Երգ-երաժշտության կամերային դահլիճ

Էդգար Հովհաննիսյանի անվան երգերաժշտության կամերային դահլիճ

 Էդգար Հովհաննիսյանը Հայաստանի ամենատաղանդավոր կոմպոզիտորներից է: Ինձ միշտ հրապուրել են նրա լրջությունը, հակիրճությունը, օրիգինալ մտածողությունն ու պրպտող միտքը:

 

                                                                                     Արամ Խաչատրյան

Մշակութային հագեցած կենսաձևը թելադրեց ևս մեկ դահլիճի անհրաժեշտություն: Բացվեց Էդգար Հովհաննիսյանի անվան երգ-երաժշտության կամերային դահլիճը, որը նախատեսված է հիմնականում դասարանական միջոցառումների, երբեմն բաց դասերի համար: Այս սրահն իր կառուցվածքով ինչ-որ տեղ հիշեցնում է «Առնո Բաբաջանյան» համերգասրահը՝ զուսպ, կոկիկ, մտերմիկ:

Համակրելի ու ժպտադեմ երգահանն իր խոհուն տեսադաշտում է պահում դահլիճը: Հուշի ու հիշողության վերթևումները լուսանկարների միջոցով պատմում են նրա ծնողների, պատանեկության ու երիտասարդության մասին: Ստեղծագործական բանուկ ճանապարհի նրա ուղեկիցներն են եղել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն, Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Գր.Եղիազարյանը, Սիլվա Կապուտիկյանը, Սերգեյ Մերգելյանը և այլք:

  

Տեսարանները «Մարմար», «Հավերժական կուռք», «Անտունի», «Սասունցի Դավիթ» բալետներից հանդիսատեսին պարգևում են բարձր արվեստին հաղորդակցվելու անանց հաճույք: