Երգչախմբեր

Երգող դպրոց. այսպես են ճանաչում նաև յավորովցիներին: Ընդ որում այստեղ երգում են ամենատարբեր հարթակներում. տնօրեն, ուսուցիչներ, երեխաներ՝ մեծից փոքր: Ինչպես ասում են, առաջ՝ երգով:

Դպրոցում գործում են մինչև վերջերս հանրապետությունում միակ ուսուցչական քառաձայն երգչախումբը, «Կոմիտաս» կամերային աշակերտական և փոքրիկների երգչախմբերը:

Առաջին երկուսի անդավաճան խմբավարն է դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, երգի նվիրյալ և անսահման եռանդով անընդհատ զարմացնող Սուսաննա Խաչատրյանը:

Փոքրիկ երգիչների խմբավարն է շնորհաշատ ուսուցչուհի, դաշնակահարուհի Գոհար Գյուլնազարյանը:

Դպրոցական միջոցառումները ժամանակին զարդարել են նաև «Շարա Տալյան» աշուղական երգի անսամբլը (ղեկավար՝ Սամվել Ավետիսյան) և արական երգչախումբը (ղեկավար՝ Տատյանա Մինասյան):

Այս խմբերը սոսկ երգող մարդկանց միություններ չեն, այլ հայ երգը ճիշտ, գրագետ մատուցելու, երգչախմբային արվեստը հավուր պատշաճի ներկայացնելու փայլուն օրինակներ:

Երգչախմբերը ոչ միայն դպրոցական միջոցառումների, այլև համաքաղաքային, հանրապետական հանդիսությունների ակտիվ մասնակիցներն են և սպասված հյուրերը:

Ուսուցչական երգչախմբի մենակատարն է դպրոցի տնօրեն, հայ երգի նվիրյալ Գրիգոր Սաֆարյանը, որին ժամանակ առ ժամանակ ձայնակցում են դպրոցահասակ երգիչները: Մասնավորապես հիշարժան են Էդգար Սաֆարյանը, Հրաչուհի Բեյբությանը, Քրիստինե Ավետիսյանը, Տիգրան Թադևոսյան, Հովհաննես Խաչերյանը…