Իբրև սկիզբ

Բարև, բարեկա՛մ

 Այստեղից սկսվում է իմ և քո ընկերությունը՝ նախ որպես ճանապարհի, որը ընթացքում, հուսով եմ, կվերաճի բարեկամության:

Իմ կյանքի ճանապարհը իմ երկրի ու ժողովրդի պատմության ոլոր-մոլոր ուղիներին խաչվել է հինգ տասնամյակ առաջ: Մեծ պատմության համար գուցե ընդամենը 50 տարի, բայց որպես կայացած կենսագրություն պատկառելի թիվ է, ապրածի ու արածի հսկայական պաշար, իրար վրա ծալվող տարիների հուշ ու հիշողություն: Ինձ հետ մարդիկ են ապրել, որ, ավա՜ղ, այսօր չկան, սերունդների անթիվ քարավաններ են հերթագայել, բերել իրենց հետ իրենց ժամանակի պատմությունն ու շունչը, իրենց խնդիրներն ու նպատակները, իրենց հոգսերն ու երազները: Ես ականատեսն եմ այս ամենի, վկան ու կենսագիրը:

Սիրելի՛ ընթերցող, եթե դու ևս իմ շառավիղն ես, ուրեմն ե՛կ միասին ոչ միայն հիշենք, այլև վերապրենք մեր կյանքի լավագույն կեսը, հուշագրության ու հուշամատյանի էջերը թերթենք այն ազնիվ երկյուղածությամբ, որ հատուկ է երկար ժամանակ չհանդիպած հարազատներին: Եկե՛ք շրջենք ու լռենք այն լիքը լռությամբ, որ ավելի շատ խոսք ունի, քան բարձրաձայն ասվածը:

Ուրեմն՝ բարի երթ…

Իսկ եթե դու նոր ես շփվում ու ծանոթանում ինձ հետ, ես դեռ քեզ համար հայտնություն եմ, ուրեմն՝ բարի գալուստ: Ես քեզ խոստանում եմ հաճելի ու հագեցած ճամփորդություն, հետաքրքիր ու կարևոր հանգրվաններ, տարողունակ ու բովանդակալից երկխոսություն ինձ հետ առնչվող ամեն ինչի մասին: