Դպրոցի կաբինետները

Պարույր Սևակի անվան հայոց լեզվի և գրականության կաբինետ կամ
Եղիցի լույս

Սևակը մերկ նյարդերով կանգնեց կյանքի առջև, մերկ նյարդերով շոշափեց կյանքի դառնությունն ու ուրախությունը, և մերկ նյարդերով էլ, առանց գունազարդելու իր տպավորությունները, առանց համահարթելու կյանքի հարուստ ու հորդուն դրամատիզմը, իր ներքին զգացողությունը դարձրեց բառ ու պատկեր:

Նա խորությամբ ու լայնությամբ հնչեցրեց ժամանակակից մարդու էությունը պաշարած ռեքվիեմներն ու խորալները, լուռ մենախոսություններն ու օրվա բազմաձայն անդրադարձումները` ամբողջությամբ ստեղծելով այսօրվա մարդու հույզերի ու մտքերի հարուստ համանվագը:

Դ.Գասպարյան

Անունն արդեն խոստումնալից է. տեսնենք` ինչ կա ամանում, այսինքն` ինչպես է լուծված բովանդակային խնդիրը:

Որմնանկարից նայող բանաստեղծի խոհուն տեսադաշտում է դասարանը: Դիմանկարի տրամաբանական շարունակությունն է ժողովրդական տոնախմբությունը եկեղեցու բակում և Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի խոսքերը. «Պարույր Սևակի ծնունդը մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի պայծառ «Եղիցի լույս»…»:

Հարևան լուսանկարը փաստում է այն մեծ ու սրտակից բարեկամությունը, որ կար երկու նվիրյալ հայերի միջև:

Դիմացի պատին ձգվող տեսաշարը` Սարգիս Մուրադյանի հեղինակությամբ, վերհուշի տպավորություն է ստեղծում: Սևակի աչքի առաջ, ասես ափի մեջ, հավաքվում է իր կյանքի պատմությունը` ծնունդ, ճանապարհ, ամուսնություն, հանդիպումներ, տքնանք ու երկունք, ուշացած սեր, հրաժեշտ…

Ստեղծագործական խառնարանից առանձնացվել է «Անլռելի զանգակատուն» խորագիրը նախ որպես պատմավավերագրական փաստագրություն, ապա գրական կոթող:

Սարգիս Մուրադյանի «Վերջին գիշեր» կտավից անհանգիստ նայում է հայ երգի Մեսրոպ Մաշտոցը: Հայացքում զարմանք կա ու զայրույթ. կիսաբաց դռան հետևից նայող թուրք ասկյարների բութ ու մութ հայացքներից արյուն է կաթում: Կտավում իշխող կարմիրն էլ թանձրացնում է սպանդի շունչն ու սարսափը:

Այնուհետև ծավալվում է եղերական պատմությունը: Թշնամին գիտեր, որ ժողովրդին ծնկի բերելու համար պետք է գլխատեր նրան, զրկեր մտքից ու սրտից:

Կոմիտաս, Ռուբեն Զարդարյան, Արտաշես Հարությունյան, Թլկատինցի, Սիամանթո, Գեղամ Բարսեղյան, Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, Տիրան Քելեքյան… Ցավոք, այս շարքը անհամեմատ մեծ է: «Անլռելի զանգակատուն» պոեմի` Գրիգոր Խանջյանի նկարազարդումներից ընտրված է Կոմիտասի խելագարության տեսարանը. «Դե ե՛կ, վարդապե՛տ, ու մի՛ խենթացիր»:

Ժամանակ է անցել: Ծիծեռնակաբերդի բարձունքին վեր է խոյանում Եղեռնի անմեղ զոհերին նվիրված հուշահամալիրը: Աշխարհը ևս փորձում է բացել իր խղճի աչքը. նկարներից մեկում հայոց ցեղասպանությունն առաջինն ընդունած Ուրուգվայի մայրաքաղաքում գտնվող հայկական եկեղեցին է, մյուսում` Կոմիտասի արձանը Փարիզում:

Գրականության կաբինետում մեծն Սևակի հետ ասես զրուցում են մեր մյուս մեծերը` իրենց իմաստուն ներկայությամբ զարդարելով լսարանը:

Խոսակցությանը մասնակցում են Ռափայել Պատկանյանը, Հովհաննես Շիրազը, Տիրան Չրաքյանը, Խաչիկ Դաշտենցը, Ավետիք Իսահակյանը, Վահան Տերյանը, Գաբրիել Սունդուկյանը, Հրանտ Մաթևոսյանը, Մուրացանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը:

 Կարլ Ֆրիդրիխ Գաուսի անվան մաթեմատիկայի կաբինետ

    Մաթեմատիկան գիտությունների թագուհին է, թվաբանությունը` մաթեմատիկայի:

Կարլ Ֆրիդրիխ Գաուս

Անշուշտ, գլխավոր դիմանկարը Կարլ Ֆրիդրիխ Գաուսինն է, որն ասես տանտիրոջ իրավունքով ողջունում է մտնողին: Գլխավոր պաննոն Ռաֆայելի «Աթենական դպրոց»-ի վերատպությունն է. աշխարհի չափ հին գիտության պատկառելի դեմքերը, Հելլադայի ոգեղեն կոլորիտը յուրատեսակ գույն ու լույս են հաղորդում միջավայրին:

Մի այլ նկարից հսկում է հայ գիտնականը` Անանիա Շիրակացին` նորից շեշտելով իր սկզբունքը. «Հույժ սիրելով համարողության արվեստը` մայր համարեցի այն բոլոր ուսմանց»:

Հետո հավաքվում է մաթեմատիկայի պատմությունը` ըստ հռչակավոր մաթեմատիկոսների` Թալես Միլեդացուց մինչև Պյութագորաս, էվկլիդես, Արքիմեդից մինչև Դավիդ Հիլբերտ և Պուանկարե, Արտաշես Շահինյան, Մստիսլավ Կելդիշ:

Կաբինետը հագեցած է նաև հանրահաշվի և երկրաչափության թեմատիկ վահանակներով, գործնական աշխատանքի պարագաներով, դիդակտիկ նյութերով:

Մերուժան Իսպիրյանի անվան պատմության կաբինետ կամ
Ի խորոց սրտի

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին…

                                       Վահան Տերյան  

Այս կաբինետում զուգահեռ զարգանում է երկու թեմա: Նախ բազմաշերտ ու բազմաբովանդակ պատմությունը, ապա պատմական հիշողությունը և հիշողությունն առհասարակ:

Կրթօջախի կեսդարյա պատմության առաջին քսանհինգամյակը եղել է ստեղծման, կայացման, ինքնահաստատման ու վերելքի շրջան` շնորհիվ հիմնադիր տնօրեն Մ.Իսպիրյանի:

Երախտագետ դպրոցը շարունակեց իր վերընթաց ուղին` հիմք ընդունելով բարձր վարկանիշը, ապրող ու աշխատող ավանդույթները, որդեգրելով լավը պահպանելու ու ավելի լավին ձգտելու առողջ վարքագիծը:

Այս անունը յավորովցուն ինչ-որ տեղ նորից կապում է իր արմատներին: Մ.Իսպիրյանի մեծադիր նկարի տակ Վ.Տերյանի կարոտի նամակն է, հետահայաց հանդիպումը անցյալի հետ:

Սա կաբինետի անվանակոչության տրամաբանության մասին:

Պատմությունը նախ ներկայանում է գլխավոր պաննոյով (նկարիչ` Լ.Ղարիբյան). Հայկից Ավարայր, Գառնիից Զվարթնոց, հինավուրց եկեղեցիներից Մատենադարան, աստղադիտարան, Հանրապետության հրապարակ ու Օպերայի ազգային թատրոն… Մի խոսքով` Հայոց աշխարհ` իր խոհով ու խորհրդով, իր «վեհ ու պարզ աղոթքով» ու «խնդագին զոհաբերմամբ»:

Պատերից մեկին թափառող մայրաքաղաքների երկրի 12 հանգրվաններն են` Բագարան, Տիգրանակերտ, Արտաշատ, Երվանդաշատ, Արմավիր, Դվին, Վաղարշապատ, Շիրակավան, Վան, Անի, Կարս, Երևան: Յուրաքանչյուրը ներկայանում է իր խորհրդանշանով և սեփական դիմագծով:

Սարդարապատի հերոսամարտը, Թուրքմենչայի պայմանագիրը մեր ժողովրդի պատմության ուշարժան դրվագներից են և ներկայացված են հավուր պատշաճի:

Ազգային խորհրդանշաններով կոլաժները, Տիրամոր ինքնատիպ նկարն ու ասես ասեղնագործ խաչքարը զուսպ ու գրագետ հավելումներն են հիմնական բովանդակության:

Գրիգոր Գուրզադյանի անվան աստղաֆիզիկայի կաբինետ կամ
Տիեզերքն ափի մեջ

Այս կաբինետի ստեղծման ու անվանակոչության պատմությունը կենդանի լեգենդներ շարքից է: Աստղաֆիզիկայի կաբինետի կարմիր ժապավենը կտրում է ինքը` մեծանուն գիտնական, մտածող, գեղագետ, գրող և նկարիչ Գրիգոր Գուրզադյանը: Արդեն պատկառելի տարիքում գտնվող մտավորականը թրթռուն հուզմունքով է խոսում դպրոցի, նրա դերի ու ապագայի մասին. «Այսքան երկար կյանք անցնելուց հետո ինձ համար դպրոցը մնաց ինչպես սրբություն… Դպրոցի նման մեկ էլ տունն է, հայկական օջախը, մայրական գուրգուրանքը… Ամենա-ամենախոշոր գիտնականն անգամ ամեն ինչի համար պարտական է մնում իր դպրոցին…»:

Տանտիրոջ տպավորություն է ստեղծում գիտնականի զարմանալի կենդանի դիմանկարը: Տանտիրոջ, որ իր այցելուներին լուսանկարներով պատմում է ոչ միայն իր անչափ հետաքրքիր կյանքի, այլև իր կյանքի գործի մասին: Իսկ այդ գործը բազմաշերտ է, բազմաբովանդակ:

Գրիգոր Գուրզադյանը` իբրև աստղաֆիզիկոս, մեծ հռչակ է վայելում երկրի սահմաններից դուրս: Բայց նա նորովի բացահայտվեց կոսմոսի դարաշրջանում` ստեղծելով կոսմիկական սարքերի մի ամբողջ շարք, գիտական ու օպտիկական համակարգեր: Գուրզադյանի անվան հետ են կապված մասնավորապես «Օրիոն-1» և «Օրիոն-2» տիեզերական աստղադիտարանների ստեղծումը, տելեսկոպների, օպտիկական սիստեմների, ողջ համակարգի աշխատանքի սկզբունքի, կոսմոսի պայմաններում ավտոմատ կառավարման բոլորովին նոր գաղափարի հղացումը: Նա դառնում է տիեզերական աստղադիտարանների գլխավոր կոնստրուկտորը և կոսմիկական էքսպերիմենտների գիտական ղեկավարը: Նրա ծավալուն մենագրությունները թարգմանվում են տարբեր լեզուներով, հրապարակվում արտասահմանում:

Գրիգոր Գուրզադյան նկարիչը սիրում է նկարել Հայաստանը, իր երկրի գողտրիկ բնությունը: Ի դեպ, նա նաև նկարչական կրթություն է ստացել` աշակերտելով Մարիամ Ասլամազյանին:

Գրիգոր Գուրզադյան գրողը ամենից առաջ հայտնի է իր էսսեներով: Մեկը մյուսի հետևից լույս են տեսնում նրա ժողովածուները` «Նարեկացու աղերսանքը», «Տիեզերքն ափի մեջ», «Կաքավաբերդի առեղծվածը», «Կոսմիկական կատաստրոֆա» և այլն:

Գուրզադյանն աչքի է ընկնում հանրագիտարանային մտածողությամբ. նրա պատմություններն իրոք հետաքրքիր են և բովանդակալից: Գուրզադյանը եղել է ճարտարապետության օրրան Հռոմում, Վենետիկում, Ֆլորենցիայում… Գուրզադյանը եղել է նաև փարավոնների և բուրգերի երկրում, քննել ու պատկերել Արքաների հովիտը: Այստեղ էլ ծնվում են նրա ինքնատիպ գծանկարները, որոնք զարդարում են «Կաքավաբերդի առեղծվածը» գիրքը:

Մեր հերոսի մասին կարելի է ծավալվել անվերջ ու անվերջ. այդ հնարավորությունը տալիս է նրա բազմանիստ անհատականությունը:

Ամփոփելով հավելենք, որ կաբինետի ասելիքն ամբողջանում է Դյուրերի «Մելանխոլիա» նկարի տրամադրությամբ, գիտնականի հեղինակած գրքերով, աստղաֆիզիկային առնչվող թեմատիկ վահանակներով, դիդակտիկ այլ նյութերով, «Մեծերն ապրում են» պաստառով:

Պլատոնի և Արիստոտելի անվան իմաստասիրության կաբինետ կամ
Միտքը շարժման մեջ

Մտածելու կարողության ամենագեղեցիկ չափանիշը ստեղծեցին հելլենական շրջանի հույները, և մինչև հիմա այդ մակարդակը մնում է որպես չափանիշ բոլոր ժամանակների համար: Նրանք առաջինն էին, որ սովորեցին մտածել:

Գրիգոր Գուրզադյան

Սիրելի՛ ընթերցող, ընդունի՛ր, որ հայոց ժամանակակից դպրոցում անսովոր է նման կաբինետի գոյությունը, անսովոր ու հետաքրքիր, անսովոր ու ուսանելի:

Դեռևս V դարում պատմահայր Խորենացին է ուղենշել մեր զարգացումը, այն կապել գիտության ու քաղաքակրթության օրրանի` Հելլադայի հետ: Այսօր զարգացման ճանապարհը մեզ հանել է եվրոպական մայրուղի, ասել է թե՝ թարմացվում է հին կողմնորոշումը:

Հին աշխարհի մտքի հսկաները` Պլատոնն ու Արիստոտելը խոսելով, գուցե բանավիճելով ասես իջնում են լուրթ երկնքից: Նրանք ընթացքի մեջ են այնպես, ինչպես միտքն ու մտածողությունը:

«Պարզությունը խոսքի գլխավոր արժանիքն է», — ասում է Արիստոտելը: Իսկ Պլատոնը շարունակում է. «Ամենայն իմաստության հիմքը համբերությունն է»:

Ծավալվում է իմաստուն զրույցը, որին մասնակցում են Զենոնն ու Դեմոկրիտը, Դիոգենեսն ու Պյութագորասը, Էպիկուրն ու Պարմենիդը: Կյանքի և իմաստնության դասեր են տալիս Սոկրատեսը, Սենեկան, Հերակլիտը, Արիստոֆանեսն ու Թալեսը:

«Բոլորից ուժեղը ինքն իրեն տիրապետելն է»: «Կարճ խելքը երկար լեզու ունի»: «Ում չի հարվածում խոսքը, նրան չի հարվածում նաև գավազանը»: «Ով առաջ է շարժվում գիտությունների գծով, բայց ետ է մնում բարոյականության մեջ, նա ավելի շատ ետ է գնում, քան առաջ»…

Խտացած կենսափորձն ու թանձր մտքերը կամա թե ակամա ամրանում են երեխայի ենթագիտակցության մեջ ու դառնում միտք, մտածողություն, մտածելու կարողություն:

Սերգեյ Մերգելյանի անվան համակարգչային կաբինետ կամ
Ժամանակին համաքայլ

Համակարգչային դարը թելադրում է իր օրենքները, և նոր ժամանակների դպրոցում «Ինֆորմատիկա» առարկան դառնում է կարևորներից մեկը: Ժամանակին համաքայլ գնալու համար դասընթացը կազմակերպվում է համապատասխան կաբինետում` անհրաժեշտ համակարգիչներով, տեխնիկական անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով:

Իսկ դասասենյակի անվանակոչումը պատահական չէ, որովհետև անգնահատելի է Սերգեյ Մերգելյանի դերը Հայաստանում հաշվողական գիտության և տեխնիկայի զարգացման գործում:

1956թ. Երևանում կազմակերպվեց Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, որը հանրաճանաչ էր «Մերգելյանի ինստիտուտ» ոչ պաշտոնական անվամբ:

Այստեղ ստեղծվեց առաջին հայկական հաշվիչ մեքենան` «Հրազդանը», որն անընդհատ կատարելագործվում էր: 1960-1970թթ. ստեղծվեցին հանրահայտ «Նաիրի» մակնիշի մեքենաները: Ս.Մերգելյանը այդ ինստիտուտի հիմնադիր տնօրենն էր 1956-60թթ.:

«Մեր աչքի առաջ ծնվում է հայկական մաթեմատիկական դպրոցը», — գիտնականին այսպես է մեծարել ԽՍՀՄ ԳԱ նախագահ Պ.Ալեքսանդրովը:

Հայ մաթեմատիկական դպրոցի հիմնադիր Արտաշես Շահինյանի սանը 21 տարեկանում դառնում է գիտությունների դոկտոր, 25 տարեկանում ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ էր, 26-ում` ակադեմիկոս:

Ս.Մերգելյանի շնորհիվ Հայաստանում համակարգչային մասնագիտությունը մուտք է գործել դեռևս 80-ականներին:

Անվանի գիտնականի վաստակն ըստ արժանվույն գնահատվել է նաև անկախ Հայաստանի կառավարության կողմից: 2008թ. գիտական ու աշխատանքային բեղուն գործունեության և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ նա պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

Համակարգչային կաբինետի հնարավորություններից օգտվում են նաև ամենատարբեր առարկաների ուսուցիչներն ու սաները` առավել հետաքրքիր, հագեցած դարձնելով դասերն ու դաս-միջոցառումները, դասը կազմակերպելով ժամանակին համաքայլ: Համակարգչային կաբինետի ստեղծման ակունքներում է Նաիրա Մալխասյանը և Մարի Սահակյանը: Այսօր «Ինֆորմատիկա» առարկան դասավանդում է Մարինե Իշխանյանը:

Հ.Գ.  Համակարգչային կաբինետի ստեղծումն ու զարգացումը նաև ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինելու արդյունք է, որին նպաստել են դպրոցի խորհրդի նախկին անդամ, ծնող ու պարզապես դպրոցի ջերմ բարեկամ Գարեգին Չուքասզյանը, նաև «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպությունը՝ Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի շրջանակներում:

 Ալեքսանդր Թամանյանի անվան տեխնիկական գծագրության կաբինետ կամ
Արևային քաղաքի երազանքը

Դպրոցի ընդարձակ դասասենյակներից մեկում եռում է ստեղծագործական աշխատանքը: Կռվում ու հաշտվում են գույնը, գիծը, ոգին ու շունչը, ավանդականն ու ժամանակակիցը, անցյալը, ներկան ու ապագան:  Եփում է մտքի ու երևակայության կաթսան, և այդ ամենը կատարվում է մեծ հայի, ականավոր մտավորականի հայացքի ներքո, ով Հայաստան էր եկել` արևային քաղաքի երազանքը հոգում: Խոսքը ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս Ալ.Թամանյանի մասին է:

Կաբինետի ծավալուն պաննոյից (հեղինակ` Հ.Ոսկանյան) տաքություն է ծորում: Արևոտ տրամադրությունը իր լուսավոր շրջանակում է ամփոփել մարդուն, նրա կյանքն ու կյանքի գործը:

Եկատերինոդարում (այժմ` Կրասնոդար) ծնված, Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանի ճարտարապետական բաժանմունքն ավարտած Թամանյանը իր գործունեությունը ծավալել է նախ Ռուսաստանում: Եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը` վիցեպրեզիդենտի իրավունքներով:

1919թ. տեղափոխվել է Երևան, 1921-ին` Իրան: 1923թ. հրավիրվել է Հայաստան: Նրա առաջին ճարտարապետական աշխատանքը եղել է Երևանի գլխավոր հատակագիծը 150 հազար բնակչի համար: Ապա սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծը, որը, ցավոք, մնացել է անավարտ:

Երևանում Թամանյանի նախագծերով կառուցվել են աստղադիտարանը, բժշկական ինստիտուտի անատոմիկումը, անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտները, հանրային գրադարանը, Կառավարական տունը, օպերայի և բալետի թատրոնը և այլն:

Կառավարական տունը և օպերային թատրոնի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների լուծումները: Կառավարական տան համար Թամանյանին հետմահու շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ: Օպերայի և բալետի թատրոնի նախագիծը Փարիզի 1937-ի համաշխարհային ցուցահանդեսում շահել է Մեծ ոսկե մեդալ (Grand prix):

Հայ ճարտարապետության ծավալատարածական և արխիտեկտոնիկ առանձնահատկությունները, մանրամասների անկրկնելիության և բազմազանության սկզբունքը, կառուցվածքի և զարդաքանդակի դաշինքը նոր մեկնաբանություն, նոր որակ են ստացել Թամանյանի կառույցներում` ստեղծելով ճարտարապետության Թամանյանական դպրոցը:

Քաղաքաշինությունը զարգանում է հսկա քայլերով, թելադրում ճարտարապետաշինարարական նոր խնդիրներ ու լուծումներ: Ժամանակակից տեխնոլոգիաները, իհարկե, անհամեմատ զարգացրել և անհնարը հեշտ ու հնարավոր են դարձրել: Բայց ինչպես արվեստի գրեթե բոլոր ճյուղերում, ճարտարապետության մեջ էլ կան դասական ոճեր, գործեր, ավանդույթներ, որ բռնել են ժամանակի քննությունը և չեն դադարում զարմացնել ու հիացնել: Հայ ճարտարապետության գլուխգործոցները` Գառնի, Զվարթնոց, հուշում են, որ մեծն Թամանյանը նաև ավանդական հայկական ճարտարապետական դպրոցի արժանի ժառանգորդն է:

Ալ.Թամանյանի անվան տեխնիկական գծագրության կաբինետը նաև անհատական է ինքնատիպ կահավորմամբ, մասնագիտական անհրաժեշտ պարագաների, թեմատիկ վահանակների առկայությամբ:

Ո՞վ գիտի, գուցե այս հնարավորությունները ծնեն նոր քաղաքի արևոտ երազանքներ:

Պետրոս Դուրյանի անվան գրականության կաբինետ կամ 
Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ…

Նա ժամանակի այն հազվագյուտ բանաստեղծն էր, որ գաղափար ու բնություն իր սրտին մեջ փնտրեց:

Արշակ Չոպանյան

Պետրոս Դուրյանի պոեզիան մարդկային բուռն ապրումների հայելին է. սիրել ու դրժել, հուսալ ու հիասթափվել, տրտնջալ ու զղջալ…

«Ես որ աշխարհի մեջ միայն երգերը շատ սիրեցի, — ասում է Դուրյանը,- կուզեմ, որ իմ վերջին շունչս ալ երգ մըլլա… Մարդու նշանաբանը երգն է, էն Առաջին ձայնը երգն է, բնությունն ամբողջ երգ մ՛է…Ա՛հ, գեղեցիկ կյանք մ՛ալ կա, սերն է այդ. «Երգել, աղոթել ու սիրել», ահ, ի՛նչ բանաստեղծական կյանք, ի՛նչ կատարյալ կյանք»:

Երգի, աղոթքի ու սիրո լույս է կաթում պաննոյից նայող պոետի հայացքից (հեղինակ` Հ.Ոսկանյան): Թիկունքին իրար թիկնած սարեր են, զմրուխտ մարգագետիններ, կապո՜ւյտ- կապո՜ւյտ երկինք:

Դուրյանի աշխարհը բացվում է ընթերցողին իր խոկմանց ճանապարհով: Մենք սիրում ենք նրա բանաստեղծական տխրությունը, տիեզերական անսահման թախիծը, որ «երկնքի հիվանդություն» կկոչվի, հասկանում փիլիսոփա աշխարհում առանձնանալու ձգտումը:

Սկյուտարի սոխակը, ինչպես Պ.Սևակն է փաստում, «մեր նոր քնարերգության առաջին մեծն է և միշտ կմնա վերջինի կողքին», որովհետև չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը:

Պաննոյի լրացումն են դուրյանական խոհերը, փիլիսոփայական ընդհանրացումները:

Ասելիքը հարստացնում ու առավել տարողունակ են դարձնում անվանի մարդկանց՝ Զապել Եսայանի, Արշակ Չոպանյանի, Պարույր Սևակի, Վալերի Բրյուսովի մեծարանքի խոսքերը հավերժ երիտասարդ բանաստեղծի մասին:

 * * *

 Սիրելի՛ բարեկամ, մինչ կշարունակենք մեր վերելքը, ամփոփենք թեման Գևորգ Էմինի օգնությամբ. «Հարատևելու համար հայ ժողովուրդը ստիպված է եղել տաղանդավոր լինել և ադամանդ է դարձել դարավոր տառապանքից»:

Հույսի ու հավատի ղողանջներ

 Վերելքը տանում է Վերնատուն, վերընթաց ճանապարհին վերանայվում ու վերաիմաստավորվում են դարավոր արժեքներ, որի շնորհիվ ազնվանում է մեր տեսակը:

Մենք երրորդ հարկի նորից մաքուր ու կոկիկ միջանցքում ենք՝ այս անգամ նոր տրամաբանությամբ և տրամադրությամբ:

Դարձյալ ընդամենը երկու որմնանկար, որ նայում են իրար, զրուցում ու լրացնում մեկմեկու:

Թումանյանի՝ վերնահարկում գտնվող տունն է, որ ոչ միայն դիրքով, այլև առաքելությամբ կոչվեց «Վերնատուն»: Այն հիմնադրվեց Ամենայն հայոց բանաստեղծի կողմից 1899թ. և դարձավ հայ գրական ակումբ-խմբավորում: Վերնատան մշտական անդամներն էին Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը և Նիկոլ Աղբալյանը: Մշտական անդամներից բացի Վերնատան հանդիպումներին առիթից առիթ ներկա են եղել նաև արվեստի և գրականության անվանի դեմքեր՝ Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Վրթանես Փափազյանը, Կոմիտասը, Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը և այլք:

Հավաքվում էին նշանավոր ու հետաքրքիր մարդիկ Թումանյանի հյուրընկալ հարկի տակ, ու ծավալվում էր շահագրգիռ զրույցը ամենատարբեր թեմաներով: Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների երկերը, ինչպես նաև սեփական գործերն էին ներկայացնում ընդհանուր քննարկման:

Հոգու ու հոգևորի խոսակցությունը Վերնատան անդամների տեսադաշտում է: Երկրի ու երկնքի միջև անմեկնելի հաղորդակցություն կա. «Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ»: Երկնի աներևույթ սանդուղքով իջնում է Քրիստոսը, իսկ վարում Էջմիածնի Մայր տաճարն է: Ներքևում ծավալվող գողտրիկ բնանկարը, երկնառաք հայացքներով ծնկաչոք երեխաները, խոտերի մեջ անհոգ մեկնված սպիտակ գառը մի տեսակ պայծառ խաղաղությամբ են լցնում սրահը:

 Ամենայն հայոց կաթողիկոս Տ.Տ. Վազգեն Ա-ի անվան կաբինետ կամ 
Խորհուրդ խորին, անհաս և անսկիզբն… 

Նա իր գոյությամբ սրբացնում էր մթնոլորտը:

Սիլվա Կապուտիկյան

Պատահական չէ այս լսարանի գոյությունը հենց այս հարկում: Ասել է թե՝ շարունակվում է խոսակցությունը հոգևոր դաշտում, և զրույցը վարում է խորաթափանց ու պատկառելի հայը՝ Վեհափառը, իրեն հատուկ հանդարտությամբ ու արժանապատվությամբ:

Մեծադիր նկարից հանդարտ ու խոհուն նայում է Ամենայն հայոց կաթողիկոսը: Նրա իմաստուն մտքերը թափառում են սենյակում:

«Մարդն ի՞նչ է, եթե ոչ ճամփորդ մի արի, երբեք հոգնաբեկ, որ հավետ կընթանա միշտ դեպի հառաջ, միշտ դեպի երկինք ու կբախե դռները հույսին»:

«Մենք ինչպե՞ս չհավատանք Քրիստոսի հարության, երբ պատմական վավերական ապացույցն ունինք մեր ժողովրդի վերածնունդին, մեր ժողովրդի հարության»:

«Ինչքան հաջողինք մոտենալ Աստծուն, այնքան կդառնանք ավելի մարդկային»:

Կաբինետը ձևավորված է հուշալբոմի սկզբունքով. պատմում են լուսանկարները (դրանք հիմնականում Ս.Կապուտիկյանի արխիվից են):

Ահա Սուրբ պատարագը Մայր տաճարում, Ս. Էջմիածնի թանգարանում, Ս.Կապուտիկյանի աշխատասենյակում, Վեհարանում, Ավ.Իսահակյանի առանձնատան պարտեզում, Ս. Գայանե եկեղեցու բակում՝ Վեհամոր շիրիմի մոտ:

Լուսանկարներից մեկում Վեհափառը մի խումբ բարձրաստիճան հոգևորականների և ճարտարապետական խորհրդի անդամների հետ է, մյուսում՝ օրհնում է երկրաշարժի փլատակներից հանված մորն ու մանկանը: Ահա նա Պարույր Սևակի, Լուսինե Զաքարյանի, Սերգեյ Մերգելյանի, Էդգար Հովհաննիսյանի, Սիլվա Կապուտիկյանի ընկերակցությամբ:

Նկարներից մեկում հայոց դարերի հավերժական ուղեկիցն է՝ Մայր աթոռ Ս. Էջմիածինը: «Խոկման պահին» լուսանկարում Վեհափառն ասես զրուցում է մենավոր ծառի ու վազող ջրի հետ:

Լսարանի հոգևոր, ոգեղեն մթնոլորտը ամփոփում են «Աղոթք տերունականն» ու «Մեղքերի քավության դեղատոմսը»:

Այս լսարանում խնկարկվում է նաև դպրոցի շրջանավարտ, անվանի գրականագետ, մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր Գրիգոր Հակոբյանի հիշատակը:

«Դժվար է անկումային ժամանակներում լավատես լինել, և միշտ էլ հատուկենտ են բնության պարգևած այն անհատականությունները, որոնք խավարի մեջ վառ են պահում հուսո ջահը,- գրում է Գուրգեն Գասպարյանը: — Գրիգոր Հակոբյանն իրապես դրանցից մեկն է: Ուսումնասիրելով նրա կոթողները՝ մենագրություններ, գիտական հոդվածներ, փորձագրություններ, գրախոսություններ, ելույթներ, հրապարակումներ, համոզվում ես, որ գիտնականի կյանքն անմնացորդ գործունեություն է եղել, անվերջ փնտրտուքների և հայտնագործությունների, մշտապես նոր հանգրվաններ նվաճելու ուղի»:

 

Գալուստ ՏերՄկրտչյանի անվան հայագիտության լսարան կամ
Հավերժի ճամփորդը

 Մեր լեզուն մենք ենք, որ կանք…

Համո Սահյան

Հայի ինքնության անվիճելի կռվաններից է հայերենը, մեր ոսկեղենիկ լեզուն՝ ուշարժան նաև ոչ միայն հայ, այլև օտարազգի հայագետների համար:

Հայագիտության լսարանի գոյությունը դպրոցում ավելորդ ճոխություն չէ, այլ նպատակային քաղաքականություն: Հայերենը արժանի է բացառիկ ուշադրության: Հայոց լեզվի նկատմամբ նշանավոր մեծերի ուշադրությունը արժանի է մեծարանքի:

Ականավոր հայագետ, պատմաբան, բնագրագետ-աղբյուրագետ, թարգմանիչ ու խմբագիր Գալուստ Տեր-Մկրտչյանի կյանքն ու վաստակը հաստատում են, որ պատահական չէ անվանակոչությունը:

Գալուստ Տեր-Մկրտչյանի հայագիտական հետազոտությունները բազմաբնույթ են՝ հայ հին մատենագրություն, վիմագրություն, հնագրություն, դրամագիտություն, պատմական աշխարհագրություն, միջնադարյան հայ առակագրություն, ուրարտագրություն, ազգագրություն և բանահյուսություն: Մեծ է նրա ներդրումը բնագրագիտության և աղբյուրագիտության մեջ: Նրա հարուստ արխիվը պահպանվում է Մատենադարանում:

Լսարանը շնչում է հայախոսությամբ, հայասիրությամբ, հայաճանաչությամբ:

Գալուստ Տեր-Մկրտչյանի մեծադիր ու պատկառազդու նկարի շուրջ անվանի հայագետների ու հայասերների շքերթ է՝ Մխիթար Սեբաստացի, Ղևոնդ Ալիշան, Ստեփանոս Մալխասյանց, Լեո, Հակոբ Մանանդյան, Վալերի Բրյուսով, Յոհաննես Լեփսիուս, Նիկողայոս Մառ, Գևորգ Ջահուկյան,Պիոն հակոբյան:

Բարձրաճաշակ ու բովանդակալից վահանակները շոշափում են հայկական ամենատարբեր թեմաներ. հին հայկական դիցարան, Արշակունյաց հարստության արքաներ, Բագրատունյաց շինարար թագավորներ, Կիլիկյան Հայաստանի նշանավոր ամրոցներ, Մխիթարյան միաբանություն:

Լսարանի արևահայաց պատին արևային տրամադրություն է: Հրաչյա Ռուխկյանի «Բույլ հանճարաց» նկարաշարը՝ Մեսրոպ Մաշտոց ու Վռամշապուհ արքա, Եղիշե ու Մովսես Խորենացի, Դավիթ Անհաղթ ու Անանիա Շիրակացի, Սայաթ-Նովա ու Հովհաննես Այվազովսկի, Խաչատուր Աբովյան ու Պետրոս Ադամյան, Ստեփան Շահումյան ու Վիկտոր Համբարձումյան, հիշեցնում, հուշում ու համոզում է մեզ, որ մենք թեև փոքր, բայց զարմանալի կենսունակ ժողովուրդ ենք:

Աշխարհասփյուռ հայերն իրենց ինքնությունը պահել են լեզվի ու հավատի շնորհիվ՝ հավաքվելով եկեղեցիների ու դպրատների, հայագիտական կենտրոնների շուրջը: Ճանաչողական նշանակություն ունեն նաև այս վահանակները:

Գալուստ Տեր-Մկրտչյանի անվան հայագիտության լսարանի բովանդակությունը խտանում է երկու կտավներում՝ «Հայոց այբուբենը»՝ Վիկտոր Հովհաննիսյանի հեղինակությամբ, «Եղիցի լույս»՝ հեղինակությամբ Խաչատուր Ազիզյանի:

Այս լսարանում են անցնում առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը:

Այս լսարանը տրամադրում է. «Ճանաչել զիմաստությիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Ֆրիտյոֆ Նանսենի անվան աշխարհագրության կաբինետ

Նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի անունն է կրում աշխարհագրության կաբինետը, որտեղ կենտրոնացած են առարկայական դիդակտիկ նյութերը՝ քարտեզներ, գլոբուսներ, ալբոմներ, թեմատիկ պաստառներ և այլն:

Իսկ ինչո՞ւ Նանսեն: Սա ևս հարգանքի ու երախտագիտության դրսևորում է այն մարդու նկատմամբ, ով նախանձախնդիր հետևողականությամբ ապրել է հայ ժողովրդի ճակատագրով, հնարավորինս օգնել ու աջակցել նրան, իր անձնական համակրանքով նաև ձևավորել որոշակի վերաբերմունք հայերի ու հայ դատի նկատմամբ:

1922թ. արժանանում է խաղաղության Նոբելյան մրցանակի՝ անօգնականներին օժանդակելու երկարաժամկետ ջանքերի համար:

1925թ. Նանսենը Ազգերի լիգայի հանձնարարությամբ ուսումնասիրում է հայ փախստականներին տեղավորելու հարցը, դառնում հատուկ հանձնաժողովի ղեկավար, գալիս Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու արհեստական ոռոգման հնարավորությունները:

Վերադառնալով Եվրոպա՝ նա Ազգերի լիգայում հայտարարում է. «Միակ տեղը, որտեղ կարելի է տեղավորել հայ փախստականներին, Սովետական Հայաստանն է»:

Մի քանի տասնյակ հազար հայերի հաջողվում է տեղավորել Սիրիայում:

Հայաստանյան տպավորությունները նա ամփոփում է 1927-ին լույս տեսած գրքում:

Հայ ժողովրդին ցուցաբերած օժանդակությունը, խնամքը Նանսենը չի թողնում մինչև մահ: 1928թ. նա մեկնում է ամերիկյան շրջագայության, կարդում դասախոսություններ՝ հայ ժողովրդի համար միջոցներ հանգանակելու նպատակով:

Նանսենը վախճանվում է 1930թ. Լուսակերում:

Տնարարության կաբինետ կամ
Կյանքի ու կենցաղավարության դասեր

 Հայոց դպրոցի խնդիրը ոչ միայն առարկայական գիտելիքներ ապահովելն է, այլև կյանքում կողմնորոշվելու, կենցաղում կայանալու հմտություններ ձևավորելը: Խոսքը մասնավորապես վերաբերում է աշակերտուհիներին, որոնք մեծանում են՝ իրենց մեջ կրելով հայուհու ազգային դիմագիծը: Հեզ, խոնարհ, աշխատասեր, հնարամիտ, շնորհաշատ. հայ աղջկա գենետիկ հիշողության մեջ ապրող ու զարգացող գծեր, որ նրան առանձնացնում ու տարբերում են ուրիշներից:

Տնարար աղջիկների աշխարհում եռում է աշխատանքը. եփում-թափում են, կարում-ձևում են, շարում-հյուսում են: Արդյունքում ծնվում են ուշարժան գործեր, որոնք վկայում են, որ այստեղ գործում է գլխավոր բաղադրատոմսը՝ սեր+աշխատասիրություն+ճաշակ+համբերություն:

Կաբինետի մթնոլորտն արդեն տրամադրող է: Տան ջերմություն կա այստեղ, մի տեսակ հանգիստ ու հարմարավետ տրամադրություն, որն անկասկած նպաստում է ստեղծագործական ընթացքին:

Սա, իրոք, դպրոցի սանուհիների սիրած միջավայրն է, որ ստեղծվել, զարգացել ու ընդլայնվել է տանտիրուհու՝ վաստակաշատ ուսուցչուհի Գոհար Մկրտչյանի ջանք ու ջիղի շնորհիվ:

Հագուստի մոդելավորումից մինչև խոհանոց, հուլունքագործությունից մինչև սեղանի ձևավորում՝ համեմված բծախնդիր մաքրասիրությամբ ու կոկիկությամբ:

Այստեղ երեխաներն անցնում են կյանքի ու կենցաղավարության կարևոր դասեր, ապրելու դասեր:

Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան կենսաբանության կաբինետ կամ
Անխախտ դաշինք

 Նշանավոր ռենտգենաբան, ՀՀ-ում ռենտգենաբանության հիմնադիր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Բարդուղիմեոս Ֆանարջյանի նախաձեռնությամբ ստեղծվել է ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտը, Հայաստանում կազմակերպվել են հանրապետական ուռուցքաբանության դիսպանսերը, առողջապահության նախարարության ռադիոկենսաբանության բաժանմունքը:

ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ: Նրա որդին՝ Վիկտոր Ֆանարջյանը, Հայաստանի նշանավոր ֆիզիոլոգներից մեկն է:

Անունը պատկառելի է ու պատասխանատու, բնագավառը՝ անչափ կարևոր և կենսական: Անվան ու բովանդակության, առարկայի և կյանքի միջև անխախտ դաշինք կա, որ զգացվում է անընդհատ և ամենուր:

Ընդարձակ լսարանում զրուցում են կանաչն ու լույսը: Բուսառատ սենյակն ասես բնության գողտրիկ անկյուն լինի, ուր խաչվում են մարդու ֆիզիկական, հոգեկան ու մտավոր ուղիները:

Պատեպատ ձգվող պահարանում կենսաբանությանն առնչվող նյութեր են, փորձանմուշներ, դիդակտիկ առարկաներ, թեմատիկ պաստառներ: Այստեղ կենսաբանությունն առավել հասկանալի է, տեսանելի, մատչելի:

Վիլյամ Սարոյանի անվան անգլերենի կաբինետ կամ
Բարի հսկան

Վիլյամ Սարոյանը համաշխարհային գրականության բացառիկ երևույթներից է… Լինելով ամերիկյան գրող՝ նա միաժամանակ հայ ազգային մեծ գրող է… Սարոյանի բացառիկությունն այն է, որ գերաճելով իր միջավայրից ու իր որդեգրած լեզվից՝ դարձավ նաև իր հարազատ ժողովրդի ազգային մեծ գրողներից մեկը:

Վահագն Դավթյան

Սա ամենից առաջ հենց ինքը՝ Սարոյանն է հասկացել ու ձևակերպել. «Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ինձ համարում եմ հայ գրող»: Այնուհետև բացատրել է. «Լեզուն, որով գրում եմ, անգլերեն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, բայց ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է:

Ուրեմն՝ ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»:

Սարոյանի պատմվածքների առաջին ժողովածուն իսկական հայտնություն էր ամերիկյան գրականության համար: Ամերիկյան գրական քննադատությունը նրան համարեց Ֆոլկների, Հեմինգուեյի, Սթայնբեքի, Կոլդուելի շարունակողը:

Իսկ հաջողության բանալին, ինչպես Սարոյանն է ասում, «հասարակ ու հին է, ինչպես աշխարհը. ավելի լավ է լինել բարի, քան լինել չար»:

Բարի հսկայի անսահման բարությունն ու լավատեսությունը ճառագում է որմնանկարից (հեղինակ` Հ.Ոսկանյան): Նա ասես թևատարած գրկում է լսարանը, իր մեծ հոգում տեղավորում ամենքին ու ամեն ինչ:

Լուսանկարներում Վ.Սարոյանն է իր գրչակից ընկերների՝ Վ.Պետրոսյանի, Հովհ. Շիրազի, Վ.Դավթյանի, Ռ.Դավոյանի, Հ.Մաթևոսյանի, Ս.Խանզադյանի, Ս.Կապուտիկյանի հետ: Սարոյանական մտքերը՝ հայերեն և անգլերեն, դասարանը լցնում են իմաստությամբ ու հույսով, որովհետև մարդու, մարդկայինի, հայի, հայկականի նկատմամբ անսահման սեր ու հավատ է սերմանում. «Ես կուզենայի աշխարհում տեսնել որևէ ուժ, որը ոչնչացներ այս ազգը, այս անկարևոր մարդկային փոքրիկ ցեղը, որոնք պատերազմներ են մղել և կորսվել, որոնց շինությունները ավերվել են. չընթերցված գրականություն, չլսված երաժշտություն, երկինք չհասած աղոթքներ:

Գնացե՛ք առաջ, ավերե՛ք Հայաստանը: Տեսե՛ք, արդյոք կարո՞ղ եք: Քշե՛ք նրանց անապատ՝ առանց հացի ու ջրի: Այրե՛ք նրանց տներն ու եկեղեցիները, ու տեսե՛ք, թե նրանք արդյոք չե՞ն ծիծաղի ու աղոթի նորից:

Աշխարհում երբ էլ նրանցից երկուսը հանդիպեն որևէ տեղ, տեսեք արդյոք նրանք չե՞ն ստեղծի մի նոր Հայաստան»:

Այս կաբինետում դու տանն ես ու մեծ աշխարհում, որովհետև ազատ ես, անկաշկանդ:

«Նա մարմնացյալ ազատությունն էր, և շփումը նրա մեծ, ամբողջական, լույսով ու ճախրանքով շնչող գործի և նրա օրվա մի րոպեի հետ քեզ ազատ ոգու թևեր էր տալիս»:

Հրանտ Մաթեւոսյան

*  *  *

Երրորդ հարկի եզրափակիչ անկյունում Սիլվա Կապուտիկյանի հուշերը կամրջվում են կորուսյալ ոստանի՝ Վանի բնապատկերին: Ու տրոփում է անհանգիստ պատգամը.

Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո մայր լեզուն չմոռանաս…

Վահան Տերյանի անվան հայոց լեզվի և գրականության կաբինետ կամ
Սրտաբեկ, տխուր պոետ արևավոր

Օ՜, Գանձայի քնարական երեկոներ, դուք թռցրիք Վահանի հոգին բանաստեղծական ու գերզգայական ոլորտները, դուք անմահացաք նրա տաղանդի կախարդանքով, դարձաք երգ ու հեքիաթ, մաքուր սփոփանք և բարձր արվեստ…

Ավետիք Իսահակյան

Հայրենի եզերքի լույսը հոգում՝ լուսավոր թախիծ է քամում նուրբ քնարերգակը, վարակում «ազնիվ հայրենասիրությամբ, զգացմունքների անկեղծությամբ ու անաղարտությամբ, բանաստեղծական խոսքի բարձր մշակույթով, լեզվի վճիտ պարզությամբ ու երաժշտականությամբ»: (Կամսար Գրիգորյան)

«Բանաստեղծը սիրով ու կարոտով է լցնում աշխարհը, պայծառ թախիծով օծում երազող մարդուն: Նա լսում է գրեթե անլսելի մեղեդիներ, ցավի շշուկներ, զգում է հոգու շարժման ամենամեղմիկ հոսանքները, լայնացնում է երազների ծիրը, այսինքն՝ բացում է իմացության և հույզերի նորանոր ծալքեր: Եվ այս բոլորին նա հասնում է հոգևոր նուրբ տեսողության և լսողության, բարոյական արտասովոր զգացողության շնորհիվ»: (Հրանտ Թամրազյան)

Առաջին զգացողությունը, որ համակում է լսարան մտնողին, հանդիպումն է բանաստեղծի հետ: Անմիջապես հայտնվում ես նրա խորաթափանց տեսադաշտում, ուր կա աշնանային մեղեդի՝ դեղնող տերևների շրշյունով, լույսի ու ստվերի աշխույժ խաղով:

Լույս ու ստվերի, գծի ու գույնի զարմանալի դաշինք կա որմնանկարում (հեղինակ` Հ.Հակոբյան): Տերյանի նուրբ ու դալուկ դեմքը պաննոյի ժլատ գունապնակում յուրօրինակ խորհուրդ է կրում և փոխանցում լսարանին:

Անահիտ Շահիջանյանի հուշերը, Հովհաննես Շիրազի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, Ստեփան Զորյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ավետիք Իսահակյանի մտքի ու սրտի արձագանքը բանաստեղծի մասին ստեղծում են տերյանական տրամադրություն:

Դասասենյակում ապրում են նաև բանաստեղծի խոհերը կյանքի, ունայնության, սիրո, կարոտի մասին.

Ես կգամ որպես մոռացված մի երգ՝
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից,
Քո մեռած սրտում կլինի թախիծ,
Ես կկանչեմ քեզ դեպի այլ եզերք:

Եղիշե Չարենցի անվան գրականության կաբինետ կամ
Ինչքան որ հուր կա իմ սրտում
 

Ասուպի նման ծնվեց ու մի ակնթարթում կիզվեց Չարենց մահկանացուն: Բարձր հոգու լույսը մնաց հավերժաբար ու գնալով պայծառանում է:

Մարտիրոս Սարյան

Հոգու հրով, հոգու լույսով, անունը՝ Չարենց, ասոնանսը՝ «Արև», բառը՝ «հանճարեղ», աչքերը հառած անցյալին, ապագայի նժույգ նստած՝ ապրում է բանաստեղծը յուրօրինակ կյանքով իր անունը կրող կաբինետում:

Որմնանկարը (հեղինակ՝ Ն.Անտոնյան) վերարտադրությունն է Մ.Սարյանի հայտնի կտավի, որում պոետի խոհուն կերպարն է՝ խորհրդավոր ու խորհրդանշական դիմակներով:

Առանց Հայաստան Չարենց չէր լինի,
Առանց Չարենցի չկա Հայաստան:

Ռ.Դավոյանի բանաձևը բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության ամեն նյարդում է, ամեն տարրում:

«Այն ամենը, ինչ գրել է Չարենցը, հենց ինքը Չարենցն է: Ուրիշ չկա՛: Անհանգիստ, նուրբ, բուռն, հեշտ խոցելի, կրքոտ, պոռթկուն, ազնիվ, բոցավառ… Նրա համար պոեզիան ընկերուհի էր, ռազմադաշտ, ամբիոն, աղոթք, զրույց… լռություն», — այսպես է մեծարել պոետին ռուս գրականագետ Լև Օզերովը, իսկ գրչակից ընկերը՝ Իլյա Էրենբուրգը, հիացած շարունակել է. «Արնավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ, հավերժ երիտասարդ այդ բանաստեղծը դարերի համար էլ կպահպանի իր երիտասարդությունը»:

Եվ Չարենցի՝ անցյալն ու ապագան կամրջելու, ժառանգության շղթայում իրեն հաստատելու և շարունակելու մարգարեությունը.

Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից, դեպի վառվող Ապագան…

 ՍայաթՆովայի անվան գրականության և արվեստի լսարան կամ
Գի՛ր սիրէ, ղալա՛մ սիրէ, դա՛վթար սիրէ
 

Իր հանճարի զորությամբ նա ժողովրդական երգչի արհեստը վերածեց բանաստեղծի վեհ կոչման:

Վալերի Բրյուսով

Հայ միջնադարյան հարուստ քնարերգությունը շռնդալից ակորդով է եզրափակվում, հզոր մի անհատականությամբ, որ իր տաղանդի հրավառությամբ կարող էր պատիվ բերել առնվազն երեք ժողովրդի:

«Գողթան երգիչների չափ ազգային» է Սայաթ-Նովան, սիրո անմրցակից երգիչ ու մեծ հումանիստ, որ Հովհաննես Թումանյանի տպավորիչ մեկնությամբ. «Զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը… Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց»:

Լսարանը բացվում է խոսուն որմնանկարով՝ Սայաթ-Նովայի կերպարով, սայաթնովյան կոլորիտով ու տրամադրությամբ (հեղինակ՝ Լ.Ղարիբյան):

Սրահի անվան ու բովանդակության դաշինքը հաստատում է նաև հայ գրողների պատկառելի ներկայությունը. նրանք ասես հավաքված են ծաղկած եկեղեցիների շուրջ: Վերջիններս ծաղկահարդարման խմբակի սաների մշտական ցուցանմուշներն են սրահում (ղեկավար՝ Լ.Կիրակոսյան):

Բովանդակությունը ազնիվ ու ճաշակով շրջանակի մեջ է: Հարմարավետ կահավորումը ստեղծում է կամերային մթնոլորտ, ապահովում բազմաթիվ ու բազմազան գրական, մշակութային միջոցառումների, հանդիպումների, զեկուցումների ու դասախոսությունների, անգամ շարքային ժողովների ու նիստերի հաջողությունը:

 Լևոն Օրբելու անվան կենսաբանության կաբինետ

Կենսաբանության ևս մի կաբինետ, որի անունը դարձյալ պարտավորեցնող է:

Լևոն Օրբելի՝ հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ուսմունքի ստեղծողներից, ԽՍՀՄ ԳԱ, ՀԽԱՀ ԳԱ, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ:

Օրբելու աշխատանքները հիմնարար ներդրում են ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում և ունեն համաշխարհային ճանաչում: Նա ստեղծել է ֆիզիոլոգիական ամենաընդարձակ դպրոցներից մեկը: Մեծ է նրա ավանդը Հայաստանում ֆիզիոլոգիայի զարգացման գործում: Նրա անունով է կոչվում ՀՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը:

Լ.Օրբելին եղել է Փարիզի կենսաբանական ընկերության, բնախույզների գերմանական «Լեոպոլդինա» ակադեմիայի, անգլիական ֆիզիոլոգիական ընկերության պատվավոր և արտասահմանյան այլ ակադեմիաների ու ընկերությունների անդամ: Պարգևատրվել է Պավլովի անվան և ԽՍՀՄ պետական մրցանակներով, Մեչնիկովի անվան մեդալով, բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով:

Կենսաբանության կաբինետի որմնանկարում (հեղինակ՝ Հ.Ոսկանյան) մեծ գիտնականն է՝ մտածող, ապրող ու հայտնագործող մարդու խորաթափանցությամբ, ջանքի ու կամքի գերլարումով: Աշխարհի մարդու թիկունքում հայրենի եզերքն է՝ սարյանական գույների խաղով ու ջերմությամբ: Աջ ու ձախ գործնական կենսաբանության պարագաներն են՝ դիդակտիկ նյութեր, փորձանմուշներ, վահանակներ, որոնք առավել ցայտուն ու հասկանալի են դարձնում առարկայի մատուցումը:

Ալեքսանդր Պուշկինի անվան ռուսաց լեզվի կաբինետ

Համաշխարհային գրականության շառաչուն ջրվեժին իր վարար հոսանքն է տվել ռուս գրականությունը՝ հզոր անհատականություններով, գրական անանց արժեքներով: Ալ.Պուշկին, Մ.Լերմոնտով, Լ.Տոլստոյ, Ա.Չեխով, Ֆ.Դոստոևսկի, Մ.Գորկի, Ի.Տուրգենև… Իհարկե, ցանկն ամփոփելու մասին խոսք լինել չի կարող:

Կաբինետը կրում է թերևս ամենամեծի՝ Պուշկինի անունը, որովհետև այս հավերժ երիտասարդ պոետը, ինչպես ամենայն հայոց բանաստեղծը հայերիս համար, դարձավ ռուսական կյանքի հայելին, ռուսական հոգու թարգմանը, ռուսաց լեզվի ջահակիրը:

Պուշկինն անչափ մոտ է ժողովրդին, հետևաբար շատ մոտ է մարդուն, մարդկայինին, դրա համար էլ վեր է նեղ ազգայինից ու նվաճել է համամարդկային հորիզոններ:

Պուշկինյան հերոսների, ռուսերենի անընդհատ ներկայությունը, ռուսալեզու գրականության առկայությունը ստեղծում են ուրույն միջավայր՝ հարազատ անվանն ու առաքելությանը:

 *  *  *

IV հարկի նախասրահի տրամադրության հեղինակը մեծ հայն է՝ Գարեգին Նժդեհը՝ հայացքը Զանգեզուրի առինքնող բնապատկերին, միտքը հոգու պես բաց.

«Զգալ, որ հոգի ունես — ահա թե երբ են բացում, խոսում, ժպտում ճշմարիտը, բարին, գեղեցիկը»: