Եթե հոբելյան է, պիտի երգենք

Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում համերգով հանդես եկավ մայրաքաղաքի թիվ 131 դպրոցը, որը կրում է բուլղարացի բանաստեղծ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Պեյո Յավորովի անունը:

Հանդիսատեսին իսկական արվեստի հաճույք պատճառեց աշակերտական «Կոմիտաս» քառաձայն երգչախումբը, որն արդեն հայտնի է հանրապետության տարբեր վայրերում, Պալանգայում, Լեհաստանի մի շարք քաղաքներում ունեցած ելույթներով: Կատարողական բարձր արվեստ ցուցադրեցին դուդուկահարների խումբը և ազգագրական համույթը: Վերջում հանդես եկավ դպրոցի նորաստեղծ ուսուցչական երգչախումբը, որը որպես այդպիսին միակն է հանրապետությունում: Համերգային ծրագրին մի առանձին շուք էին տալիս հանրապետության ժողովրդական արտիստ Իշխան Ղարիբյանի ելույթները: Նա վարում էր միջոցառումը: Ծրագիրը հարստացված էր հայրենաշունչ բանաստեղծություններով և անգլերենի խմբակի անդամների կողմից ներկայացված գրական-գեղարվեստական կոմպոզիցիայով:

Այս ամենը նվիրված էր դպրոցի 30-ամյա հոբելյանին: Այն հանդիսավորությամբ նշելու համար դպրոցի մանկավարժների հետ միասին Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճ էին եկել շրջանավարտներ ու ծնողներ, դպրոցների տնօրեններ, մայրաքաղաքի հասարակայնության, լուսավորության ու մշակույթի նախարարությունների, ժողկրթության բաժինների ներկայացուցիչներ, ճանաչված մտավորականներ, «Հայաստան-Բուլղարիա» ընկերության աշխատողներ:

Դպրոցի 30-ամյա ուղին տնօրենի կողմից հակիրճ ներկայացվելուց հետո հոբելյանի կապակցությամբ շնորհավորանքի խոսքով հանդես եկան ակադեմիկոս Գևորգ Ղարիբջանյանը, պատմական գիտությունների դոկտոր Զոհրաբ Ղասաբյանը, «Հայաստան-Բուլղարիա» ընկերության փոխնախագահ Էդվարդ Գրիգորյանը և այլք:

Քիչ էին խոսքերը, չկար փառաբանական էջերով լեցուն անցած ուղուն նվիրված ձանձրալի հաշվետվություն: Հոբելյաններ տոնելու հին կաղապարը փշրված էր: Իսկ հաշվետու լինելու բան, այնուամենայնիվ, շատ կար. Այս դպրոցը մայրաքաղաքում լավագույններից մեկն է և երեխաների կրթության ու դաստիարակության գործում իրոք որ հաջողություններ ունի: Դրանցում մեծ ավանդ ունի դպրոցի նախկին տնօրեն, ճանաչված մանկավարժ Մերուժան Իսպիրյանը, որը 25 տարի անընդմեջ ղեկավարել է կոլեկտիվը: Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց ինչպես դպրոցի նախկին տնօրենին, այնպես էլ կյանքից հեռացած մյուս մանկավարժներին:

(Ս.Պ., «Երեկոյան Երևան»)