Գեղեցիկը կփրկի աշխարհը

Դասական այս խոսքերը վաղուց բռնել են ժամանակի քննությունը և դարձել ճշմարտություն: Բայց, ավա՜ղ, ճշմարիտ է նաև այն, որ նյութի ու նյութականության մրցավազքում, նոր «արժեքների» կողքին գեղեցիկը երբեմն լռում ու համբերատար սպասում է իր ժամանակին:

Գեղեցիկի հետ անմիջականորեն շփվելու և օրը գեղեցիկ վայելելու առիթ կար Երևանի Պեյո Յավորովի անվան №131 դպրոցում, որտեղ նշվում էր «Հայ մշակույթի տոն» ամենամյա շքահանդեսը: Օրվա տրամաբանության մեջ հանդիպել էին տարվա հոբելյարները` Վարդգես Սուրենյանց, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Էդգար Հովհաննիսյան® Մեծություններ, որոնց արվեստին հաղորդակցվելու պատեհությունն ու պատիվը բարձրացնում է մարդու ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվությունը: Տոնահանդեսի ավանդական ծրագրում նաև դպրոցի գեղարվեստական խմբերի ու խմբակների հաշվետու ցուցադրություններն էին` վաղուց փաստելով, որ այս շատ սովորական հանրակրթական դպրոցը անսովոր է իր մշակութային հագեցվածությամբ, արվեստի նկատմամբ բացառիկ վերաբերմունքով:

Ուսուցչական, «Կոմիտաս» աշակերտական երգչախմբեր (գեղ. ղեկավար` Ս.Խաչատրյան), փոքրիկների երգչախումբ (Գ.Գյուլնազարյան), «Ժպիտներ» պարախումբ (Էդ.Խաչատրյան), դասական եռյակ (դաշնամուր` Գ.Գյուլնազարյան, ջութակ` Դ.Ադամյան, Ֆլեյտա` Հ.Դադայան), Ժող. եռյակ (շվիներ` Գ.Խալաթյան, Ա.Հայրապետյան, դհոլ` Հ.Բավիկյան), Ժող. եռյակ (դաշնամուր` Գ.Գյուլնազարյան, քանոն` Ն.Դանիելյան, դհոլ` Հ.Խաչերյան), մեներգիչներ` Գ.Սաֆարյան, Հ.Խաչերյան, Լ.Առաքելյան, Ա.Գրիգորյան, ասմունք` Ա.Հովհաննիսյան, Ռ.Ավդալյան, հանդիսավարներ` Լ.Առաքելյան, Դ.Մելքոնյան: Ահա համերգային ամփոփ ծրագիրը: Երկրորդ և երրորդ հարկերը դարձել էին շքեղ ցուցասրահներ իքեբանայի (Լ.Կիրակոսյան), նկարչական (Ն.Անտոնյան), հուլունքագործության (Գ.Մկրտչյան) խմբակների սաների բարձրաճաշակ գործերի շնորհիվ:

Սիրելի՛ ընթերցող, այսքանն էլ բավական է, որ հանդիսականները հագեցած ու բավարարված թողնեն կրթօջախը, բայց այստեղ բարի ավանդույթ է նաև այն, որ ամենամյա տոնը ամեն տարի մի նոր անկյունով հարստացնում է դպրոցը: Բազմաթիվ կաբինետներն ու լսարանները, որ ձևավորվել և բացվել են տարիների ընթացքում, սովորական ու առօրյա հոգսերով են ապրում: Դպրոցի կենսագրության մեջ այսօր լիարժեք գործում են «Պեյո Յավորով» հայ-բուլղարական բարեկամության և «Վարդուհի Վարդերեսյան» արտիստական թանգարանները:

Մշակութային վերջին տոնը դպրոցին նվիրեց Վարդգես Սուրենյանցի անվան գեղեցիկ արվեստների կենտրոն: Անվանի նկարչի ու վաստակաշատ մտավորականի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող վահանակները, նրա «Աստվածամայրը գահի վրա» հանրահայտ կտավի բարձրարվեստ վերարտադրությունը (նկարիչ` Վ.Հովհաննիսյան) ոգեղեն լույսով են լցնում սրահը և այդ լույսի ծիրում հավաքում հայ և համաշխարհային նկարչության, քանդակագործության ու ճարտարապետության նշանավոր դեմքերին ու արվեստի հրաշալիքները: Թանգարանի հարուստ բովանդակության արժանի լրացումն են նաև դպրոցի գեղարվեստական խմբակների սաների աշխատանքները:

Այս կենտրոնի գոյությունը ևս նպատակային է ու արդարացված. այն միտված է դպրոցականների ինտելեկտուալ զարգացմանը, գեղագիտական դաստիարակությանը:

Վարդգես Սուրենյանցը, որ «շատ է թափառել օտար հորիզոններում», երազում էր «լուսո աստղի» մասին, խաղաղ, անդորր ու ապահով օրեր տենչում իր հայրենիքի համար: Նրա հիշատակի խնկարկումը, գեղեցիկը գնահատելու, գեղեցիկ ապրելու ձգտումը, անշուշտ,  առհավատչյան է մեծ մարդու մեծ երազանքի: Մարդու, որի «լավագույն գործերում ուժեղ տրոփում է Հայաստանի սիրտը, դրա համար էլ նա կապրի այնքան, որքան կապրի հայ ժողովուրդը» (Մարտիրոս Սարյան):

(Նաիրա Զաքարյան, «Կրթություն»)