Անվանակոչություն

Ծնունդդ բարի, սիրելի՛ դպրոց: Ժամանակն է, որ օրհնվի անունդ ևս:

 ՊԵՅՈ ԿՐԱՉՈԼՈՎ ՅԱՎՈՐՈՎ

Յավորովը առանց Հայաստանը տեսնելու մեզ համար դարձավ այն, ինչ Բայրոնն էր Հելլադայի համար:

Գարեգին Նժդեհ

Անկեղծ, մաքուր, բոցաշունչ ու անխոնջ հոգին տաճար է, որի մեջ է ամենից հեշտ լսել ճշմարտության հայտնությունը:

Մաձինի

3

Բուլղար բանաստեղծ, անկախության մարտիկ, հեղափոխական, պարզապես մարդ՝ իր դրամատիկ ճակատագրով, իր սերերով ու ապրումներով, իր հույսերով ու հուսախաբությամբ: Բուլղար ժողովրդի երգիչ, որ այսօր նույքան սիրելի է հայերիս, հոգեհարազատ ու թանկ:

Աշխարհում թերևս չկա մի հայ, որ ծանոթ չլինի «Հայեր» բանաստեղծությանը, որը սոսկ ստեղծագործություն չէ, այլ կենսագրություն տարագիր մի ժողովրդի, որ գութ ու սրտակցություն էր փնտրում օտար ափերում:

Յավորովը փորձում էր հասկանալ, կռահել մարդկային ցավը: Փոքրիկ Ստրալջա կայարանում, որտեղ սկսում է աշխատել որպես հեռագրիչ, նա «խճճվում է իրեն անհայտ մի կյանքի անվահետքերում, որոնցով անդադար սուրում են կառքերը՝ բեռնավորված մարդկային ցավ ու տառապանքներով»: Այստեղ է, որ «նրա մեջ ուժ ծնվեց իր էությամբ ընդգրկելու խաչված մի ժողովրդի՝ հայերի տառապանքները: Եվ այստեղից էլ հոգին սկսեց երգել համամարդկային տառապանքը»  (ըստ քրոջ):

«Երբ ես գրեցի «Հայերը» եղերերգը, գրչածայրս թաթախում էի ոչ թե թանաքի մեջ, այլ հայ ժողովրդի վշտերի ու հուզմունքի ծովը… Գրում էի հուզված՝ այս բազմաչարչար աշխարհում փնտրելով մարդկայնություն և արդարություն: Այսպես ծնվեց իմ «Արմենցին» 1899թ.», — գրում է Յավորովը:

Armenci

Տարագիրներ են նրանք, նրանք բեկորն են չնչին
Ոսոխներից հալածված քաջակորով մի ազգի,
Եվ զավակներն են զրկված հայրենիքի իրենց հին,
Որ ողջակեզն է դարձել անօրինակ սխրանքի:

«Հայեր» բանաստեղծությունն օգնել է աշխարհասփյուռ հայերին՝ չմոռանալու իրենց ինքնությունը: Ինչպես գրող, հրապարակախոս, ԲՀ-ում ՀՀ երջանկահիշատակ դեսպան Սևդա Սևանն է նշում. ««Հայերը» դատավճիռ է չարիքի, ճնշման և ցեղասպանության բոլոր տեսակների դեմ՝ երեկ, այսօր, վաղը: «Հայերը» չափանիշ է բարու, բարի կամեցողության և մարդկանց միջև կարեկից վերաբերմունքի»:

Ե՛վ Բուլղարիայում, և՛ Հայաստանում գոյություն ունեն Յավորովի մի քանի արձաններ՝ կանգնեցված երախտապարտ հայերի կողմից:

4Yavorov arzan1  Yavorov arzan2  Yavorov arzan3

1966 թվականից Պեյո Յավորովի անունն ու կիսանդրին կրթօջախի այցեքարտը դարձան, և դպրոցը այդ թվականից ի վեր դարձավ հայ-բուլղարական հարատև բարեկամության բանուկ կամուրջ:

*  *  *

ECCE HOMO
(Ահա մարդը)


Նրանց, ովքեր ըմպում են և հայի տառապանքի գավաթը…

Peyo_Yavorov

«Մենք չենք կարող ճանաչել մարդուն, երբ նա քայլում է մեր կողքից: Ճանաչելու համար անհրաժեշտ է, որ հեռանանք նրանից»:

Գյոթեի այս միտքը ավելի շուտ պարադոքս է, քան ճշմարտություն:

Յավորովը, որ չի տեսել հային Հայաստանում, ճանաչում է նրան և խորհրդապաշտ հիացմունքով գովերգում «միշտ քաջարի» մեր ժողովրդին: Նա, որ չի տեսել հային իր տիեզերական օրրանում, խորապես ճանաչում է հայությանը, որովհետև մարդու և աշխարհի առանձնահատուկ ներըմբռնում ունի:

Նա ճանաչում է և գովերգում իր ճակատագրի համար մաքառող տառապյալ հայությանը:

njdeh

Նա, որ մի առույգ ու հերոսական ցեղի զավակն է, դարձել է այդ ցեղի փոքրաթիվ բանաստեղծներից, ովքեր, ըստ արժանվույն, առաջին տեղն են գրավում ոգու հերոսների շարքում:

Նա՝ մեր դարի ամենամարդկային երգիչներից մեկը, չի դավանում «I՜ art pour l’art»: Ծնվելով «լույս ծովից», ինչպես ինքն է ասում իր մասին, նա դարձել է սրբազան նվիրումի ու ողբերգական սարսափի, հերոսականի ու հաղթական արբեցման երգիչը անհատի ու հանրության կյանքում:

Եվ երգելով հանուն ստրկացված ու անիրավված հայրենիքի՝ նա մաքառում է մահվան, թուրքերի, աշխարհի քարսրտության դեմ: Մարդկության ամենազգայուն որդիներից մեկը, որի կրծքում չի լռել ճշմարտության առյուծային հեկեկոցը, մինչև վերջին պահը՝ մեր աշխարհից հեռանալիս, երիցս նզովված էր այդ իսկ աշխարհի կողմից:

Նա ապրեց, իր խոսքերով, «կեցության փոթորկի մեջ» և տառապեց գերմարդկայնորեն: Եվ տառապանքի ջղակծկումներում նրա շուրթերից հաճախ է ժայթքել այս ճիչը. «Ես չե՜մ ապրում, ես այրվո՜ւմ եմ»: Նրա պրոմեթևսյան հոգում չէր թուլանում խռովահույզ զգացումը մարդու և մարդկային ճակատագրի համար: Նա՝ սրտի տիտանը, որ ըմբոստացավ հասարակական կեղծիքի դեմ, աստվածայնորեն կարեկից էր: Նա՝ երկրային տագնապի երգիչը, չբավարարվեց միայն կեցության բնազանցական խնդիրների իմաստասիրական լուծումով: Նա ներբողեց, իսկ ներբողելու համար՝ խորապես զգաց: Նա հոգեպես միաձուլվեց եղբորը՝ մարդուն, եղբոր հետ, իր տառապյալ եղբոր հետ ընդվզեց ճակատագրի դեմ: Նրա կյանքը խաչելություն էր: Նա խաչվեց բոլոր խաչվածների հետ: Տառապանքը նրա համար աստվածապարգև հեշտանք էր:

«Եւ Բանաստեղծին նման Աստուած ալ
Որպէսզի ստեղծէ, հարկ եղաւ նախ լալ»:

Նա երգեց մեր ցեղի խաչելության ուղին: Նա ըմպեց հայի տառապանքի գավաթը: Եվ տառապյալների հանդեպ աստվածային արբեցումով ազդարարեց. «Խմե՛ք, սա իմ արյունն է»: «Հայերի» հեղինակը երգեց նաև մեր ցավերը և սա՝ ոչ թե որպես բանաստեղծական քմայք, ոչ թե ի կատարումն մարդկային պարտքի և ոչ էլ իր փառքի լուսապսակին ավելի մեծ փայլ տալու ցանկությամբ: Ո՛չ, ո՛չ: Հանուն տառապող մարդու նա ընդունակ էր արհամարհել և արհամարհում էր անոգեշունչ դափնիներն ու գինին: Նա երգեց մեր տարագրությունը: Որովհետև մեր դարի վշտահարն էր և չէր կարող չերգել մինչ այդ աշխարհին անհայտ ամենավսեմ ու հերոսական տառապանքը: Նա, որ հասու եղավ «երկնքի տակ մարդկային ամբողջ ողբերգության սկզբին ու վերջին», չէր կարող չդառնալ այդ մեծ ողբերգության կենդանի արձագանքը, ողբերգություն, որ 19-րդ դարի ավարտին ապրեցին Հայաստանն ու նրա զավակները:

«Մարդու երգի» հեղինակը երգեց հայի ճակատագիրն այնպես, ինչպես «վերքն է արձագանքում վերքին», որովհետև նա այն ժողովրդի միս ու արյունից էր, որ քաջություն ունեցավ տանելու իր քաղաքականության խաչը: Եվ դա այն ժամանակ, երբ առաջին քրիստոնյայի հայրենիքից հասնում էր Քրիստոսի լացը. «Eli, eli, lama sabachtani!», այն ժամանակ, երբ աշխարհի աջն ու շուրթերը քարացել ու համրացել էին Հայաստանի մասին խոսելու կամ մի բարի գործ անելու խնդրի առաջ: Ինչպես Թովմա առաքյալից, աշխարհը դաժանորեն ձեռք քաշեց Հայաստանի վերքերից և մնաց անհաղորդ: Աստվա՜ծ իմ: Ի՜նչ փոքր են, ի՜նչ չնչին դիվանագիտության մեծանուն ներկայացուցիչները Յավորովի համեմատ. դիվանագետներ, որ հաճախ երկու խոսք չեն գտնում ի պաշտպանություն անիրավված ազգերի: Յավորովը հերոսություն ունեցավ սեփական ցավի մեջ ընդգրկելու մի ամբողջ ժողովրդի ցավը:  Նա երգեց հայերին, և նրա երգը թևածեց իր հայրենիքի ազգագրական սահմաններից դուրս՝ ողջ հայության երախտագիտությունը նվաճելու համար: Ի պաշտպանություն մեր ցեղի՝ նա կտար իր սուրը, եթե ռազմիկ լիներ. չէ՞ որ նրա կյանքում անբաժան էին «բանաստեղծի քնարն ու ռազմի ասպազենը»: Իսկ նա մեզ ծառայեց քնարով, որովհետև բանաստեղծ էր: Նա, առանց Հայաստանը տեսնելու, մեզ համար դարձավ այն, ինչ Բայրոնն էր Հելլադայի համար: Ահա թե ինչու, երբ 1912 թվին ռազմի շեփորը բալկանյան ժողովուրդներին կոչեց մեծ սխրանքի, իմ և Անդրանիկի կանչին հոգու արձագանքով ձայնեցին հայորդիները և բուլղարա-հայկական դրոշների ներքո առաջ շարժվեցին իրենց արյունը միախառնելու Բուլղարիայի զավակների ծորացող արյանը: Եվ Մաստանլըի, Ուզունի, Համիդլերի, Բալկանի, Թորեսիի, Մերհամլըի, Մերեֆթեի ու Շար Քյոյի ճակատամարտերում նրանք ընկան թուրքական գնդակից՝ հանուն Յավորովի հայրենիքի ու զոհվեցին՝ ժպիտը դեմքներին: Հայն իր արյունը կտա և վաղը, եթե բուլղարական հայրենիքը դրա կարիքն ունենա, քանզի երախտագիտությունը կա և կմնա մեր ցեղի հոգեբանության ամենացայտուն գիծը…

Երբ Արևելքում տապալվեն բռնակալության վերջին գահերը՝ սև թե կարմիր, երբ վաղը ազատության հրեշտակն այցի գա Արարատի սգավոր դաշտերին, անկախ Հայաստանի մայրաքաղաքում, սրի, գրչի ու խաչի հերոսների խորհրդանշական մարմարների կողքին կհառնի նաև Յավորովի հուշարձանը, և Արարատյան վսեմափայլ արևը ծագելիս ու մայր մտնելիս կհամբուրի և կոսկեզօծի մարդկայնության մեռոնով օծված նրա ճակատը:

«Եվ կգա օրը երկար սպասված»:

Այո՛: Այդ օրը կգա: Չի հապաղի, քանզի անխուսափելի է, ինչպես արշալույսը:

Իսկ մինչ այդ ես՝ երկու ժողովուրդների մարտիկս, մտովի համբուրում եմ երկու սրբազան աշխարհների՝ Բուլղարիայի և Հայաստանի մեծ վշտահարի քնարը:

 ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
(բուլղարերենից թարգմանեց Զավեն Բոյաջյանը)

 Բազալտե պատվանդանին կբարձրանաՅավորովը

 

Yavorovi ardzan

Կանցնի մի քանի օր, և բազալտե գեղեցիկ պատվանդանին կբարձրանա Պեյո Յավորովը: Երևանի 131 դպրոցի կյանքում դա մեծ իրադարձություն կլինի: Բայց ինչո՞ւ միայն դպրոցի կյանքում: Յավորովին սիրում է ամբողջ հայ ժողովուրդը: Արձանը կանգնեցվելուց հետո դպրոցը մի տեսակ ուխտատեղի կդառնա: Բուլղար ժողովրդի բանաստեղծին իրենց հարգանքը մատուցելու կգան հազարավոր մարդիկ:

—    Դուք Յավորովին վաղո՞ւց եք ճանաչում:
—     Վաղուց, — ասում է անվանի քանդակագործ, արձանի հեղինակ Գրիգոր Ահարոնյանը, — 1927 թվականին բուլղարական քնարերգությանը նվիրված մի երեկոյում դերասան Սոնա Չերչյանի կատարմամբ լսեցի Յավորովի «Հայերը» բանաստեղծությունը: Շատ հուզվեցի: Սկսեցի ուսումնասիրել գրողի կյանքը ու ավելի սիրեցի նրան: Պատկերացրեք 20 տարեկան մի պատանու՝ պաշտոնով լրագրող, կոչումով գրող: Նա ամբողջ օրը գաղթական հայերի հետ է: Նրանց հետ երգում է թախծոտ երգեր, նրանց հետ տխրում և ուրախանում է: Եվ մի գիշեր էլ ոգևորված թղթին է հանձնում իր անմահ «Հայերը» բանաստեղծությունը:

—        Իսկ դուք առաջին անգա՞մ եք քանդակում Յավորովին:

Քանդակագործը ժպտում է.

—        Այս հարցի մեջ եթե «առաջին» բառի տեղը փոխենք, լավ կլինի, որովհետև Յավորովին առաջին անգամ քանդակել եմ ես: 1928 թվականին Սոֆիայի Ազատության զբոսայգում կանգնեցվեց իմ կերտած արձանը, որի մարմարե պատվանդանին գրված է. «Երախտապարտ հայերից»: Հետագայում դրա պատճենով շատ արձաններ ձուլվեցին և դրվեցին Բուլղարիայի շատ ու շատ քաղաքներում:

—        Այս նոր արձանը ինչո՞վ է տարբերվում առաջինից:

—        Իմ առաջին քանդակում գրողի դեմքը ավելի շատ թախծոտ է և ինքնամփոփ: Այն ժամանակ ես այդպես էի պատկերացնում նրան: Դե՛, այն ժամանակ ես շատ էի ցնցված նրա ողբերգական մահով: Այս նոր արձանի մեջ ես աշխատել եմ պատկերել նրա բնավորության վերևում նշված գծերը: Բայց նախկին արձանի թախծոտ դեմքին ես խառնել եմ լուսավոր գծեր, որովհետև բանաստեղծի ստեղծագործություններում լուսավոր գծեր շատ կան

 Պիոներ կանչ»)

 Փոթորկահույզ բանաստեղծը
(Պեյո Յավորովի 100-ամյակի առթիվ)

Yavorov1

Երեկոն անմոռաց էր, հուզիչ: Մայրաքաղաքի Պեյո Յավորովի անվան դպրոցում էին հավաքվել հարյուրավոր աշակերտներ, շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Եկել էին նշելու բուլղարացի մեծ բանաստեղծ Պեյո Յավորովի ծննդյան 100-ամյակը:

1899 թվականին գրած իր «Հայեր» էլեգիայով Պեյո Յավորովը ընդմիշտ կապվեց հայ ժողովրդի հետ: Առերևույթ ինքնամփոփ, բայց զգայուն բանաստեղծը 1890-ական թվականներին, տեսնելով հայերի գաղթը և ապաստանելը Բուլղարիայում, հայկական մոտիվը ընկալեց, մարմնավորեց ու հնչեցրեց հայկականությամբ: Այսօր նրա անունը թրթռում է, և նրանք երգում են: «Արմենցի» նվագուն ձայնով արտասանում է 8-րդ դասարանցի Ծաղիկ Թեքելյանը: Խոսքը բուլղարերեն է, բայց և հասկանալի: Հուզիչ և սրտամոտ է Յավորովի հանրահայտ «Հայեր» բանաստեղծությունը բոլորի համար:Yavorov3

1965 թվականին՝ դպրոցի անվանակոչումից հետո, նրանց նամակները հասցեագրվեցին Բուլղարիայի Չիրպան, Պլովդիվ, Պլևեն քաղաքների՝ բանաստեղծի անունը կրող դպրոցների ու թանգարանների հասցեներով, սկսվեցին նրա կյանքի ու ստեղծագործության մանրամասն ուսումնասիրությունները, գրվեցին տասնյակ ռեֆերատներ: Նրանց շատ օգնեցին բուլղարացի բարեկամները:  «Երեխաների համար ոչինչ չենք խնայի, — գրեցին նրանք և ուղարկեցին բանաստեղծի ստեղծագործությունների բնագիր հրատարակություններ, զանազան լուսանկարներ ու փաստաթղթերի պատճեններ, բազմաթիվ հուշանվերներ, այդ թվում՝ Բուլղարիայի ազգային դրոշի ասեղնագործ նմուշը:Yavorov2

Տարբեր տարիներ դպրոց այցելած բուլղարացի հյուրերը բանաստեղծի կիսանդրուն ծաղիկներ դնելուց բացի նրանց նվիրեցին նաև գրքեր, Բուլղարիայի մասին պատմող նյութեր: Իսկ աշակերտները վահանակներ պատրաստեցին, ալբոմներ զարդարեցին, ստեղծեցին ցուցասրահը… Եվ ահա այսօր երգում են: Եղբայրական երգը թևածում է դահլիճում:

 Հայրենիքի ձայն»)

 Ծնվեց բարեկամության նոր ակումբ

 Նրանք եկել են Բուլղարիայից, ինչպես նաև Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից: Երիտասարդ ստեղծագործողներ են նրանք՝ գրողներ, երգիչներ, դերասաններ, նկարիչներ…

1

Եկել են իրար պատմելու արվեստի մասին ունեցած իրենց մտքերն ու ձգտումները, օգնելու միմյանց՝ ստեղծելու մեր ժամանակն արտացոլող լավագույն գործեր: Եկել են արվեստի ճանապարհով ավելի ամուր դարձնելու մեր ժողովուրդների բարեկամությունը: Այսպես ծնվեց բարեկամության նոր ակումբը, որը դարձավ Երևանի №131 դպրոցի և Բուլղարիայից ժամանող պատվիրակությունների միջև բանուկ կամուրջ:

Պիոներ կանչ»)

Գոյություն ունի առավել հազվագյուտ, առավել նուրբ, առավել արտասովոր մի բան, քան շնորհալիությունը: Դա ուրիշների շնորհալիությունը ճանաչելու ընդունակությունն է:

Էլբերթ Հաբարդ

Ակտիվ ու առողջ բաբախում էր դպրոցի զարկերակը: Ուսման նկատմամբ բացառիկ պահանջկոտություն, խորհրդային մարդու բարոյական նկարագրի հետևողական կայացում, առհասարակ ինտելեկտուալ ու զարգացած անհատի համակողմանի ձևավորում:

2

Ի պատիվ ժամանակի մամուլի՝ պիտի փաստենք, որ դպրոցական անցուդարձը անընդհատ տեսադաշտում էր և հնարավորինս լուսաբանված: «Սովետական դպրոց», «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան», «Երևան», «Հայրենիքի ձայն», «Ավանգարդ», «Կոմսոմոլեց», «Պիոներ կանչ», «Պիոներսկայա պրավդա», «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ», «Սովետական Վրաստան» հեղինակավոր թերթերում կրթօջախը երևում է ինչպես ափի մեջ:

Իսկ բուհական թերթերի («Երևանի համալսարան», «Մանկավարժ», «Գյուղատնտես», «Ապագա բժիշկ») էջերում յավորովցիների մասին գրված նյութերը փաստում են, որ նախ՝ յավորովցին վստահ քայլում է կյանքի ճանապարհով, և երկրորդ՝ դպրոցը շարունակում է ուշիուշով հետևել իր սանի ընթացքին, ապրել նրա նպատակներով ու հաջողությամբ:

 *    *    *

3Առհասարակ, այս դպրոցի նախկին և ներկա շրջափուլերի կայացման ամենակարևոր գրավականը ամուր կապն է սերնդափոխության երկար շղթայում, տան ու տիրոջ ազնիվ ու արժանապատիվ հարաբերությունը,այն պատասխանատվությունը, որը կրում է յավորովցին իր անվան ու ժառանգության համար:

Այս ամենին եթե հավելենք նաև մարդուն մարդ դարձնող ու պահող հիշողությունը, երախտիքը, վաստակը տեսնելու ու գնահատելու կամքն ու կարողությունը, երևի թե կտանք դպրոցի հաջողության բանալին: