ էր:

 (Նաիրա Զաքարյան, «Կրթություն»)

 *  *  *
Ազնվաբարո՛ պարոն Գրիգոր Գուրզադյան, մեծարգո՛ հյուրեր, թանկագի՛ն յավորովցիներ

Այն հարցին, թե որտեղ պետք է որոնել հայ ազգային ոգու ամենաբնորոշ դրսևորումները, Հովհաննես Թումանյանը պատասխանում է հռետորական հարցերով, որոնք ինքնին նաև պատասխաններ են. «Արդյոք հին վանքերի միստիք կամարների տա՞կ, ուր ծավալվում է «խորհուրդ խորին անհաս և անսկիզբն», թե՞ դալար մարգերում ու խաղաղահանգիստ հովիտներում, ուր «Լուսնակն անուշ, հովն անուշ, շինականի քունն անուշ»: Արդյոք «ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծոյ» խոսողի երկնալուր պաղատանքների՞ մեջ, թե՞ «Վերք Հայաստանիի» հայրենասիրական ողբի հառաչանքների ու մորմոքների մեջ»:

Սիրելի՛ բարեկամներ, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Սայաթ-Նովա, Հովհաննես Թումանյան, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան, Վիկտոր Համբարձումյան և մինչև մեր օրերը ձգվող ոսկե շղթայի կարևորագույն օղակներից են նաև Եղիշե Չարենցն ու Գրիգոր Գուրզադյանը: Հիրավի, եթե հանճարեղ բանաստեղծը՝ հայ ժողովրդի կյանքն ու մաքառումները, նրա նվիրական խոհերն ու իղձերը մարմնավորողը՝ 110 տարեկան Եղիշե Չարենցը, 20-րդ դարի հայ գրականության և մանավանդ բանաստեղծական մտածողության չգերազանցված և անկրկնելի կրողն է, որ իրավունք է ստացել ապրելու բոլոր սերունդների ապագայում, ապա 85-ամյա Գրիգոր Գուրզադյանն էլ «Օրիոն-1» և «Օրիոն-2» տիեզերական աստղադիտարանների ստեղծողն է, տելեսկոպների, օպտիկական համակարգերի, կոսմոսի պայմաններում ավտոմատ կառավարման նորագույն գաղափարի հեղինակն է: Նա գլխավոր կոնստրուկտորն էր այդ տիեզերական աստղադիտարանների և գիտական ղեկավարը՝ կոսմիկական էքսպերիմենտների:

Տարիների հեռվից Եղիշե Չարենցի մասին համեմատաբար ավելին գիտենք, քան Գ.Գուրզադյանի: Ուստի մի փոքր ավելացնենք, որ նրա՝ Գրիգոր Գուրզադյանի ծավալուն գիտական մենագրությունների մեջ առանձնանում է մի աշխատություն, որ գրել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, ատոմային ռումբի ստեղծողներից մեկի՝ Հանս Բետեի հետ:

Ինչպես նշում են ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը և երջանկահիշատակ անվանի բանասեր Լևոն Մկրտչյանը «Գրիգոր Գուրզադյանի աշխարհը…» հոդվածում, 1976թ. Գառնիում՝ Գուրզադյանի տանը, Վիլյամ Սարոյանը, թերթելով նրա ստվար մենագրությունը՝ հրատարակված Նյու Յորքում, ասել է, որ թեպետ անգլերեն է, բայց, միևնույն է՝ ինքը բան չի հասկանում, և ձեռքը վերցնելով Նարեկացու «Մատյանը»՝ ավելացրել է.

—  Այս գիրքը երկուսս ալ կհասկանանք: Նարեկացին ալ կսիրեր տիեզերք, երկինք, Աստված…

Շռայլորեն օժտված գիտնականը սիրված է մեր մեծերի կողմից ոչ միայն իր մարդկային նկարագրի, այլև մայրենիի իր կատարյալ իմացության և էնցիկլոպեդիկ գիտելիքների համար, որոնք աչք են զարնում նրա սքանչելի էսսեներում՝ ինչ ոլորտի մասին էլ որ դրանք պատմեն՝ ճարտարապետություն, պոեզիա, երաժշտություն, քանդակագործություն, կերպարվեստ, փիլիսոփայություն և այլն, և այլն: Բոլոր էսսեները, սակայն, ունեն մի ընդհանրություն՝  պաշտամունքը գեղեցիկի: Գեղեցիկի նկատմամբ նրա անսահման սերը շարունակվում է իր աննման կտավներում: Մարտիրոս Սարյանը, որ Գրիգոր Գուրզադյանի մտերիմներից էր, իրեն հատուկ հումորով հարցնում է.

—  Լավ, հասկացանք, գիտությունն ի վերջո կլուծի բոլոր խնդիրները, ու այլևս անելիք չի մնա: Այդ դեպքում ի՞նչ է անելու, ինչո՞վ է զբաղվելու մարդը:

Գուրզադյանն անմիջապես պատասխանում է.

—  Նկարչությամբ և աստղագիտությամբ…

Գալով էսսեներին՝ նկատենք, որ դրանք առաջին հերթին հասցեագրված են աճող սերնդին և ունեն դաստիարակչական մեծ նշանակություն: Ահա թե ինչու մեր կողմից խիստ կարևորվեց դպրոցում նրա անվամբ անկյուն ունենալը:

Եթե նկատեցիք, Գրիգոր Գուրզադյանի անունը կրող աստղաֆիզիկայի կաբինետը Պարույր Սևակի անվան հայոց լեզվի և գրականության կաբինետի հարևանությամբ է: Դա մտացածին չէ: Այդպես ստացվել է: Բայց  ուզում եմ հավատալ, որ դրա մեջ էլ կա մի Աստվածային խորհուրդ. չէ՞ որ եթե Պարույր Սևակի համար խնդրո առարկան մարդն էր՝ ափի մեջ, ապա Գրիգոր Գուրզադյանի համար էլ տիեզերքը՝ ափի մեջ…

Իսկ այժմ թու՛յլ տվեք կատարել մեր մանկավարժական կոլեկտիվի հանձնարարությունը:

Ի նշանավորումն հայոց դպրության նկատմամբ ցուցաբերած անսակարկ նվիրումի՝ Գրիգոր Գուրզադյանին շնորհել Երևանի «Պեյո Յավորով» դպրոցի «Կրթօջախի պատվավոր անդամ» հուշամեդալ…

 Հոգիս երգել է ուզում

Տանում ենք հնուց մեր գանձերն անգին…
Հովհաննես Թումանյան

Իսկապես, մեր երթի հարատևությունը մեր ունեցած անգին գանձի տարողությամբ է պայմանավորված: Ու պետք է անել հնարավորն ու նույնիսկ անհնարը, որ չարզեզրկվի այդ գանձը:

Ապագայի ճանապարհին ներկան նաև դպրոցն է, որտեղ ուրվագծվում է երկրի, ազգի նկարագիրը, սերնդափոխության շղթայում ճշտվում, հաստատվում ու վավերացվում ժամանակի կնիքը:

Հեռվից ենք գալիս, սիրելի՛ ընթերցող, որովհետև հեռուն գնացող հեռանկարներ կան: Կա հույս ու հավատ, կա ճիգ ու ջանք, որ թույլ են տալիս առաջ գնալու ու շտկելու ցավոք խեղված կեցվածքը:

Երևանի Պ.Յավորովի անվան հ. 131 դպրոցում մշակույթի ամենամյա տոնն էր: Տոն մտքի, կամքի, երգ ու պարի, գույն ու գծի: Կրթօջախը շնչում էր լիաթոք, և յուրաքանչյուր հարկը յուրովի էր ներկայանում հանդիսականին: Դպրոցի լուսավոր անկյուններից մեկում` կոմիտասյան սրահում, թևածում էր ուսուցչական և աշակերտական միացյալ երգչախմբի բարձրարվեստ կատարումը (գեղ. ղեկ.` Ս.Խաչատրյան, մենակատարներ` Գ.Սաֆարյան, Հ.Խաչերյան): Հետո երգի շոյող հնչյուններին միանալու էր թումանյանական հեքիաթի` «Կիկոսի մահի» պարային ինքնատիպ մեկնաբանությունը (ղեկ.` Էդ.Խաչատրյան):

Երկրորդ հարկը ծաղկային գունեղ հրավառությամբ ներկայացավ` շնորհիվ իքեբանայի խմբակի սաների (ղեկ.` Լ.Կիրակոսյան): Ծաղկաշատ ու բուրումնավետ այս հովտում ասես երփնավառ թիթեռներ լինեին փոքրիկ երգիչները (ղեկ.` Գ.Գյուլնազարյան), որոնց անմիջական կատարումը նույնպես արժանացավ մասնակիցների ջերմ ընդունելությանը:

Արվեստասերները գեղեցիկի հետ շփվելու հաճելի առիթ ունեին նաև երրորդ հարկում. նրանք հիացան ուլունքագործության (ղեկ.` Գ.Մկրտչյան) և նկարչական (ղեկ.` Ն.Անտոնյան) խմբակների երեխաների բարձրաճաշակ ստեղծագործություններով:

Շո՛ւնչ քաշիր, բարեկա՛մ: Օրվա մշակութային ուղին դեռ անելիք ու ասելիք ունի: Օգտվենք դադարից և ներկայացնենք միջոցառման բացառիկ հյուրերին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյան, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյան, վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյան, անվանի մտավորականներ, լրագրողներ, գիտության և կրթության պատասխանատու աշխատողներ, ծնողներ ու պարզապես մարդիկ, ովքեր եկել էին կիսելու տոնի խանդավառությունը:

Շնորհակալություն:

Չորրորդ հարկում արդեն և այսուհետ իր ուրույն կյանքով կապրի «Վարդուհի Վարդերեսյան» արտիստական թանգարան-սրահը, որը բացելու առաքելություն ուներ ինքը` անվանի դերասանուհին:

Ինչո՞ւ արտիստական թանգարան:

Ավելի քան երկու հազարամյակ թատրոն ունեցող հայերիս համար հիշողության և արյան ակունքներում է սերը թատերարվեստի նկատմամբ: Վկան հայ բեմի բազում անխոնջ մշակները, որոնց կյանքն ու գործն անմնացորդ ու անդավաճան նվիրում է:

Արքայական օրինակով արքայավայել այս արվեստը, սակայն, ըստ արժանվույն գնահատվելու ու մեծարվելու ակնկալիք ունի: Իսկ մեծերին ճանաչելն ու հիշելը պետք է ամենից առաջ մեզ` ինքնաճանաչման և ինքնագնահատման իրավունք վաստակելու համար: Ահա այս միտումով ու ձգտմամբ էլ ստեղծվել է այս թանգարանը, որն իր երկու տարողունակ սրահներում այնքան նյութ ունի, որ միայն պարբերական այցելությունների դեպքում թերևս կամփոփի ասելիքը: Հայկական գրեթե բոլոր թատրոնները, երգարվեստը, դրամատուրգիան, գրաքննադատությունը, ասմունքը հանգամանորեն և բազմաբովանդակ ներկայացված են առանձին վահանակներով, իսկ եզրափակիչ ցուցանակը պատմում է դրվագներ դպրոցահասակ սաների թատերական կենսագրությունից:

—  Այս թանգարանով մենք փորձում ենք լրացնել այս ասպարեզում տեղեկատվության պարապությունը, որ հայ երեխան` մեր դպրոցի սանը, կրթօջախն ավարտի` իր մեջ կրելով հոգևոր ու մշակութային այս անանց արժեքները, — իր խոհերն է կիսում տնօրեն Գ.Սաֆարյանը:

Թանգարանի տրամաբանական շարունակությունը «Պատվի համար» ներկայացումն էր (Ն.Զաքարյան, Հ.Խաչատրյան, Մ.Ոսկանյան), որ սաները ներկայացրին հանդիսությունների սրահում և արժանացան խիստ ու բացառիկ հանդիսատեսի ջերմ ծափողջույններին:

—  Հոգիս սավառնում է, հոգիս երգել է ուզում, որովհետև տեսածս, լսածս ու զգացածս դժվար է ներկայացնել բառերով, — հուզված արտաբերեց Վ.Վարդերեսյանը և երգեց իր հոգու երգը. «Իմ սիրտը լեռներում է … Այնտեղ է իմ հոգին…»:

(Նաիրա Զաքարյան, «Կրթություն»)